Բարի մարդկանց քաղաքը

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Երեք ամսվա դադարից հետո ես նորից գրում եմ։ Երեք ամի՜ս… Բավական երկար ժամանակահատված է, այնպես չէ՞(համենայն դեպս ինձ համար)։ Երևի դուք կմտածեք, թե ես ինչո՞վ եմ զբաղված եղել այսքան ժամանակ, որ չեմ կարողացել գոնե մեկ նյութ կամ նկար ուղարկել։  Գուցե նրանք, ովքեր կարդացած լինեն վերջին հոդվածս, գտնեն այս հարցի պատասխանը, իսկ ովքեր ՝ոչ , ես կպատմեմ նրանց։

Այս երեք ամսվա ընթացքում ես դասերից զատ զբաղված էի մեր նոր տան շինարարական գործերով։ Ճիշտ է, չեմ արել այնպիսի գործեր, ինչպիսիք են, օրինակ՝ ավազ կրելը կամ սվաղ անելը, բայց մայրիկիս հաստատ օգնել եմ տունը հավաքելու և կերակուր պատրաստելու գործում, մի խոսքով։ Ասեմ, որ շատ բան է փոխվել այս երեք ամսվա քրտնաջան աշխատանքից հետո։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Ի դեպ, հոդվածումս նշել էի, որ հետագայում էլի կգրեմ մեր գործերի մասին, սակայն այս անգամ կցանկանամ ավելի շատ խոսել մարդկային ջերմ ու մաքուր հարաբերությունների մասին, որոնք մեր ժամանակներում կարծես թե վերացել են։ Այժմ մարդիկ սեփական շահի ու օգուտի սահմաններից այն կողմ կյանք չեն տեսնում, մինչդեռ  նրանք իրենց հաջողություններին հասել են ուրիշների օգնությամբ: Հիմա քիչ են այն մարդիկ, ովքեր կարող են դիմացինին անշահախնդրորեն օգնել ու ոչինչ չակընկալել օգնության դիմաց։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Երբ նոր էինք ձեռնարկել այս գործը, լ հայրս ու մանավանդ մայրս, շատ էին անհանգստանում, որ կարող է  մենք չկարողանանք կամ չհասցնենք գործն ավարտին հասցնել: Բայց արի ու տես, որ կարողանում ենք ու հաստատ կկարողանանք շնորհիվ մեր հարազատների, բարեկամների, ընկերների ու մեզ օգնողների։ Վերջիններիս թվին են պատկանում  քեռի Սմբատը, ով Ռուսաստանի Դաշնությունից է եկել, հորս մորաքրոջ ամուսինը՝ Վահագնը, իր որդիների ՝ Վարդանի, Վահրամի ու Վահեի հետ, եղբայրս՝ Վիգենը, իր բազմաթիվ ընկերների հետ, մորաքրոջս ամուսինը՝ Հարությունը, մորեղբայրս ՝ Անդրանիկը, հորեղբայր Վահագնը իր որդու՝ Տիգրանի հետ, մորս հորեղբայր՝ Սամվելը, հորս հորեղբոր որդին՝ Արմանը,  մորս բարեկամ ՝ Վլադիմիրը և շատ ու շատ բարեկամ ու ընկեր, հարևան։

Հիմա մենք ավելի ոգևորված ենք մեր գործով, որը իրականում շատ խորը իմաստ ունի, քանի որ հիմա բոլորը վատ սոցիալական պայմաներից դրդված ՝ ստիպված թողնում են սեփական տունն ու հայրենիքը և հեռանում օտար երկրներ, ժամանակի ընթացքում իրենք էլ օտարանալով: Մինչդեռ մենք տուն ենք կառուցում մեր իսկ հարազատ հայրենիքում, որտեղ ոչ ոք ու ոչ մի բան մեզ չի խանգարի ապրել ազատ ու անկախ։

Տեսնելով, թե ինչպես է մեր տունը օր-օրի  փոխվում, գեղեցկանում՝ մտածում ենք, որ  արդեն այդտեղ ենք ապրելու, որ վերջապես այսքան տարի հետո կունենանք ամուր տանիք ու անսասան հիմք,  չենք հավատում մեր իսկ աչքերին:

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Այս ամենի համար շնորհակալություն ենք հայտնում Վիվասելի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին ու «Ֆուլեր» տնաշինական ընկերության տնօրեն Աշոտ Եղիազարյանին, աշխատակից քեռի Ջիվանին, որոնց պատրաստակամությունը` օգնելու, նպաստելու մեր գործին, մեր մեջ հույս արթնացրին, թև տվեցին, որպեսզի մենք ձեռնամուխ լինենք տունը կառուցելու աշխատանքին: Հակառակ դեպքում այդ բարի գործը չէր կատարվի։

Եվ վերջում կցանկանամ, որ բոլոր վատ վիճակում գտնվող մարդկանց կողքին միշտ հայտնվեն նրանք, ովքեր կկարողանան նրանց հույս տալ, օգնել և ստիպել հավատալ ապագային։