Mariam Harutyunyan

Բարև, հիմար

Նորից այդ դռան ճռռոցը… Դա վերջինն էր, կամ գուցե, հերթականը. ինչ էլ, որ լիներ, մի բան հաստատ էր՝ դժվար է լինելու։ Անցյալը, մարդկային կերպարանք առած, նստած էր դիմացս։

-Բարև, հիմար,-ասացի։

Քայլերս ինձ տարան դեպի իմ սենյակի անշուք հայելին։ Հետաքրքիր էր արտացոլանքս՝ կիսավախեցած, կիսախավար, կիսալղոզված… Մի խոսքով՝ կիաատ էր, կիսատ էի։

-Բարև, հիմար։

Զգացածս ու մտածածս երբեք այսքան խառը չէին եղել։ Օրագիրս կորցրել եմ, բայց ես օրագիր երբեք չեմ ունեցել։ Սկսել եմ տարանջատել վախերս ու սպասելիքներս, բայց միշտ վախեցել եմ սպասելիքներ ունենալ։

-Անցյալը ուղիղ դիմացդ կանգնած է, չե՞ս ուզում հարցեր տալ նրան։

-Բարև, հիմար։

 

…Երեք, երկու, մեկ… ՎԵՐՋ…

Մենք մեր գծած ճանապարհի տխուր ճամփորդներն ենք. քայլում ենք, վազում ենք, հոգնում ենք։ Մենք սիրում ենք կարճ ճանապարհներ, բայց երկարն ենք նախընտրում։ Երազում ենք, բայց երազկոտությունը թուլամորթների մենաշնորհն ենք համարում, մենք սիրում ենք մեզ, բայց հոգու ամենախորքում խոստովանում ենք մեր անմտություններն ու թուլությունները։

Կյանքը տխուր դիմակահանդես է, իսկ մենք՝ դժբախտ դիմակավորներ։ Մենք անընդհատ դիմակափոխությամբ ենք զբաղվում ու կորցնում ենք մեր իրական դեմքը, իրական դիրքը, իրական անունը։ Դեմքերը լղոզված են, բութ ու զզվելի։ Տխուր ենք, որովհետև դիմակով շնչելը դժվար է։

 

Կըթ-կըթ-կըթ… Անձրևը սպառնում էր իր խոշոր կաթիլների տակ առնել փողոցի աղբի ավելցուկները, գետինը թաց էր, ոչ ոք չկար, հեռվից լսվում էր անտեր շների ոռնոցը։

Մոմավաճառ կինը ժանգոտած մետաղադրամները դրեց իր մուգ շագանակագույն թիկնոցի գրպանում, խաչակնքվեց (նա միշտ այդպես էր շնորհակալ լինում Աստծուն) և անձրևի հետ կռիվ տալով հեռացավ…

Ամեն ինչ սկսվում ու ավարտվում է ինքնաճանաչողությունից. նայիր հայելուն, ճանաչու՞մ ես այդ հիմարին, ուրեմն հաղթել ես։ Քո արտացոլանքը քո սեփական ծանրությունն է, որը քարշ ես տալիս ողջ կյանքիդ ընթացքում։

 

«Անցավ անցյալը անցավ…»

Սա հիմար բառախաղ չէ, արի վերլուծենք. անցյալը քեզ ձեռքով հրաժեշտ տվեց ու գնաց, թե ու՞ր՝ կարևոր չէ, բայց գնաց։ Անցյալը երբեմն ցավոտ է, բայց երբ գնում է, ցավն էլ իր հետ է տանում, ցավն ու անցյալը մեկտեղվում են ու պոկվում քեզնից։ Անցավ (առանց ցավի) անցյալը անցավ (գնաց, հեռացավ)։

Մոռացեք… Հիմար բառախաղ էր։

 

Ժամանակը անխիղճ է, բայց երբեմն ամենացանկալի բանն է մեզ համար։ Ժամանակը լուռ է, երբ մենք ենք գոռում, նա համբերատար սպասում է իր կայարանին, որ գնա… Գնա ու իր ամբողջ «ջանդակով» մխրճվի անցյալի մեջ։

Անցյալը վաղուց գնացել է, դու ես նրան քո կյանք հրավիրում։ Իսկ անցյալը սիրում է հեգնել, նա հիշաչար է ու աննրբանկատ։ Նա իմ սենյակում է։

-Բարև, հիմար…