Բարև

Չգիտեմ` «խասյաթ» ա դարձել մոտս թե չէ, բայց ամեն ծանոթ-անծանոթ մարդուն բարև եմ տալիս: Շատ էլ լավ «խասյաթ» է: Բայց բարև տալը մի առանձին ծես ա` կախված մարդուց: Բարև տալուց առաջ էլ միշտ նայում եմ մարդու դեմքին, բռնում եմ հայացքն ու վերծանում նրա դեմքի «միմիկայով արձակած ալիքները» ու միայն հետո, ըմբռնելով և կրկնօրինակելով նրա հայացքը, ասում եմ համապատասխան արտահայտությունը:
…«Բարև, բարև ձեզ, բարլուս» կամ եթե վիճակն այնքան էլ լավ չի, պարզապես գլխով եմ անում: Բայց երբեք-երբեք չի եղել ու չի լինի այնպես, որ նայեմ մարդու դեմքին ու չբարևեմ: Իսկ եթե լինում էլ է, որ չեմ բարևում, ապա դա անում եմ դիտմամբ, որպեսզի նա վիրավորվի, բայց ոչ մեկը չի նկատում ու չի վիրավորվում: Այդ դեպքում ինձ համար նա էլ մարդ չէ: Այդ դեպքում ես նրան ուղղակի չեմ նկատում, ոչ թե չնկատելու եմ տալիս: Բայց էստեղ մի բայց էլ կա: Եթե ես բարևում եմ մեկին, ու նա, նկատելով, որ բարևում եմ, չի պատասխանում բարևիս, ես ուղղակի պատրաստ եմ նրան ոչնչացնել: Մի անգամ դասարանում նման դեպք եղավ ու ավարտվեց նրանով, որ ես ու ընկերս իրար ծեծեցինք:
Ուրեմն, էս նյութը կարդացողներ, ինձ տեսնելուց բարևեք անպայման, թե չէ, երբ չեն պատասխանում բարևիս, աչքերիս առաջ ուղղակի մթնում է:
Հ.Գ. Ամեն առավոտ արթնանալիս Ձեր ընտանիքի անդամներին բարևեք: Ախր, շա~տ լավ բան ա բարևը: