Seroj araqelyan

Ինչ՞ է ինձ համար 17.am-ը

Այս հարցը ինձ շատ-շատ անգամ եմ տվել, ու մի քանի անգամ այս թեմայով նյութ եմ գրել: Ամեն անգամ գրելիս ես ավելացրել եմ իմ արտահայտությունները և տպավորությունները՝ միայն և միայն դրական կողմից: Բացասական եղել է միայն առաջին նյութ գրելու փորձս, երբ տանջվում, գրում էի, բայց վերջում հաճելի չէր ընթերցվում, կամ էլ իմաստ չկար: Ես միայն ուրախ եմ, որ 17.am-ի թղթակից եմ: 2016 թվականի փետրվարին ես կատարեցի իմ առաջին քայլերը 17.am-ում՝ ծանոթացա, ընտելացա ու հասկացա, որ 17.am-ը ինձ միայն հաջողություն, լրագրողական նոր գիտելիքներ ու Հայաստանի տարբեր գյուղերից, քաղաքներից նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն կտա: Հա, խոսքս կիսատ չթողնեմ: 2016-ին իմ առաջին քայլերից հետո արդեն սկսեցի դառնալ ավելի համարձակ, համարձակ գրել և օրվա մեջ ժամանակ գտնել նյութ գրելու համար: Սկզբում սևագրում էի, մաքրագրում, հետո նոր նյութս հավաքում համակարգչով, իսկ հիմա միանգամից համակարգչով եմ գրում: 2017 թ.-ի օգոստոսին արդեն պատրաստված, առանց լարվելու ես մասնակցեցի Դիլիջանի մեդիա ճամբարին: Արդեն չկային «Վա՜յ, բա ինչ եմ անելու», «Բա որ չկարողանամ» արտահայտությունները, դրանց փոխարինում էր միայն «Ուռա՜, էլի ճամբար է լինելու», «Ջա՜ն, նոր նյութեր կգրենք» արտահայտությունները: Հաճելի է, երբ քեզ վստահում են հարցազրույց վարել, ֆիլմ նկարահանել, լուսանկարել: ճամբարի ընթացքում մթնոլորտը շատ ջերմ ու ընկերական էր: Ճամբարներից հետո օրեր, ամիսներ, անգամ տարիներ էլ անց, մեկ է՝ մեր ընկերությունը պահպանվելու է, ինչպես պահպանվել է մինչև հիմա: Մեկ շաբաթվա մեր շփումը այնքան ջերմ է եղել, որ հիմա մենք կարծես մի մեծ ընտանիքի անդամներ լինենք: Իհարկե, այս ամենը 17.am-ի շնորհիվ: Երբ մոտենում է անծանոթ մի մարդ և հարցնում՝ դո՞ւ ես գրել կրակոցների մասին, կամ «Մարդ էլ ուզենա գնա բանակ ու չտանեն» նյութերը, զգում ես, որ աշխատանք ունես կատարած և կա գնահատողը: Նյութը կարդացել են և ինձ ճանաչել ու նորից՝ 17.am-ի շնորհիվ: 17.am-ի շնորհիվ ես ձեռք բերեցի լրագրողական, լուսանկարչական և ֆիլմեր նկարահանելու փորձ, ինչը ինձ ամբողջ կյանքում կօգնի, անգամ եթե այս մասնագիտություննեը չընտրեմ ապագայում: 17-ն ինձ հնարավորություն տվեց հարցազրույց վերցնել հայտնի մարդկանցից: Առաջ, եթե ցանկություն ունենայի հարցազրույց անելու, հարցերը կլինեին աննպատակ, իսկ հարցազրույցը կմնար միայն համակարգչում: Ոչ իմաստ կլիներ, ոչ էլ կտպագրվեր: Իսկ հիմա կա և՛ իմաստ՝ հարցերի մեջ, և՛ մի կայք, որը աչքի է ընկնում իր անկեղծությամբ և ընթերցանության արժանի նյութերով, և որտեղ կտպագրվեն իմ նյութերն ու հարցազրույցները: Իմ առաջին հաջողությունները եղել են 2017 թվականին, 17 տարեկանում և 17.am-ում: Եվ եթե միայն ասեմ՝ շնորհակալ եմ 17.am-ին, սա նման կլինի նախադասության ընդամենը մի մասնիկի: