Sargis Melkonyan

Ուղղակի Հայաստան և վերջ

Չգիտես ինչու, ես ծնվել եմ մի վայրում,

որտեղ տխուր պատմություններ են պատմում

մեր տոհմի,

աշխարհի,

բախտի և

մեր մասին։

Ու մեր մասին էս բոլոր

տխուր պատմություններից հոգնած

(որ իրականում քո մասին են),

ես դնում եմ ականջակալներս

(որտեղ քեզնից ոչինչ չի հնչում)

ու քնում։

Գուցե ես գժվե՞լ եմ,

որ սկսել եմ չսիրել մեր գենը,

որ բոլոր հռչակավորների մեջ կա

(համենայն դեպս, էդ պատմություններն էդպես են ասում),

մեր ազգը,

որ ամենահյուրընկալն է,

ամենամարդասերը,

ամենաբարին ու

առաքինին,

ամենահավատացյալն ու

ամենաիմաստունը։

 

Մի՞թե ես խենթ եմ,

որ խորշում եմ

Քո մասին գրված դասագրքերը բացելուց

(Որտեղ քո մասին գրեթե ոչինչ էլ չկա)։

Ես երևի չեմ սիրում քեզ,

որ նյարդայնանում եմ,

երբ զինանշանդ տեսնում եմ

մարզակոշիկների լեզվակների,

դրոշդ` կրկեսի շենքի կամ գուլպաների

կամ ինչ-որ հյուրանոցի

էժանագին գովազդային պաստառի վրա։

 

Ես մի օր ելա Մորփեոսի գրկից

ու դադարեցի հավատալ էն ստին,

թե դու ամենալավն ես,

ամենագրկաբացն ես,

ամենաքաղցրն ես,

ամենաբացսիրտը…

 

Դու մի խոսք ունես,

որ մեջս լավ է տպավորվել.

«գյուղ չկա, որ շուն չունենա»,

բայց էս գրողի տարած «գյուղում»

մարդիկդ էնքան են գնացել,

էնքան են հեռացել քեզնից,

ու շներն էնքան են բազմացել,

որ բազմել են աթոռներին

ու աթոռների տակ։

Ես սարսափելի կուշտ եմ նրանցից,

որ «կլպում են» Քեզ տեսնելու եկած հյուրերիդ,

որ պաշտպաններիդ հացի հաշվին

տներ են կառուցում,

մանկապարտեզում հարվածում են երեխային

հողաթափով, դպրոցում` ցուցափայտով,

կամ նրանցից, որ տարբերվելու համար

տարբերվողներին բաժին են տանում,

ու էս թագավորությունից,

որտեղ պիտի քայլես հոսանքի ուղղությամբ,

որ ստեղծվել է «թիկունքով ախպերների» կողմից։

 

Ես չափից դուրս հոգնել եմ նրանցից,

ովքեր վարդագույն ակնոցներ են դնում աչքերիս,

որ չտեսնեմ փողոցներումդ թափված աղբը,

(որ պիտի թափված չլիներ),

Քեզնից ամեն օր հեռացողներին,

որ գալու հույսով են գնում, բայց այդպես էլ չեն գալիս,

Եվ փողոցներում հազարի տակ ճռռացնողներին,

(որ էդ ասֆալտը փռող ընկերության շեֆի որդին է,

կամ վերևներից մեկի բարեկամը)։

 

Ես ուղղակի չեմ ուզում գովել քեզ

առանց պատճառի,

բայց դու սրան չէիր արժանի,

որ դրոշիդ, զինանշանիդ ու օրհներգիդ կողքին

ինչ-որ մարդկանց նկարներ կախված լինեն

դպրոցներումդ, որտեղ, իբր, քեզ սիրել ու քեզ համար զոհվել են սովորեցնում

(բայց ոչ երբեք քեզ համար ապրել)։

Ես զզվել եմ Քո մասին բոլոր կենացներից,

որ միայն բառերով են ու էն էլ շատ հաճախ էն մարդկանց շուրթերից,

ովքեր նույնիսկ հողիդ վրա լինել արժանի չեն։

 

Ես ուղղակի Քեզ ու ճշմարտությունն ավելի բարձր եմ դասում,

քան աթոռներիդ բազմածներին…

Համերաշխությունն ավելի եմ գնահատում,

ու ատում եմ կռվի դրդողներին…

 

Ես ուղղակի հոգնել եմ Քո շուրջ ստեղծված պաթոսից,

որից դու զզվել, ու որի պատճառով ամեն օր ինքնասպան ես լինում…

Հ.Գ.

Մինչդեռ միայն Դու գիտես, թե ինչքան եմ սիրում Քեզ, Հայաստան…