Աշուն մի գնա…

Նորից եկավ իսկական աշունը, այնքան հարազատ: Իմ աշունը երբեք չի վերջանում, այն իմ սրտում է, թաքուն պահ մտած: Իսկ կյանքը սկսվում է աշնանը զբոսանքի դուրս եկած առաջին տերևից, նրա խորհրդավոր պարից:

Աշունը տարվա էն ժամանակահատվածն է, երբ որ կյանքը ստանում է գունային մի սառը ցնցուղ, որը մեզ բոլորիս էնքան հարկավոր է: Քայլում ես փողոցում, ու թվում է թե աշխարհը լրիվ արվեստի գործ է, երեք ամիս տևող ցուցահանդես, որ վերջին տերևի և առաջին ձյան հետ ավարտվում է:

Դանդաղ քայլիր աշուն, մի քիչ երկար մնա ինձ հետ, պատմիր քո արկածներից, ծիծաղելի պատմություններից կամ թե նրանց մասին, ովքեր քեզ չեն սիրում ու քո գալու հետ իրենց թեյի մեջ շաքարավազի քանակն են ավելացնում՝ աշնան «դառնության համը» մոռանալու համար:

Ուզում եմ հենց հիմա դուրս վազել փողոց, թեկուզ հենց պատուհանից ու գրկել աշունը՝ ամուր-ամուր ու էլ բաց չթողնել: Նրա հետ կինո գնալ, կամ ուղղակի նստել ու նայել փողոցով քայլող մարդկանց դեմքերին, որ հովանոցները պահած՝ փակվել են իրենց ներաշխարհում: Քաղաքում շատ եմ տեսնում գունավոր ու տարբեր նախշերով հովանոցներ: Երևի իրենք էլ հենց իրենց տերերի նման են, բայց ամենահետաքրքիրները սևերն են: Քայլում են այնպես, կարծես իրենց կյանքը չէ որ ապրում են, ոչ ոքի չեն նայում և ընդհանրապես իրանք էս մոլորակից չեն:

Բայց կան և նրանք, ում աշունը ամենաշատն է սիրում, նրանք, ովքեր հովանոցներ չունեն և անձրևի ժամանակ քայլում են երկնքին նայելով ու անձրևի սառնությունը վայելելով: Անձրևի, որ ներթափանցելով ներս՝ նրանց հոգիներն է թարմացնում, ոմանց հոգիներն էլ դեռ սովոր չեն ու միամտաբար հարբուխ են ընկնում՝ բուժվելու միտումով:

Աշու՛ն, մի՛ գնա, տերևաթափի՛ր մեր ուղեղները և մեզ՝ խենթերիս մի՛ մոռացիր…