Araqsya Azizyan

Գիշերվա լույսերը

Իրականում դժվար է խոսել մի բանի մասին, ինչն ամբողջ սրտով ես ապրում, ինչը նկարագրելու համար բառեր չկան… Այդ ամենը պետք է աչքերով տեսնել ու սրտով զգալ։

Սիրում եմ քաղաքը, բայց 19 տարվա մեջ երբեք չէի վայելել քաղաքն այդպես, ինչպես գիշերով։ Ինչքան սիրուն են լույսերը, որոնք նման են հեռվում վառվող աստղերի։ Ինչքան հանգստություն ու սիրունություն կա այդ լույսերի մեջ։

Մի ամբողջ քաղաք է քուն մտել լույսերի տակ, ամբողջ քաղաքն իր գույներն է սփռել հեռվում, ծածկել աշխարհը հանգստությամբ։

Հեքիաթ են պատմում քաղաքի լույսերն այն մասին, որ մեկը վառել է ճրագն ու քնել, իսկ մյուսն էլ նստած երազում է հանգիստ։

Լուսինն էլ իր հերթին գրկել է քաղաքը, պարուրել լույսով ու մեղեդու հնչուններ է տալիս քաղաքին՝ սփռելով վառվող լույսերը, արթուններին մեծ հույսեր տալիս, պատմում երազանքների մասին։

Աննկարագրելի վառ ու գունեղ են քաղաքի լույսերը, որ մարդկանց հոգիներում նոր ու վառ երազներ են արթնացնում։ Մի տեղ սիրում են լույսի տակ, իսկ մի տեղ էլ ուղղակի արտասվում։ Իսկ ե՞ս կամ դո՞ւ, չէ՛, կամ մե՞նք, ի՞նչ ենք սպասում վառվող լույսերից։ Ինչպես կյանքում ամեն բան, գիշերն էլ իր գեղեցիկ հանգուցալուծումն ունի։ Կգա արևն ու կբերի նոր սեր, կգա նոր գիշեր՝ մաքրած ու ետևում թողած ամեն բան…