Նոր կյանքի մասին

Գրեթե մեկ տարի կամ ինչպես մենք` ուսանողներս ենք հաշվում` երկու կիսամյակ կլինի, որ Երևանում եմ ապրում։ Մեկ տարի առաջ կյանքիս ամենակարևոր որոշումներից մեկը կայացվեց իմ ու ընտանիքիս կողմից. ես Երևանում եմ սովորելու: Դե՜, սկզբի համար պարտավորեցնող էր, հետո՝ մի քիչ վախենալու, հետո էլ` «Ի՞նչ կա որ, հաստատ գլուխ կհանեմ»։ Գլուխ հանեցի, գլխից բացի՝ աչքն էլ հանեցի (դե, լա՜վ, կատակ էր)։

Ես չեմ սկսի մեծամտանալ ու նշել այն փաստը, որ ամենայն հայոց հայրաքաղաքից տեղափոխվեցի ուղղակի մայրաքաղաք Երևան, այլ կխոսեմ փոփոխություններից, որոնք տեղի ունեցան իմ կյանքում։ Չգիտեմ, գուցե դրանք այսպես թե այնպես տեղի էին ունենալու, ուղղակի տեղափոխվելուս արդյունքում իրենք իրենց վերնագրեցին «երևանյան փոփոխություններ»։

Երևանը կոփում է մարդուն։ Երևանը սովորեցնում է ապրել մի միջավայրում, որը հիմքից ինքդ ես կառուցելու, դու՝ քո սեփական ձեռքերով։ Այն ստիպում է համակերպվել ու հասկանալ, բայց ո՛չ երբեք ծնկի գալ ու խեղճանալ։

Էստեղ մարդիկ այլ են։ Նրանք սարսափելի թեթև են ապրում, էնքան սարսափելի, որ երբեմն վախեցնում են իրենց թեթևությամբ։ Նրանք անխնա ժպտում են, շատ ավելի էմոցիոնալ են… Եվ այս ամենը իսկապես գեղեցիկ է։

Երևանում մարդիկ սիրում են իրար։ Չէ՜, չկարծեք, թե մեզ մոտ չեն սիրում։ Սիրում են, բայց երբ առանձին են, երբ պատնեշված են, երբ չեն վախենում։ Էստեղ մարդիկ փողոցում գրկում են իրար, ժպտում են իրար հազար տարվա ծանոթի պես, բարեկամաբար միմյանց ձեռք են սեղմում ու չեն վախենում, շրջապատի կարծիքով կաղապարված չեն ապրում։

Մարդիկ, ովքեր հանդգնել են ու եկել են էստեղ սովորելու, չգիտեն` ինչ է լինելու իրենց հետ մի քանի տարի հետո։ Հիմա կասեք` է հա, աշխարհում ոչ ոք էլ չգիտի, թե ինչ կլինի իր հետ մի քանի վայրկյան հետո, ես էլ կասեմ, որ խոսքը դրա մասին չէ։ Եթե մեկը, ով մնացել ու ապրում-սովորում է իր քաղաքում, իր ապագայի մասին մտածելիս որոշակի պատկերացումներ ունի իր՝ երբ, որտեղ, ինչպես լինելու մասին, ապա մեկը, ով տեղափոխվել է, գոնե առաջին երկու տարին պիտի որ անորոշության մեջ լինի. ի՞նչ եմ անելու ավարտելուց հետո, որտե՞ղ եմ ապրելու, ինչո՞վ եմ զբաղվելու…
Սկզբնական շրջանում կատարյալ խառնաշփոթի մեջ էի։ Կուրսեցիներս կարծում էին, որ միշտ տխուր ու սարսափելի ինքնամփոփ մարդ եմ, բայց հո հիմա լավ գիտեն` ինչ պատիժ է ընկել իրենց գլխին։

Ի դեպ, կուրսեցիներ, եթե կարդում եք, ժպտում ու ձեռքով եմ անում։

Ինչքան էլ վստահ լինես, որ դու մենակ ես, որ պիտի միայնակ հաղթահարես քո առջև ծառացած բոլոր դժվարությունները, հոգու խորքում գիտես, որ կան մարդիկ, ովքեր հետդ քայլում են արդեն երկար տարիներ, ովքեր օգնել ու օգնում են պահպանել ու չկորցնել տեսակդ… Ես նրանց կյանքիս «Ճիշտ մարդիկ» եմ անվանում ու աշխատում եմ հնարավորինս ամուր բռնել իրենց։

Ինչպես ասում են` մեկ տարին թռա՜վ… Ճիշտ է` ես պայքարում էի DVD-ի համար, բայց չեմ դժգոհում. ամեն ինչ հիանալի է։