seda mkhitaryan

Բա մենք ո՞նց ենք արել

Մինչ Արարատյան դաշտի բնակիչները բողոքում են սաստիկ շոգից ու կիզիչ արևից, Լոռիում երկու օր է՝ անձրևներ են, ամպրոպի ու կայծակի պակաս նույնպես չկա։ Այդ անպակաս կայծակի հետևանքով գյուղում քանի օր է՝ նորմալ էլեկտրականություն չկա: Այն լինում է մի երկու ժամով, այն էլ առավոտյան վաղ, երբ քնած ենք լինում ու մեր՝ իմ ու քույրերիս հեռախոսների մարտկոցները միշտ նստած են մնում։ Էլեկտրականության բացակայությունն իրենից ենթադրում է համացանցի բացակայություն, իսկ դրա բացակայությունն էլ զրկում է մեզ սոցիալական ցանցեր մուտք գործելու հնարավորությունից: Այդ փաստը ծնում է բողոքների անվերջանալի շարան, որոնք արտահայտվում են մեր կողմից, և որոնց ի պատասխան՝ մայրս սկսում է հիշել իր դպրոցական տարիները, երբ ոչ լույս կար, ոչ գազ, երբ իրենք դասերը ստիպված պատրաստում էին մոմի կամ լամպի լույսի տակ, երբ իրենց շորերը արդուկելու համար ստիպված սպասում էին մի քանի ժամ, իսկ հեռուստացույց դիտելը իսկական տոն էր: Իսկ մենք բողոքում ենք համացանցի մի քանի ժամ բացակայությունից, հեռախոսների անջատված լինելուց և նման այլ մանր բաներից, որոնք տևելու են առավելագույնը մի օր կամ ավելի քիչ, իսկ այն ժամանակ նրանք անգամ չգիտեին՝ այդ խավարը մի օր վերջանալո՞ւ է, թե՞ ոչ։ Ու մայրս միշտ կրկնում է.

-Բա մենք ո՞նց ենք արել…