Mari Baghdasaryan malishka

Բարև, ուրախություն

Կարդում էի համակուրսեցուս հուշատետրը, որն ինչպես ինքն է ասում՝ հուշատետր չէ, այլ մտորումների գիրք: Կանգ առա այս տողերի վրա, կարդացի մի քանի անգամ և որոշեցի գրի առնել…

«Բարև, իմ ուրախություն: Ես եմ: Հերթական անգամ ուզում էի գրել քեզ, բայց հերթական անգամ սկզբունքներս չթողեցին: Անգիր եմ արել բառերդ, գիտեմ՝ եթե կարդայիր սա, կասեիր, որ կան պահեր, երբ պետք է մի կողմ դնել սկզբունքները, որովհետև յուրաքանչյուր բառը, քայլը, հանդիպումը կարող է շատ բան փոխել: Կասեիր, որ կապ չունի՝ մարդուն մեկ, թե մի քանի անգամ ես տեսել, կարևորն այն է, թե նա ինչ տեղ է զբաղեցնում քո կյանքում: Կասեիր: Դե, չգիտեմ, թե ինչ կասեիր, չէ՞ որ վաղուց չենք զրուցել: Չգիտեմ՝ դու ես մինչ օրս ինձանից նեղացած, թե ես՝ քեզնից, որ էլ չենք գրում իրար: Չգիտեմ՝ հիշո՞ւմ ես ինձ:
Շատ եմ լսել, որ հին նամակները պետք չէ կարդալ: Բայց այսօր կարդում էի: Հիշո՞ւմ ես՝ մեկ տարի առաջ էր, լսարանում դեսից դենից էինք խոսում: Ու այն աղջիկը, որ առաջին հայացքից երևի շատ լուրջ, գուցե և գոռոզ աղջկա տպավորություն էր թողել, սկսել էր ժպտալ: Հիշում եմ՝ գրիչ ուզեցիր, հետո ասացիր.
-Այս լսարանում, երբ ծանոթանում են, անունը գրում են սեղանին:
Ասացիր, որ ավանդույթ է դարձել: Գրեցիր անունս: Այդ սեղանին քո և մյուս ուսանողների անուններն էլ կային գրված: Օրեր առաջ նույն լսարանում էի ուսանողների հետ: Դու բացակայում էիր: Ոչ մի նոր անուն չի ավելացել այդ սեղանին գրված անունների կողքին և ոչ մի անուն չի ջնջվել: Մի տեսակ լռություն էր տասնյակ ձայների մեջ, գուցե ոչ նրանց, բայց ինձ համար բացահայտ նկատելի էր:
Չգիտեմ՝ նայեցի՞ր այն ֆիլմը, որի վերնագիրը հաճախ էի կրկնում քեզ հետ խոսելիս: Հաճախ էի ասում.
-Բարև, իմ ուրախություն:
-Ես քո ուրախությո՞ւնն եմ:
Ի պատասխան ժպտում էի, քեզ հաջողվում էր դեմքիս ժպիտ նկարել: Հիմա էլ առաջվանը չեմ, փոխվել եմ, դեմքիս ժպիտը կեղծ է: Եթե անգամ փորձեմ հավատացնել, համոզել քեզ, որ ոչինչ չի եղել, ամեն ինչ կարգին է, դու չես հավատա: Երևի կբարկանաս, լուրջ հայացքով կնայես ու կասես.
-Ժպտա, քեզ սազում ա:
Ու երևի քո դիմաց անզոր կլինեմ ժպիտս կեղծել, երևի կժպտամ:
Դու կարդալ սիրում ես, երևի կկարդաս սա, կկարդա՞ս: Ու անպատասխան է մնում հարցս:
«Բարև իմ ուրախություն»,- գրում եմ հերթական անգամ, և հերթական անգամ սկզբունքներս ինձ թույլ չեն տալիս, որ նամակս տեղ հասնի»: