Ani avetisyan

Մեզ հերոսներ են պետք

Դա երևի մեր մեղքը չէ։ Մենք ոչ մի սխալ թույլ չենք տվել, ուղղակի ժամանակները փոխվում են, ու փոխվում ենք մենք էլ։ Դա հաստատ կապ չունի ո՛չ որևէ մեկիս մասնագիտության կամ նախասիրությունների, ո՛չ աշխարհագրական դիրքի ու ո՛չ էլ ֆիզիկական կամ հոգեկան վիճակի հետ։ Ուղղակի այդպես է, և վերջ։

Նրա մասին վերջերս բոլորն են մտածում՝ գրողները, լրագրողները, ֆիլմեր-մուլտֆիլմեր նկարողները, նրանք, ովքեր կյանքում ինչ-որ փոփոխության, շարժման ու մոտիվացիայի կարիք ունեն, անգամ նրանք, ում կյանքն ու աշխատանքը նորագույն տեխնոլոգիաների հետ է կապված։

Այսօր բոլորը նրա կարիքն ունեն։ Ու գիտե՞ք, ամենևին էլ կարևոր չէ, թե ինչ է նրա անունը, մազերը երկա՞ր են, կա՞րճ, թե՞ ընդհանրապես մազեր չունի։ Նա բարձրահասակ է կամ ցածրահասակ, խելացի է կամ՝ ոչ։ Երևի գեղեցիկ է, բայց դա էլ այս պատմության մեջ ամենակարևորը չէ։ Նա ընկերներ չունի, կամ, գուցե, ունի, չգիտեմ։ Էական էլ չէ։

Նա միայն իր ներկայությամբ, անգամ բացակայությամբ մեզ գրելու, նկարելու ու լուսանկարելու ուժ է տալիս։ Թեմա, գաղափար։ Թվում է, թե առանց նրա էլ մենք ամեն ինչից գլուխ կհանենք, բայց ոչ։ Չէ՞ որ նրանով էր Մաթևոսյանը՝ Մաթևոսյան։ Չէ՞ որ առանց նրա աշխարհի գրեթե բոլոր լուսանկարները դատարկ ուղղանկյուններ կլինեն միայն։ Չէ՞ որ առանց նրա կիսատ կլիներ այն աշխարհը, կյանքը, որի մասին Փելեշյանի ֆիլմերն են։ Առանց նրա ու նրա օրինակն ունենալու ոչ մի լրագրող չի կարող պատկերել այն, ինչն իսկապես պետք է մարդկանց։

Իսկ մարդուն իր իսկ տեսքով հերոսներ են պետք։ Չէ, հասկացեք, խոսքս Բեթմենի, Շերլոկի կամ պատմության գրքերից մեզ ծանոթ հերոսների մասին չէ։ Մեզ իսկական, հասարակ, բայց յուրահատուկ հերոսներ են պետք։ Մեկը, ով մարդուն ապրել կներշնչի, մեկը, ում օրինակով մարդն ավելի ուշադիր կլինի իր շրջապատի, նրա խնդիրների, ձախողումների ու հաջողությունների նկատմամբ։

Հուլիսի սկզբին՝ մեկ ամբողջ շաբաթ ամառային դպրոցում լրագրության մեջ նորագույն տեխնոլոգիաների ներառման մասին էինք խոսում, սովորում ծրագրեր, որոնց միջոցով սովորական հոդվածը աչքի և ուղեղի համար ավելի հաճելի կլինի, սովորում էինք սովորական լուսանկարը կենդանացնել, դարձնել, այսպես կոչված, «ինտերակտիվ» լուսանկար։ Սովորում էինք բոլոր համակարգչային ծրագրերն, ու, երբ թվում է, թե արդեն ամեն բան ունենք լավ լրագրող լինելու համար, հասկանում ենք, որ չկա ամենակարևորը։ Չէ՞ որ մեզ հերոսներ են պետք։ Իրական, իսկական հերոսներ։ Նրանք, ում մասին կարող ենք պատմել։ Նրանք, առանց որոնց լրագրությունը այդքան ազդեցիկ չի կարող լինել։ Առանց որոնց ընթերցողի համար հետաքրքիր ոչինչ չի լինի։

Նույն դասընթացի ընթացքում պատահաբար Լևոն Քալանթարին հանդիպեցինք, կիսվեցինք մեդիա ճամբարից ստացած տպավորություններով, նորից Փելեշյանից խոսեցինք, նրա ֆիլմերից, գրքից։ Ասում էր՝ նրա նման մարդու գրքերը պիտի հազարավոր օրինակներով տպվեին, փոխարենը՝ սիմվոլիկ ինչ-որ քանակ… Իսկ մեզ հերոսներ են պետք։ Մեզ մեր կողքին ապրող մարդիկ են պետք՝ իրենց կյանքով, գործերով։