mariam barseghyan1

Գիտեմ՝ չեք կարդա

Գիտեմ՝ չեք կարդա, ես էլ սա ձեր երեսին երբեք չեմ ասի:

Ինչքան շատ են, չէ՞, մեր մեջ միջակ մարդիկ: Երբեք չէի մտածում, որ հոգին, զգացմունքները, հայրենասիրությունը միջակ կարող են լինել: Մարդ, ով անընդհատ խոսում է գեղեցիկի և տգեղի, բարու և չարի մասին, դրանք նույնիսկ չի կարողանում իրարից տարբերել: Կրթում է ուրիշներին՝ ինքը լինելով անկիրթ: Բարոյականություն ու հայրենասիրություն քարոզող մարդը պնդում է, որ սեփական հայրենիքին ծառայելը և կյանքը զոհելը գեղեցիկ չէ: Եթե դա գեղեցիկ չէ, ապա ի՞նչն է գեղեցիկ՝ թողնել հայրենիքից հեռանա՞լը, թե՞ ծառայությունից խուսափելը:

Կարող է՝ ես եմ միջակ, որ չեմ հասկանում, կարող է՝ ես չեմ կարողանում տարբերել, չգիտեմ: Ես 1000 էջանոց գրքեր մի օրում չեմ կարդացել և, անկեղծ ասած, այսօրվա դասս էլ չէի սովորել: Բայց կարծում եմ, որ գեղեցիկը հասկանալու համար ամենևին էլ պետք չէր ո՛չ այսօրվա, ո՛չ էլ երեկվա դասը: Ո՞ւմ են պետք անգիր արած տողերը, եթե այդ տողերի մեջ մի գրամ կապ չկա: Հենց այդպես էլ դառնում ենք միջակ՝ առանց հասկանալու, ամեն հարմար պահի իմաստ չկրող անգիր արած տողեր ասելով: Դատարկվում ենք, պարփակվում այդ դատարկության մեջ, և հիմարի դեմքով շարժվում այնտեղ, ուր գնում է մեծամասնությունը:

Կարծում եմ շատերը կհասկանան ասածիս միայն առաջին դեմքը և կշարունակեն պատերի անկյուններում քչփչալ: Միգուցե մի օր ձեր ականջում էլ շշուկներ հնչեն: Բամբասեք, բարոյական մարդիկ, միջակ անվանեք թեկուզ և ինձ: Դրանից ես միջակ չեմ դառնա:

Գիտեմ՝ չեք կարդա, ես էլ սա ձեր երեսին երբեք չեմ ասի: Հավատացեք, մի քանի անգամ փորձեցի, ավաղ չստացվեց: