arman baghdasaryan

Բրդոտ օրեր

Մեկ շաբաթ առաջ մեր տանը սկսվեց բուրդ, վերմակ ու բարձր լվանալու սեզոնը: Այդ գործով զբաղված էինք ես և տատիկս: Ես ընդհանրապես չեմ ուզում հիշել այդ բրդոտ, ավելի ճիշտ՝ փրչոտ օրերը, բայց ստիպված կհիշեմ: Տատիկս ասաց, որ գնամ ու առնեմ երկու հատ էն դեղին շատ մեծ տոպրակներից:

Հագա դուրս գնալու շորերս, այսինքն՝ բոթասներս ու դուրս եկա տանից:

Բակում, ինչպես միշտ, երեխաները ֆուտբոլ էին «տժժցնում»: Դե, ես ինչպես միշտ շեղվեցի իմ առաքելությունից և ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլասեր տղա՝ տեսա գնդակը և ասացի.

-Ճժեր, հլը պաս տվեք, մի հոգի էլ թող «վռո» կայնի:

Փոքրերը տվեցին գնդակը, և ես սկսեցի հավեսով խաղալ նրանց հետ: Հաճելի էր:

«Թո՜ւ, արա, տոպրակ պիտի առնեի»,- մտածեցի ես: Թողնելով գնդակը և երեխաներին՝ վազելով գնացի տոպրակ առնելու: Թեթև քամին փչում էր դեմքիս, և ինձ թվում էր, թե կինոյի մեջ եմ. տարօրինակ զգացողություն էր:

Հասա շուկա: Շուկայում մի սպիտակ մորուքով մարդ կա, որի անունը ես դեռ չգիտեմ: Ես ավելի ճիշտ եմ համարում տոպրակ գնել այդ մարդուց, քան «Երևան սիթիից», կամ մեր շենքի մոտի «Մեր տուն» սուպերմարկետից:

Մոտեցա այդ պապիկին, որը երիտասարդի աչքեր ու ձայն ուներ:

-Բարև ձեզ, էն մեծ դեղին տոպրակներից ունե՞ք:

-Հա, տղա ջան, ունեմ, հատը՝ 150 դրամ:

-Ինձ երկու հատ տվեք, էլի:

-Տղա ջան, ամեն ինչ արա, որ էս երկրի կառավարմանը չընտելանաս:

Ես չհասկացա, թե ինչ նկատի ուներ այդ մարդը:

-Սովորիր, տղա ջան, սովորիր, որ ապագայում մասնագիտություն ունենաս ու 300 հազար կամ 400 հազար աշխատես: Էս երկրում կամ հարուստ կա, կամ աղքատ:

-Միջին խավ չկա:

-Այ ապրես, տղա ջան: Ես բարձրագույն կրթություն եմ ստացել, ինժեներ եմ, բայց տես, տոպրակ եմ ծախում, 30 հազարը ի՞նչ փող ա տուն պահելու համար: Դրա համար, տղա ջան, հասիր քո նպատակներին, որ իմ օրի չլինես: 300 դրամ, էս էլ քո տոպրակները:

Ես վերցրի տոպրակներս, տվեցի գումարը, շնորհակալություն հայտնեցի և քայլեցի դեպի փողոց:

Ի՞նչ կլիներ, եթե բոլոր այն մարդիկ, ովքեր տաքսու վարորդ են, վուլկանիզացիայում են աշխատում, տոպրակ են վաճառում շուկայում՝ աստիճանների վրա, բայց ստացել են բարձրագույն կրթություն, աշխատեին իրենց մասնագիտությամբ և անգամ զբաղեցնեին բարձր պաշտոններ՝ անգրագետ պատգամավորների և չինովնիկների փոխարեն, ապա ի՞նչ կփոխվեր այս երկրում:

Հասա տուն, տվեցի տատիկին տոպրակները: Բոլորը գոհ էին, նույնիսկ՝ 300 դրամ աշխատած տոպրակ վաճառող ինժեները: