tamara avagyan shirak

Գլոբալիզացիա. Կո՞ղմ, թե՞ դեմ

Համալսարանում «Հայաստանի և հարակից երկրների երկրագրություն» առարկայի երեքշաբթի օրվա հերթական դասի շրջանակներում քննարկում էինք գլոբալիզացիայի դրական և բացասական կողմերը։ Մեր զրույցը սկսվեց նրանից, երբ խոսում էինք Հայաստանում հելլենիստական ժամանակաշրջանից մնացած նմուշների մասին, և ես նշեցի Գառնիի հեթանոսական տաճարը և ասացի, որ հելլենիստական ժամանակաշրջանը իր մեջ ներառում է գլոբալիզացիայի տարրեր։ Այնուհետև ես իմ խոսքում նշեցի գլոբալիզացիա երևույթի հանդեպ ունեցածս դրական վերաբերմունքի մասին, կարծիք հայտնեցի, որ գլոբալիզացիայի արդյունքում կստեղծվի մեկ միասնական հասարակություն, բոլոր տեսակի տարաձայնությունները կվերանան, տարբեր ազգերի միջև ի վերջո խաղաղություն կհաստատվի, մեկ միասնական գաղափարախոսություն կտիրի աշխարհում, բոլոր տեսակի կրոնները կվերանան, և ի վերջո, պատերազմներ չեն լինի, աստիճանաբար միմյանց ձուլվելով՝ բոլոր ազգերից կգոյանա մեկ ազգ, կլինի մեկ լեզու, մեկ գաղափարախոսություն, մեկ կրոն։ Իմ այս խոսքից հետո բավականին սուր բանավեճ ծավալվեց լսարանում։ Հնչեցին բազմաթիվ իրարամերժ կարծիքներ։ Ոմանք պաշտպանում էին իմ տեսակետը, ոմանք հակառակ տեսակետն էին պնդում։ Համակուրսեցիս ի պատասխան իմ կարծիքի ասաց.

-Իմ կարծիքով՝ գլոբալիզացիան միմիայն վատ հետևանքներ է առաջ բերելու, բոլոր ազգերը մոռանալու են իրենց մշակույթը և ձուլվելու են իրար։

Ես պատասխանեցի.
-Գլոբալիզացիայի արդյունքում այլևս չեն լինի ազգամիջյան, էթնիկ, կրոնական պատերազմներ, անիմաստ ռեսուրսներ չեն ներդրվի զենքի, զինամթերքի արտադրության մեջ, դրա փոխարեն գլոբալ հարցեր կլուծվեն, մեծ ռեսուրսներ կտրամադրվեն առողջապահության, կրթության և այլ ոլորտներում։ Անիմաստ և անվերջանալի պատերազմները թույլ չեն տալիս արագ զարգանալ, մարդիկ կարող են այնքան զարգանալ, որ գրավեն նաև մյուս մոլորակները, բացահայտեն տիեզերքի գաղտնիքները։
Ինձ ուրախացրեց մյուս համակուրսեցուս կարծիքը, նա նշեց.
-Իհարկե, յուրաքանչյուր երևույթ ունի իր և՛ լավ, և՛ վատ կողմերը, սակայն ակնհայտ է, որ գլոբալիզացիայի արդյունքում համաշխարհային տնտեսությունը ավելի արագ կզարգանա, և լուրջ առաջընթաց կարող ենք ակնկալել։
Դասախոսը համակ ուշադրությամբ բոլորիս լսելուց հետո հայտնեց իր տեսակետը։
Ամենահետաքրքիրը ինձ համար թերևս դասախոսիս տեսակետն էր, նա ասաց.
-Երկիր մոլորակի վրա ստեղծված քաղաքակրթությունները մշտապես տարբերվել են միմյանցից, նրանք բազմազան են և հետաքրքրությունն էլ հենց բազմազանության մեջ է, ամենքն ունեն իրենց յուրօրինակ մշակույթն ու պատմությունը, և պետք չէ դրանք միատարր դարձնել։
Ես, համենայնդեպս, հայտնեցի իմ սուբյեկտիվ կարծիքը՝ իմանալով, որ շատերը չեն ընդունի այն.
-Իհարկե, մեզանից ոչ ոք չգիտի գլոբալիզացման քաղաքականությունը ի վերջո կհասնի իր նպատակակետին, թե ոչ, այնուամենայնիվ ես մնում եմ այն համոզման, որ գլոբալիզացիան կփրկի աշխարհը։
Համաձայն եմ, այն շատ բարդ երևույթ է, այն կարող է մոռացնել տալ դարերի ընթացքում կերտված մշակույթներ, բոլոր ժողովուրդները միմյանց ձուլվելով՝ կդառնան միատարր, կվերանա տարբեր ժողովուրդների ազգային «ես»-ը, շատ դժվար կլինի ընդունել մեկ ընդհանուր գաղափար, մի կողմ դնել ամեն ինչ ու ընդունել նոր խաղի կանոններ։ Այնուամենայնիվ, ես պաշտպանում եմ համաշխարհայնացման քաղաքականությունը և հուսով եմ՝ մոտ ապագայում այն ի վերջո իրականություն կդառնա։

Խմբագրության կողմից. Կուզենայինք լսել նաև ձեր տեսակետը այս հարցի վերաբերյալ: