մարինե իսրայելյան

Բացահայտում

Կարծեմ չորս տարեկան կլինեի, երբ մի օր այնպիսի գյուտ արեցի, որ չորսամյա փոքրիկիս համար Նյուտոնի գյուտերից ավելի թանկ էր: Դպրոց չէի գնում, մանկապարտեզ էլ չեմ գնացել, և ոչ ոք ժամը ութին ինձ չէր արթնացնում: Ես քնում էի սրտիս ուզածի չափ և մեծանում: Մի առավոտ արթնացա, երբ արևը առատորեն լուսավորել էր սենյակս: Քույրս ու եղբայրս արդեն դպրոց էին գնացել: Խոհանոցից ափսեների շըխկշըխկոց էր լսվում. հասկացա՝ մայրս նախաճաշ էր պատրաստում: Վայելում էի արթնանալուց հետո անկողնում մնալու հաճույքը: Այսօրվա պես հիշում եմ՝ մեծ բավականությամբ ձգվեցի, հորանջեցի և, ինչպես պատահեց, ձեռքս կրծքիս ընկավ… Ոնց էի լալիս, ցատկում անկողնուս մեջ, կանչում մայրիկիս, և երբ մայրս խոհանոցից տագնապահար հասավ ու գրկեց ինձ, ես, արցունքներս կուլ տալով, սկսեցի բացատրել իրավիճակը` ձեռքս կրծքիս սեղմած.«Մա՛մ, ըստի մի բանա շըրխկըմ, շըրխկը-դըրխկը, շըրխկը-դըրխկը…»: Մորս սարսափահար դեմքը լուսավորվեց ներողամտությամբ, մեղմ ժպիտով պատասխանեց տագնապիս և ջերմ համբույրներով ողողեց արցունքներից կարմրած աչքերս ու թուշիկներս: Հասկանո՞ւմ ես, ընթերցող, ես սիրտս էի գտել…