Սովորենք նաև պարտություններից

Եկել եմ քեզ պատմելու իմ կյանքի ամենալուսավոր, ամենահուսահատ, ամենաբուռն, ամենահուզառատ դեպքերից մեկի մասին։

Ես հիմա քեզ չեմ ուզում ստիպել, որ դու կարդաս, բայց, համենայնդեպս, եթե սկսել ես, մինչև վերջ լսիր։

Մեր կյանքը ընտրությունների շղթա է, ամեն մեկը, պատասխան տալով իր ընտրած ուղու համար, քայլում է իր ճանապարհով, իսկ այդ ճանապարհին մեզ հանդիպում են մարդիկ, ովքեր հույս են տալիս, ովքեր մեզ ոգևորում են։ Կան նաև մարդիկ, ովքեր ամեն կերպ փորձում են շեղել մեզ մեր ընտրած ուղուց։

Ես դեռ 8-րդ դասարանում էի, երբ բանավեճը մտավ իմ կյանք, հետո սկսեցինք իրար հետ կողք կողքի մեծանալ։ Սկզբում մասնակցում էի՝ չիմանալով, թե դա ինչ է կամ ինձ ինչ կտա, նույնիսկ չուզելով էի գնում, որովհետև, դե, դասղեկս էր ասում:

Ես չէի կարող պատկերացնել, որ տարիներ հետո էդ նույն բանավեճը կդառնա իմ տարերքը, իմ կյանքի անբաժանելի մասը։ Ես սկսեցի սիրել… Հավատացեք, բանավեճը երկու տարի անընդմեջ մասնակցել եմ մրցաշարերի ու այդպես էլ հաղթանակի բերկրանքը չեմ ապրել։

Դժվար է, երբ դու գնում ես հաղթանակի հետևից, բայց չես հայտնվում ոչ առաջին տեղում, ոչ երկրորդ, ոչ երրորդ, ոչ էլ նույնիսկ չորրորդ կամ հինգերորդ։ Հիմա կասեք՝ հա, ի՞նչ կա որ։ Իրականում ոչինչ էլ չկա, ոչինչ էլ չկա էն ամեն ինչի առաջ, ինչ ես սովորեցի այդ պարտություններից ու ինչ տարա ինձ հետ դրանից։ Ես ինձ հետ տարա ամենաթանկը՝ ընկերներին, որոնց առաջ ցանկացած հաղթանակ զրոյանում է։ Հրաշալի բան է, երբ դու նստած կլացես, իսկ քեզ լրիվ անծանոթ մարդիկ կգան, կգրկեն ու բարի ժպիտով կասեն, որ ամեն ինչ լավ է լինելու: Այդ մարդիկ գալիս են քո կյանք, որ դու էլ երբեք մենակ չլացես։ Անհաջողություններ բոլորիս կյանքում կհանդիպեն, իսկ ամենակարևորը, նորից ապրելն է։ Անհաջողություններից պիտի քամես կա՛մ ամենալավը, կա՛մ ամենավատը։ Իսկ դու ծնվել ես ամենալավի համար։ Ես սովորեցի ամեն պարտությունից հետո ատամներս կրճտացնելով լացս զսպել ու հավատալ, որ սրանք ընդամենը փոքրիկ պարտություններ են մեծ հաղթանակից առաջ։ Ապրել, ստեղծել, կարծրատիպեր կոտրել, խենթություններ անել, տրվել էմոցիաներին, վայելել հենց հիման։

Իսկ ես ու բանավեճը դեռ քայլում ենք կողք կողքի ու քայլելու ենք դեռ երկար ժամանակ: