meri antonyan

Ուսերիդ նստած պուճուր մարդուկների պես

- Էդ ինչի՞ ես հոնքերդ կիտած ման գալիս։

- Նեղացել եմ։

- Ումի՞ց։

- Բոլորից։

- Հը՜մ․․․ Մարդիկ են քեզ նեղացրել, հա՞։

- ․..

- Մարդիկ քեզ ինչքան էլ նեղացնեն, դու քո մեջի բարությունը հանկարծ չկորցնես։ Չարանալով բան դուրս չի գա, իմ փորձից եմ ասում։

- Ի՜հ, կա՞ որ… Նո՞ր եմ կորցրել…

- Հետ բե՛ր, շտա՜պ, շատ շտապ հետ բե՛ր, մենակ օգուտ կունենաս դրանից։ Ես  հետ եմ բերել բարյացակամությունս, դեն եմ գցել մարդկանց դեմ չարանալու խասյաթս, ու էսպես ավելի լավ ա, հավատա՛։

- Հա՞ որ, չէ՜ է, էսպես էլ վատ չի, ամենքի հետ իր լեզվով ես խոսում, ու գոնե հույս կա, որ կսկսեն գնահատել։

- Եսիմ է, չեմ կարծում, որ մարդկանց կարելի ա ինչ-որ բան սովորացնել։ Չեն տեսնի, արածդ էլ չեն սկսի գնահատել, կդառնաս չար ու վատ մարդ։ Դրանից քեզ օգուտ չկա։

- Իսկ ես ուզում եմ սովորել, ասենք, անտարբերություն, անբարյացկամություն, երախտամոռություն… Դե՜… Շա՜տ բաներ կան սովորելու։

- Ավելի լավ չի՞ լինի, որ դու հոգումդ, էն ամենա-ամենախորքերում հանգիստ լինես, իմանաս, որ դու միշտ բարի ես եղել, հերն էլ անիծած, թե չեն գնահատել, մեղքն իրանց վիզը։

- Մեղքն իրանց վի՞զը, հա՜-հա, միամի՜տ։ Դու ջուր տաս, խմեն, հագենան, ամեն անգամ բաժակը գլխիդ ջարդեն։ Դրանում էլ ի՞նչ լավ։

- Իսկ գոնե իմանալու համար, որ դու վատ բան չես արել, երևի արժի, հը՞ն, ի՞նչ կասես։

- Ու ի՞նչ ա էդ տալու։ Ու ինչի՞ պիտի էդ բարությունը միշտ ինչ-որ բան զոհելու հաշվին լինի։

- Պետք չի ինչ-որ բան զոհել, կարելի ա բարի լինել էնքան ժամանակ, քանի դեռ քո բարությունը քեզ նեղություն չի տալիս, քանի դեռ բարություն անելը քեզնից անձնազոհություն չի պահանջում։ Քանի դեռ դու կարող ես ժպտալ մարդկանց՝ դրանով իսկ քո ներսում ուրախանալով, քանի դեռ կարող ես մարդկանց արած մի փոքր բանի համար քաղաքավարի շնորհակալություն հայտնել ու իրոք շնորհակալ լինել։ Համենայն դեպս՝ էդպես ավելի լավ կլինի, քան չարությունից ներսը կրծելը, մարդկանց ամեն մի կոպիտ վարմունք երկար ժամանակ հիշելը։ Շրջապատում ամեն ապաշնորհ գործողության կողքով կարելի ա անցնել` ներողամիտ հայացք ձգելով, ինքդ քեզ համոզելով, որ մարդիկ վատը չեն, որ կա՛մ պատշաճ դաստիարակություն չունեն, կա՛մ էլ՝ կյանքում ինչ-որ բան էլ իրենց է ստիպել չարանալ էնպես, ինչպես հիմա դու՝ ինքդ քեզ։

- Դե չեմ նստի ու մտածեմ, թե ում ինչ վատություն անեմ, բայց էլ ամեն մեկին օգնության չեմ հասնի, ամենքի դեմ սուփրես չեմ փռի, որ հոգիս էլ գինու վերջին կաթիլների հետ քամեն ու, սրտները հովացած, ասեն՝ օխա՜շ։ Չէ՜, հոգնել եմ…

- Մարդիկ քեզ շատ են նեղացրել, հա՜…