ella mnacakanyan yerevan

Բան չմնաց…

Վերջին շրջանում զարթուցիչի ձայնն իմ ականջներում ամենաանտանելին ու ատելին է դարձել: Ընդհանրապես, ձայների տեսանկյունից ես միշտ տանել չեմ կարողացել շների շարունակական հաչոցն ու ծանր ռոքը, բայց հիմա, անկեղծ եմ ասում, պատրաստ եմ յուրաքանչյուր օրվաս մի քանի րոպեն անցկացնել դրանք լսելով, քան առավոտ շուտ զարթուցիչիս ձայնից արթնանալով:

Ամեն ինչ ավելի վատ դարձավ այսօր, երբ, ի հակառակ սովորությանս, արթնացա զարթուցիչիս առաջին հնչյունների հետ ու միանգամից բաց արեցի աչքերս: Անկեղծ ասած՝ այդքան շուտ բաց արեցի աչքերս, որովհետև ինձ թվում էր, թե նոր-նոր եմ աչք կպցրել ու լիովին համոզված էի, որ ինչ-որ սխալմունք կա, ժամը 3-ը կամ 4-ն է, և դեռ մի քանի ժամ էլ ունեմ քնելու: Հայացքս գցեցի պատուհանին. դեռ մութ էր, ամբողջական, գիշերային մութ, ոչ թե աղջամուղջոտ մի բան: Համոզվեցի մտածածումս, բայց ապահովության համար նայեցի հեռախոսիս էկրանին: Ժամը 7:10 էր: Ճիշտ այն ժամը, որի վրա երեկ (չէ, ավելի ճիշտ այսօր, օրն արդեն վաղուց փոխվել էր, երբ պառկեցի) քնելուց առաջ դրել էի զարթուցիչս: Իսկ այն դեռ զնգում էր ու զնգում: Հիասթափված անջատեցի: Գիտե՞ք՝ երբեմն ինձ թվում է՝ լավ է, որ հեռախոսս եմ օգտագործում զարթուցիչի փոխարեն, հակառակ դեպքում, էնպես ուժեղ ու բարկացած կսեղմեի անջատելիս, որ հաստատ կկոտրվեր: Դե՜, հեռախոսս գոնե ափսոսում եմ՝ թեկուզ վաղ առավոտյան՝ աշխարհի ամենաանտանելի ձայնը լսելիս: Մի խոսքով, այսօր հասկացա, որ սկսվեցին այն օրերը, որ քնում եմ, երբ արդեն մութ է ու արթնանում, երբ դեռ մութ է: Այս օրերի անձրևոտ ու մառախլապատ եղանակն էլ մի կողմից է ամեն ինչ ավելի մռայլ դարձնում՝ առավոտյան արթնանալը դարձնելով բարդագույն երևույթ, որի համար, թվում է, վերերկրային ճիգեր պիտի գործադրես ամեն օր: Միակ հուսադրող բանն այն է, որ օրերի կարճանալու այս տհաճ պրոցեսը ավարտվելու է դեկտեմբերի 22-ին: Բան չմնաց…