Bella Araqelyan

Բացահայտված նոր աշխարհ

Ընտանիքիս անդամները շատ են`տատս, հայրս, մայրս, միջնեկ եղբայրս, մեծ եղբայրս` կնոջ և որդու հետ: Դե, պատկերացրեք քանի հոգի են կանգնած, որ համակարգչի դիմաց նստելուն պես նախատեն ինձ: Մոտավորապես այսպես:

Մի պահ նստեցի համակարգչի առաջ.

Տատս ասաց.

-Ախչի, էլի նստա՞ր էդ կաբուդատորի դեմը, հելի, մեղք ես, հաշքերտ քոռցան: Տենաս ո՞վ էտ անտերը ստեղծեց, մեր գախ որ չկար, չի°նք աբրում…

Անդրանիկը`եղբորս որդին.

-Հոքու~ր, մի հատ իմ մուլտիկը կդնե°ս:

-Չէ, մի քիչ հետո:

-Է~, հիմի եմ ուզում…

Մեծ եղբայրս.

-Պա~հ, էս էլի հասա՞ք իրար կամպուտրի համար:

Միջնեկ եղբայրս.

-Արագ վերջացրու, գործ ունեմ անելու, քուրս:

-Լա~վ էլի, ժողովուրդ, թողեք մի վայրկյան հանգիստ նստեմ:

Տատս.

-Չէ~ հելի, բոլա, հելի` թող էրեխեն նստի:

Հայրս.

-Մի կռվեք: Թե չէ`մյուս ամիս կապի փողը չեմ մուծի, կանջատեն:

Էսպես ամիսներ շարունակ: Մի օր դպրոցում անցկացրած 17.am-ի սեմինարից հետո գնացի ու հորս ասացի.

-Պապ, սեմինարի եմ մասնակցել:

-Ի՞նչ թեմայով էր:

-Լրագրություն, լուսանկարչություն, կինոյի: Եթե ակտիվ մասնակցեմ, կգնամ լրագրողական դասընթացների, կթողնե°ս:

-Բա գնա, բա ի՞նչ պիտի անես: Գնա, համ էլ էն ինտերնետից կկտրվես:

Մասնակցեցի 17.am-ի դասընթացներին: Շատ հետաքրքիր էր:

Ես ինքս ինձ մտածում էի, որ աշխարհում շատ ավելի հետաքրքիր բաներ կան ինտերնետից բացի: Ես ազատ ժամանակ ինտերնետում էի անցկացնում, իսկ հիմա բոլորը գիտեն, որ ես նստած նյութեր եմ գրում: Նույն բանը տատս էր մտածում, և ինքն էլ մի օր քթի տակ իրեն-իրեն ասաց.

-Լավ ա, լավ: Էդ աղջիկը լավ էլ զբաղմունք ա ճարել: Լավ էլ գրում ա…

Բայց ինձ համար դա զուտ զբաղմունք չէ, այլ մի նոր աշխարհ, որը ինձ կլանել է իր մեջ: