Anushik Mkrtchyan

Գայլերի՞, թե՞ շների վախից

Ձմեռն եկավ, և Արագած գյուղում մարդիկ սկսեցին իրենց շներին բաց թողել: Չգիտեմ, թե ինչու են հենց ձմեռը շներին բաց թողում, բայց էդպես են անում: Գուցե պատճառը այն է, որ գայլերը իջնում են գյուղ: Բայց դե գայլերը գիշերով են իջնում: Աշակերտները առավոտյան գնում են դասի ու ճանապարհին ինչ-որ մի շուն հարձակվում է երեխեքի վրա, կամ էլ ուղղակի հաչում: Երեխեքի բախտը բերում է, եթե հետ գալուց շունը էդտեղ չի լինում: Բայց էդ բախտը մեկ-մեկ է վիճակվում:

Ես շներից չեմ վախեցել: Միայն էն մեծ շներից ու էն դեպքում, երբ ինձ կծելու հավանականությունը շատ է եղել: Երբ ամռանը գնացել էի հայրիկենց մոտ` Աբխազիա, մի շուն ունեին: Մենք էինք պահում, կարճ ասած մեր շունն էր՝ Մաքսը: Երկու ամսվա ընթացքում էնքան շփվեցի հետը, որ շներից էլ չեմ վախենում:

Գիտե՞ք, ինձ շների հոգեբանությունն է հետաքրքրում: Ախր, հետաքրքիր կենդանիներ են: Մեր հարևանի շունը, օրինակ: Իր համար հանգիստ նստած է տիրոջ դռան դիմաց: Մենք էլ գնում ենք խանութ ու էդ շանը ոչինչ չենք անում ու չենք խանգարում: Բայց էդ շունը հաչալով գալիս է դեպի մեզ ու տիրոջ տան հատվածից առաջ չի գալիս: Շունը բավականին փոքր-մոքր է, բայց էնպե՜ս է հաչում: Ու ինչու, ոչ ոք չգիտի: Մեր մյուս հարևանի շունը՝ Ռեքսը, հենց ինձ տեսնում է, վազելով գալիս է մոտս ու գլուխը դնում ձեռքիս տակ, իբր ուզում է ասել` շոյիր ինձ: Ճարս ի՞նչ: Մեկ էլ տեսար` նեղացավ ու էն մյուս շան նման անիմաստ հաչեց: Մարդ չի հասկանում, թե ինչպիսին են շները:

Իրականում իմ էս կարճ նյութով բոլոր շուն ունեցողներին ուզում եմ ասել կամ խնդրել, որ ձեր հաչացող ու կծող շներին էս ձմեռով բաց մի թողեք: Աշակերտները սառույցի վրա դժվար են վազում ու վազում են գիտե՞ք ինչու, որ փախչեն ձեր կծող շներից: Եթե արձակում եք, որ գայլերին դուրս հանեն գյուղից, ուրեմն արձակեք գիշերը: Գայլերը գիշերն են իջնում գյուղ: