Բարձրացիր, բարձրացրու

«Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակ, ապա միևնույն է, թե որքան է նրա երկարությունը» 

Հարցազրույց Էջմիածնի «Սսի Կիլիկիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստուհի և թիմի ավագ Աննա Գրիգորյանի հետ:

Լուսանկարը` Կարմեն Հակոբյանի

Լուսանկարը` Կարմեն Հակոբյանի

-Աննա, ի՞նչը քեզ ոգևորեց, որպեսզի ծնողներիդ ասես. «Մամ, պապ, ուզում եմ գնալ ֆուտբոլի»:

-Դեռ շատ վաղ տարիքից դրսում էի խաղում, տղաների հետ: Հետո դպրոցում բացվեց ֆան ֆուտբոլ, իհարկե, առաջիններից էի, ով հաճախեց մարզումներին: Դա դեռ ֆուտբոլ չէր, պարզապես աղջիկների պարապմունքներ, ֆուտբոլային վարժություններ…

Ցավոք այն երկար չտևեց, ընդամենը մի քանի ամիս: Այդ պարապմունքները ստիպեցին էլ ավելի սիրել ֆուտբոլը: Միշտ ցանկանում էի խաղալ ֆուտբոլ, այնպես, ինչպես տեսնում ենք TV-ով` աշխարհի մասշտաբով խաղեր, հայտնի թիմեր, ֆուտբոլիստներ, բայց չգիտեի, որ Հայաստանում կա աղջիկների թիմ: Իսկ երբ իմացա, ոչինչ չէր կարող ինձ կանգնեցնել, որպեսզի դառնամ այդ ֆուտբոլիստուհիներից մեկը:

-Ո՞ր տարիքում հասկացար, որ ֆուտբոլի մեջ ես տեսնում քո ապագան և ցանկանում ես մարզվել:

- 5-րդ դասարան էի, երբ դպրոցում սկսվեց խմբակը:

-Ինչպե՞ս ընդունեցին ծնողներդ այդ ցանկությունդ, արդյո՞ք դժվար չէր նրանց համար այն փաստը, որ իրենց դուստրը իր ապագան ցանկանում է կերտել ֆուտբոլային դաշտում:

-Իհարկե, տարաձայնություններ եղան: Ոչ մի կերպ չէին ընդունում ու, կարելի է ասել, մինչ օրս էլ լիովին չեն համակերպվել: Սակայն երբ ինչ-որ բան ցանկանում ես ամբողջ սրտով, դու անպայման կհասնես դրան՝ կգտնես բազում ելքեր համոզելու, թույլտվություն ստանալու, ինչպես իմ դեպքում:
Բայց ժամանակի ընթացքում նրանք էլ են արդեն համակերպվում` հասկանալով ֆուտբոլի դերն իմ կյանքում:

-Ե՞րբ առաջին անգամ այցելեցիր մարզումների, ինչպիսի՞ն էին զգացողություններդ:

-2012 թվականին առաջին անգամ տեղի ունեցավ աղջիկների ֆուտբոլի միջդպրոցական  առաջնություն: Այդ խաղերից ընտրվեցին լավագույն խաղացողները և կազմվեց թիմը: 2012 ի հոկտեմբերին արդեն սկսվեցին մարզումները: Ի դեպ, այդ խաղերին մեր դպրոցի թիմը ճանաչվեց չեմպիոն:
Ես իհարկե, ոգևորված էի և ամբողջովին ինձ նվիրել էի մարզմանը: Ես վայելում էի ամեն մի ակնթարթը, իսկ այդ ժամանակ անգամ մոռացել էի մայրիկի խոսքերը, որոնք ասաց տանից դուրս գալուց առաջ. «Եթե գնում ես, շորերդ էլ վերցրու, հետ չգաս…»: Հասկանում էի, որ դրանք այդքան լուրջ չէին, սակայն տուն վերադառնալիս մեջս վախ կար:

-Ո՞րն է եղել առաջին լուրջ մրցապայքարը: Ի՞նչ էիր զգում խաղից առաջ, արդյո՞ք ցանկանում էիր ծնողներիդ ապացուցել, որ քո ապագան ֆուտբոլային դաշտում է:

-Առաջին անգամ մասնակցեցինք Հայաստանի կանանց ֆուտբոլի ձմեռային առաջնությանը հենց 2012-ի դեկտեմբերին:

Խաղից առաջ բոլորս էլ լարված էինք: Այդ ժամանակ ընդամենը կար գործող 4 թիմ, որոնք մեզանից զգալիորեն ավելի ուժեղ էին: Ամեն դեպքում, բացի լարվածությունը, անչափ ուրախ էինք և ոգևորված, իսկ ես ցանկանում էի շատ գոլեր խփել, որ գամ տուն և հայտարարեմ այդ մասին ու առաջին գոլերս էլ նվիրեմ հենց ընտանիքիս անդամներին:

-Իսկ նվերը ստացվե՞ց:

-Այդ օրը մրցույթում պարտվեցինք, սակայն ինձ հաջողվեց 2 անգամ գրավել հակառակորդի դարպասը: Եկա տուն. «Մամ, պապ, էսօրվա գոլերը ձեզ եմ նվիրում, հաջորդ խաղինը ապերին եմ նվիրելու: Դե կտեսնեք` թիմի ավագ էլ եմ դառնալու, մամ…»: Իսկ այսօր արդեն թիմի ավագն եմ:

-Աղջիկների քանի՞ թիմ կա այսօր Հայաստանում:

-Այժմ Հայաստանում աղջիկների թիմերի թիվը կազմում է 13:

-Ի՞նչ հաջողություններ ես ունեցել ֆուտբոլային ասպարեզում:

-Առաջին մրցանակս եղել է միջդպրոցական խաղերի հաղթանակը, որտեղ նաև ճանաչվել եմ լավագույն ֆուտբոլիստուհի և ստացել հատուկ փոքր գավաթ… Այդ մրցաշարից հետո եկա տուն, սակայն ինձ պատել էր յուրահատուկ հպարտությունը: Մտա տուն ու առաջինը վազեցի հայրիկի մոտ. «Պապ, տեսա՞ր, որ ասում էի` գնամ: Աղջիկդ լավագույն ֆուտբոլիստուհի ա ճանաչվել… Պիտի հպարտանաս…»:

Հետո արդեն 2015-ին թիմով ճանաչվեցինք չեմպիոն` Հայաստանի կանանց առաջնության  Բ ենթախմբում և մեր թիմի մասին թերթում տպագրվեց հոդված, որը մեզ շատ ոգևորեց:

-Ունե՞ս ֆուտբոլային կուռք, ով ստիպեց սիրել ֆուտբոլը, և այսօր փորձո՞ւմ ես խաղալ նրա ոճով:

-Ֆուտբոլի արքան ինձ համար կա և կմնա Լեո Մեսսին: Կցանկանայի խաղալ նրա նման, բայց դա անհնար է: Նա ուղղակի հրաշքներ է գործում:

-Աշխարհահռչակ ո՞ր ֆուտբոլային ակումբում կցանկանայիր խաղալ:

-Միանշանակ, Բարսելոնա:

-Երբևէ եղե՞լ է, որ փորձեն հարաբերություններ սկսել քեզ հետ, սակայն իմանալով ֆուտբոլային նախասիրությունդ, հիասթափվեն:

-Նման մարդիկ հիմնականում նախօրոք, մինչև որևէ քայլ ձեռնարկելն են իմանում այդ մասին: Իսկ եթե ավելի գլոբալ կերպով նայենք, ապա իմ պարագայում սա շատերի համար շարժառիթ է եղել որևէ բան սկսելու:

-Հանուն անձնական կյանքի կթողների՞ր ֆուտբոլը:

-Ոչ: Այժմ ֆուտբոլն իմ կյանքն է, ու ես հասկանում եմ, որ ողջ կյանքում չեմ կարող խաղալ: Այդ իսկ պատճառով չեմ հրաժարվի իմ ողջ կյանքի երազանքից, որին դեռ մանուկ հասակից ցանկացել եմ հասնել:

-Կցանկանայի՞ր երեխաներդ ևս շարունակեին այն ուղին, որը դու անցել ես և անցնելու ես դեռ:

-Իհարկե, ու ինքս էլ կուզենայի հնարավորություն ունենալ դեռ փոքր տարիքից խաղալ, բայց իհարկե երբեք չեմ ստիպի գնալ նույն ուղղությամբ, եթե նրանց մոտ չլինի նման  ցանկություն: Իսկ ցանկության դեպքում կլինեն լավագույններից:

-Բացի ֆուտբոլից կա՞ որևէ ոլորտ, որով հետաքրքրվում ես:

-Որքան էլ սիրում եմ ու ապրում ֆուտբոլով, իհարկե, իմ կյանքը չեմ կապում հենց ֆուտբոլի հետ հասկանալի և ակնհայտ պատճառներով: Այժմ սովորում եմ և ձգտում մասնագիտանալ ոչ պակաս հետաքրքիր ոլորտում՝ տուրիզմում, որը իր ուրույն դերն ունի իմ կյանքում:

-Իսկ որևէ համալսարանում սովորո՞ւմ ես այդ մասնագիտությամբ:

-Այո, սովորում եմ Տուրիզմի հայկական ինստիտուտում, իսկապես ցանկանում եմ մասնագիտանալ այս ոլորտում, այդ իսկ պատճառով այլ տարբերակ չէր կարող լինել:

-Պատրաստվո՞ւմ ես համատեղել ֆուտբոլային դաշտը և տուրիզմը:

-Անկեղծ ասած, մտածել եմ այդ մասին: Տուրիզմը այն ասպարեզն է, որը պահանջում է նորություններ, զարգացում ցանկացած ուղղությամբ, ուստի այն լիովին թույլ է տալիս կատարել այդ համադրումը: Օրինակ, սպորտային տուրիզմի ուղղությամբ, և բարեբախտաբար, ֆուտբոլի տարածումը աշխարհում նույնպես թույլատրում է դա. աշխարհի խաղեր, կլասիկոներ, վերջերս տեղի ունեցած Euro 2016, և այդպես շարունակ: Տեսնենք, ժամանակը ցույց կտա:

-Ունե՞ս ավելացնելու որևէ  բան:

-Վերջում կցանկանայի ավելացել, որ պետք է փորձել կոտրել կարծրատիպը, որ կա հայ ազգի մոտ, թե` ֆուտբոլը աղջկա համար չէ, կամ աղջիկը պետք է տանը ճաշ եփի: Ոչ: Սա առաջին հերթին, առողջություն է, և հետո քո մեջ սերմանում է նպատակասլացություն և պայքարելու ուժ, ստիպում վեր կենալ ամեն անգամ ընկնելիս, ինչը բացի խաղային իննսուն րոպեներից, պետք է քո մեջ լինի ողջ կյանքում: Այն քեզ սովորեցնում է բարձրանալ և բարձրացնել թե թիմակիցներիդ, և թե քո շուրջը գտնվող անձանց:

Այսօր մենք ունենք 13 թիմ, ինչը խոսում է մասամբ այդ կարծիքի հաղթահարման մասին, ինչը շատ ուրախալի փաստ է:
Եվ վերջում կցանկանայի նշել, որ եթե ճանապարհը տանում է դեպի նպատակ, ապա միևնույն է, թե որքան է նրա երկարությունը:

Այնպես որ, պայքարեք և հասեք ձեր բոլոր նպատակներին: