Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Արևմտյան հարևանը

Երբ պարզ դարձավ, որ գնում ենք Թուրքիա, սկզբում այդքան էլ ոգևորված չէի (դե, էլ չբացատրեմ` ինչու): Սրան հաջորդեց հարազատներիս, ծանոթներիս երկու «ճամբարի» բաժանվելը. առաջինը` «Ի՞նչ Թուրքիա, նուրիշ երկիր չկա՞ր», ու երկրորդը` «Թույն ա, գիտե՞ս ինչքան բան կա տեսնելու»: Հա, ու հաճախ նաև քրոջս հետ տալիս էինք համեմատաբար չեզոք պատասխան` «Գնում ենք Արևմտյան Հայաստան (իրականում` Ստամբուլ)»:

Այսպիսով Թբիլիսիից (դե, մեր «Զվարթնոցը» մեղմ ասած, հարմար գներ չի առաջարկում) ուղևորվեցինք Ստամբուլ: Երկու ժամ անց երևաց երեք կայսրությունների մայրաքաղաքը: Հենց իջանք ինքնաթիռից, մեզ հետ բոլորը խոսակցությունը սկսում էին թուրքերենով: Էսպես տասնյակ անգամ մեկ շաբաթվա ընթացքում, ու երբ շարունակում էինք անգլերենով, զարմացած նայում էին մեզ: Նստեցինք ավտոբուս ու դեպի կենտրոն: Ի դեպ, Ստամբուլի երթևեկությունը մի դաժան երևույթ է:

Մեր վարձակալած բնկարանը չկարողանալով գտնել` որոշեցինք տաքսի վերցնել: Բայց երբ վարորդը իմացավ հասցեն, պարզապես խորհուրդ տվեց ոտքով գնալ` մոտիկ էր: Իսկ նույնը պատկերացնենք հայաստանյան տաքսիստների պարագայում, եսիմ է…

Երեկոյան որոշեցինք դուրս գալ քայլելու: Ու հանկարծ նկատեցինք նույն տաքսիստին: Անմիջապես մեզ ճանաչեց, մոտեցավ ու խորհուրդ տվեց զգույշ լինել, Ստամբուլը մեծ քաղաք է: Սրան գումարվեցին ամենուր երևացող թուրքական դրոշները, մզկիթներից բարձր հնչող աղոթքները: Իրոք որ մշակութային շոկ էր: Երկուսիս համար էլ առաջին մուսուլմանական երկիրն էր: Իսկ առավոտյան հինգին քեզ շատ մոտ գտնվող մզկիթից եկող աղոթքի ձայնից վեր թռնելը թողնեմ առանց մեկնաբանության:

Սակայն ինչպես ասում են` առաջին տպավորությունը կեղծ է: Առաջին օրը շրջեցինք քաղաքի կենտրոնում, իսկ օրը ավարտեցինք թուրքական բաղնիքով` համամով: Հաջորդ օրը պատահական որոշեցինք միանալ անվճար տուրին: Եվ հենց էքսկուրսավարը իմացավ, որ մենք հայ ենք, որոշեց այն ավարտել հայկական թաղամասում: Քայլում էինք ու անընդհատ հանդիպում շինությունների, որոնք հայերն են կառուցել: Դե, պատկերացրեք մեր հպարտ հայացքները: Չգիտեմ` քույրս նույն հպարտ հայացքո՞վ էր, երբ սրճարանի աստիճաններից իջնելիս ոտքը ոլորեց (իսկ հետո պարզվեց, որ կոտրվածք է): Սրճարանը քրդերին էր պատկանում, ու երբ իմացան, որ հայ ենք, միանգամից փոխեցին իրենց վերաբերմունքը, հանկարծ վատ բան չմտածեք: Տնօրենի եղբայրը` Մեդենին, իր մեքենայով մեզ հասցրեց հիվանդանոց, մեզ հետ մնաց մոտ վեց ժամ: Մեդենին նոր էր սկսել անգլերեն սովորել, ու պատկերացրեք` ինչպես էինք շփվում իրար հետ: Բոլորը մեզ էին նայում, մենք իրեն անգլերեն էինք սովորեցնում, նա մեզ սկզբում` թուրքերեն, իսկ հետո նաև` քրդերեն: Ու էստեղից սկսեց իմ` Ստամբուլում միայնակ քայլելու, հայկական հետքեր գտնելու ու նոր ծանոթություններ հաստատելու «սովորությունը»: Եղա հինգ հայկական եկեղեցիներում, հինգ մզկիթում, ծանոթացա կորեացի ուսանողուհու հետ, ով «Արսենալի» ու մեր Հենոյի երկրպագուն էր, հայկական եկեղեցում հանդիպեցի Ստամբուլի Լեզվաբանական Համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի դեկանին: Չհասկացա` ինչպես շաբաթը անցավ, բայց մի բանում կրկին համոզվեցի` շփվելով, միայն շփվելով մարդկանց հետ կարող ես ճանաչել երկիրը: Ուրիշ հարց է, որ քաղաքականությունը միշտ էլ համը հանում է…