Գարունն իջել է Դարբաս

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Միլիոնավոր ձնծաղիկներ սփռվել են դաշտերով մեկ՝ հիշեցնելով գարնան գալուստը:
Երեկո էր: Քայլում էի մայթեզրով և գլխի թեթևակի շարժումից աչքերիս առջև հայտնվեց այս պատկերը: Գունազարդ դաշտը՝ սպիտակ ծաղիկներով: Գարո՞ւն է, թե՞ պարզապես նրանք են շտապել՝ գլուխները հանելով հողի տակից:

Ուշ երեկո էր, սակայն արևը դեռ ամբողջությամբ չէր հեռացել: Մի քանի ճառագայթներ մնացել էին և իրենց ներկայությամբ գունավորում էին սպիտակ ծաղիկները: Իսկ մյուս ճառագայթներից միայն ստվերներ մնացին ծաղկազարդ այգում: Ձմեռը գյուղում մնաց մինչև ապրիլի վեցը, բայց այդ փոքրիկ հողակտորում գարուն էր եկել՝ իր հետ բերելով բուրմունք, թիթեռնիկներ, բզեզներ:

Քայլում էի փողոցով, շուրջս ձյուն էր, ցեխոտված մեքենաներ, բքից փախչող և աշխատանքից վերադարձող մարդիկ: Բոլորը շտապում էին հասնել տուն: Անցնում են իմ կողքով և երևի զարմանում են, որ այդ ցրտին գնում եմ զբոսնելու: Նրանք երևի չգիտեն այդ դրախտավայրի տեղը: Այնտեղ հայտնվելիս ամեն ոք կմոռանա հոգսերի և ցրտի մասին: Սիրում եմ հաճախակի քայլել այս այգու կողքով՝ նայելով անհամար ծաղիկներին: Հիմա գյուղիս վրա իսկական գարուն է իջել՝ բերելով հագեցնող բուրմունք: Սկսվել է հողագործությունը, տքնաջան աշխատանքը: