Լուսանկարը` Շուշան Հարությունյանի

Գարնանային էսքիզներ

Այգու ճոճանակին նստած ավարտական աշխատանքս եմ գրում, իսկ պապիկը բարդիներ է տնկում հարևանի այգում, ովքեր վաղուց հեռացել են Հայաստանից։ Էլ չեմ հարցնում, թե ինչու է հարևանի այգին անշահախնդրորեն մշակում. կնեղանա` բա դա էլ հարց էր. «Որ հողը չխռովի, անտեր չզգա…»։

Լուսանկարը` Շուշան Հարությունյանի

Լուսանկարը` Շուշան Հարությունյանի

-Պապի՛, էս ծառերը չե՞ն ծաղկել։
-Չ՛է, ա՛յ բալա, հլա մայիսի կես ա։ Այ, որ մի քիչ էլ մնաս, լրիվ կծաղկեն,-ասում է ու սկսում երկար նայել ծառերին։
Այս տարի ինչ էր «պատմել» պապս ծառերին, կիմանանք, երբ ծաղկեն ու բերք տան։

Լուսանկարը` Շուշան Հարությունյանի

Լուսանկարը` Շուշան Հարությունյանի

Ու ոչինչ, որ հարևանները գնացել են։ Արձակուրդներին թոռները կգան ու կարգին աղմուկ կանեն, ու ոչ մեկը չի էլ կասկածի, որ հարևանները…
Իսկ սեպտեմբերին այնքան խնձոր կաճի, որ ամբողջ տարին կուտենք խնձորով մուրաբա, խնձորով տորթ, խնձորով ջեմ, խնձորի հյութ, ուղղակի խնձոր, խնձ…
Տատս բոլոր անծանոթ անցորդներին լիքը տոպրակով կճամփի, ու թող փորձի մեկը ընդդիմանալ.
-Էդ խանութի առածը ավելի համով ա, չէ՞,-կնեղանան տատս ու պապս` պարտադրելով խնձորի մի ահագին չափաբաժին։

Իսկ հիմա դեռ մայիսի կեսն է, պապս ծառ է տնկում հարևանի այգում: