anahit baghshetsyan

Բայց դու ի՛նչ հայաստանցի ես

2020-ը պիտի լիներ իմ կյանքի լավագույն տարին, քանի որ ես հայ եմ ու հավատում եմ «գոլդ» թվերի անժխտելի զորությանը: Բայց տարվա առաջին երկու ամիսները մեծ հարցական նշան դրեցին նախորդ նախադասությանս վրա: Այսինքն, չեմ կասկածում, որ հայ եմ, որովհետև մեր տանը հայելի կա, ու ես իմ քիթը տեսել եմ, բայց «գոլդ» թվերի զորությանը արդեն չեմ հավատում:

Առհասարակ հայերը հավատում են շատ տարօրինակ երևույթների ու իրերի զորությանը: Օրինակ` մի քանի օր առաջ ընկերներիս հետ ընթրում էինք տիպիկ ամերիկյան «բուրգերանոցում»: Երբ միանգամյա օգտագործման պատառաքաղն ընկավ, ասացի, որ շուտով մարդ է գալու: Ընկերներիցս մեկը ասաց․

-Բաբամ, բայց դու ի՛նչ հայաստանցի ես:

Իսկ ես, հավատալով բոլոր հայկական ուժերին, մոգերին ու հեթանոսական աստվածներին, որոշեցի սպասել՝ հավատալով, որ ինչ-որ մեկը ներս կմտնի: Բայց երևի թե մեր պատառաքաղները ավելի զորեղ են, քան ամերիկյան մեկանգամյա օգտագործման ենթակաները: Մեր սպասելը ապարդյուն էր ու անօգուտ:

-Ասացի, չէ՞, լրիվ հայաստանցի ա:

-Բայց ասա, որ էդպես շատ ավելի լավ ա,- Էմիլիի կյանքը մենակ էդպես եմ կարողանում ուտել` հավաստելով, որ հայաստանցիները բոլորից լավն են:

-Ո՛ւֆ, բաբամ, վերջացրու,- ինքը բարկացավ, իսկ մենք ծիծաղեցինք:

Բացի պատառաքաղների ու հյուրերի անուղղակի կապից, մենք` հայերս, վստահ ենք, որ ոչ մի տոն չի կարելի կանխավ շնորհավորել: Ու ես՝ որպես հայկական ավանդույթների պաշտպան ու պահապան Հայաստանի սահմաններից դուրս, հավատարիմ եմ մնացել այս ավանդույթին, որի ծագումն անգամ չգիտեմ: Երբ փետրվարի 14-ին բոլորը շնորհավորում էին Նիկի ծնունդը, որը երկու օր հետո էր լինելու, ես չշնորհավորեցի: Ընկերներս, իհարկե, զարմացած էին, բայց ավանդույթին ծանոթանալուց հետո զարմանքը ավելի շատացավ:

-Այսինքն, ավելի լավ է ուշ շնորհավորեք, քան շո՞ւտ: Բայց էդպես էլ ո՞ւմ է պետք: Համ էլ մի նախադասությունը ի՞նչ պիտի փոխի նրա կյանքում: Հա, բայց ինքը հայ չի, իրե՞ն էլ ես ուշ շնորհավորելու:

-Նիկ, մի նեղացիր, բայց ես երկուշաբթի կշնորհավորեմ, հա՞:

-Հա, բա ոնց: Չեմ նեղանում: Բայց շա՜տ հայաստանցի ես:

Կարճ ասած՝ կյանքը ցույց է տալիս, որ կոտրված հայելին ոչ միշտ է դժբախտություն բերում, բաց աստիճանի տակով անցնելը երբեմն կարող է ոչինչ էլ չնշանակել, աղբը կարելի է երեկոյան թափել Հայաստանի սահմաններից դուրս: Բայց ես՝ որպես կյանքին մարտահրավեր նետող կենսուրախ հայուհի, աշխատում եմ բոլոր ուղղություններով, որպեսզի հայկական ավանդույթներն ու սովորությունները ապրեն նաև հայկական սահմաններից դուրս: Վիճում եմ ընկերներիս հետ, պատմում եմ բոլորին հայկական հինավուրց առասպելներն ու լեգենդները, ու ամենակարևորը՝ ինքս չեմ դադարում հավատալ դրանց զորությանը ու լինել ամենահայաստանցին:

Մենակ էս «գոլդ» համարներն են, որ մտածելու տեղիք են տալիս: «Գոլդ» համարանիշերով մեքենաները միշտ վթարների մեջ են ընկնում: «Գոլդ» հեռախոսահամարները միշտ անհասանելի են: Փաստորեն, «գոլդ» տարիներն էլ կարող են անհաջողակ լինել: «Գոլդ» թվերի համար էլ դեսպան չեմ լինելու: