mariam tonoyan

Արտաշունչ

Երեկոյի բույրն արդեն սփռվել էր ամենուր․ տոթը հետ էր քաշվել՝ տեղը զիջելով բարդիների սոսափի ներքո պարող տաք, ամառային քամուն։ Չորությունից բակի մի կտոր հողը ճաքճքել էր, ու չորացած խոտերի մեջ ուտելիք փնտրող կրիայի թափառումներն արդեն իզուր էին։ Խոհանոցից անշտապ գալով, կտրտած, կանաչ պղպեղը ձեռքերումս՝ բակ անցա, մոտեցա կրիային ու ավելորդ հանդիսավորությամբ այն շաղ տվի կենդանու առջև․

- Երկնքից մանանա իջնում է։ Գոնե դու հավատա։

Ապա տիրաբար կողպեցի դարպասը նրա վրա ու, թողնելով իր եզրավոր անսահմանության մեջ, դուրս եկա ու քայլեցի մոտակա հիվանդանոցի ուղղությամբ։

Արևի վայրէջքով պայմանավորված՝ փողոցներն այդ ժամերին մարդաշատ էին լինում։ Ամեն անցորդ իր բույրն ու ոտնահետքն էր թողնում փողոցում ու անցնում-գնում էր՝ անընդհատ թարմացնելով անծանոթ դեմքերն իմ հիշողության մեջ։ Այդ շարժի մեջ ու ամեն ինչի ցնդող ներկայությունում ամենամնայունը թերևս երկու տարեց հարևաններս էին, որոնց հանդիպում էի ամեն անգամ փողոցի այդ հատվածին հասնելիս։ Մեկը միշտ նստած էր կանգառում իր համար պատրաստված ստվարաթղթապատ, կարճլիկ պատի ծայրին, մյուսն էլ ամեն օր վերուվար էր քայլում փողոցի երկայնքով, որպեսզի պահպանի իր դեռևս շարժուն մկանները։ «Տարիքն ընկալելու երկու տարբեր օրինակներ են,- մտածում եմ,- մեկը՝ շատ անգամներ մահն աչք առած, դեռևս շարժման ու կյանքի է ծարավ, մյուսը՝ մշտապես լուռ ու գլխիկոր է, արհամարհանքով լցված դեպի առջևում խլրտացող ավտոմեքենաների հոսքը․ որոշել է, որ արդեն տարիքն առած մարդ է ու հոդացավեր է ներշնչել իրեն»։

Ակամա հիշեցի վերջերս աշխատավայրում գերմանացի հաճախորդի հետ ունեցած հեռախոսազրույցս։ Երբ նկատեցի, որ նա գրանցվել է ներդրումներ անելու համար, նա խոսափողից այն կողմ ծանր հոգոց արձակեց ու անտարբերությամբ պատասխանեց․

-Հիմա ես հիվանդանոցում եմ, մեկ է՝ վաղը մեռնելու եմ։ Ինչի՞ս է պետք․․․

… Հիվանդասենյակի հեղձուցիչ օդից ու բժշկական իրերի հոտից ազատվելու համար բուժքրոջը խնդրեցի կիսաբաց անել պատուհանը։ Նա, ում պետք է խնամեի, վերջապես կարողացավ քնել։ Միջանցքից լսվող հողաթափերի քստքստոցները հուշում էին, որ ինչ-որ մեկն ապաքինվում է, բայց սենյակի երկրորդ հիվանդը, որը վիրահատությունից հետո նոր էր պալատ տեղափոխվել ու դեռ ծանր էր շնչում, բոլորովին այլ բան էր քրթմնջում.

-Էս հիվանդանոցի ծառայությունները փաթեթով են։ Երեկ վերակենդանացման բաժնում էի, կարող էի և պալատ չհասնել։ Բայց դա էլ չի փրկում։ Էստեղ ընկնողը պետք է փաթեթից օգտվի։

Չէի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Գուցե հետվիրահատական հուզմունք էր։ Բայց մարդն ամեն անգամ բուժքույրի հեռանալուց հետո համառորեն իրենն էր պնդում.

- Ամեն ինչ արված է, որ մարդիկ շատ ժամանակ ու նյարդեր չծախսեն։ Լավ են մտածել, հիվանդին էլ անհանգստանալու տեղ չեն թողել։ Վիրահատարանը կա, հիվանդասենյակը՝ լավագույն դեպքում, անատոմիկը՝ կպած, սգո սրահը՝ երկու քայլի վրա, իսկ վերջին կանգառդ՝ մայթի մյուս կողմում։

Անտարբերությունիցս ասես զայրանալով՝ մարդը խոժոռվեց ու խնդրեց ավելի լայն բաց անել պատուհանը։ Անձրևում էր։ Բացելուց հետո, շերտավարագույրն ուղղելիս անձևի երկու տաք կաթիլ, քամու ձեռքից դուրս պրծած, պոկվեցին, ընկան մատներիս ու բացվածքից ավելի շուտ թաց ասֆալտի հոտը ներս լցվեց, քան անձրևի հեռավոր թարմության։ Փողոցի լույսերը թրթռալով մեկը մյուսի հետևից սկսեցին վառվել։ Գորշ լուսավորության ներքո, թթենիների ու ծիրանենիների սաղարթների միջով տեսողությունս ճամփի մյուս կողմում որսաց թրջված ու պսպղուն գերեզմանաքարերը ու դրանցից մեկի վրա (որը հակառակ մնացած գերեզմանաքարերի՝ դեմքով դեպի պատուհանն էր նայում) փորագրված տիկնոջ կծկված ժպիտը։

Մի պահ թվացող երկար դադարից ու ոչնչի մասին լուռ մտքերիցս հետո զգացի, որ  հիվանդի շունչը կտրվում է։ Դուրս վազեցի հերթապահ բժշկին կանչելու։

Նման դեպքերում, երբ ոչ աղոթել ես կարողանում, ոչ մտածել կամ օգնել ու հույսդ  հիվանդին իրենց հսկողության տակ առած բժիշկներն են, դու պարզապես քայլում ես նեղլիկ ու երկար միջանցքով, հենվում ես իրարից միայն համարակալումով տարբերվող մեկ այս դռանը, մեկ մյուսին կամ փորձում ես շշուկներ որսալ, որպեսզի մտածելու ինչ-որ այլ, ավելի թեթև բան գտնես։ Ահա կողքովս անցնում են երեք հոգի. մեկը՝ անվասայլակին նստած թմբլիկ, գունատ աղջնակ, մյուս երկուսը՝ հավանաբար նրա կրտսեր քույրը և նրանց մայրը։ Փորձում եմ հասկանալ, թե ինչ են խոսում.

-Շա՞տ է ցավում,- հարցնում է ամենափոքրը։

Գլխի թեթևակի շարժմամբ քրոջ պատասխանը կռահելով՝ նա նորից հարցնում է.

-Իսկ մաման էդ ցավին կդիմանա՞ր։

…Հիվանդասենյակի դուռը բացվեց, շրջվեցի, բժիշկները ինչ-որ բան քննարկելով հանգիստ քայլեցին միջանցքի հակառակ ուղղությամբ։ Միայն այդ ակնթարթին զգացի, որ կրծքավանդակումս ինչ-որ պահի բանտարկցած օդը հանկարծ դուրս հորդալ է ուզում. արտաշնչեցի։