janna sargsyan lori

Գյուղատնտեսությունն ու քաղաքականությունը

Սովորական առավոտ է։ Արթնանում եմ ոչ թե աքլորի կանչից, այլ աշխատավոր մարդկանց ձայներից: Ժողովուրդը իր վաստակած հանգստից հետո էլի սկսում է նույն գործերը: Բոլորս էլ ծանոթ ենք գյուղի առօրյային․ այն սկսվում ու վերջանում է գործով, բայց միևնույնն է, չենք բողոքում ու հիշում ենք էն լավ ասացվածքը․ «Ով աշխատի, նա կուտի»։ Առանց տրտնջալու անցնում ենք գործի: Գյուղում, եթե ժամանակին չաշխատես, ապա ձմռանը չես կարող գոյատևել: Ի տարբերություն Հայաստանի այլ բնակավայրերի, մեզ մոտ գյուղատնտեսական աշխատանքները սկսվում են մեկ-երկու ամիս ուշացումով։ Պատճառը կլիման է, բայց տանջանքը էլի նույնն է մնում: Տարվա 7-8 ամիսը գյուղացին արարում, ստեղծում ու իր արդար քրտինքով վաստակում է իր օրվա հացը: Աշխատում են գրեթե բոլորը՝ մեծից փոքր, և այդ աշխատանքի հետ էլ համատեղում մնացած գործերը: Ամենադժվարը ուսանողների համար է, երբ առավոտ շատ վաղ արթնանում են, գնում Վանաձոր, դասերից հետո վերադառնում տուն ու սկսում գյուղատնտեսական աշխատանքները։ Անգամ դասերը սովորելու ժամանակ չեն գտնում, կամ էլ գիշերները մի կերպ հասցնում են: Նույնը դպրոցականների մոտ է, էլի ուսումն ու գործը համատեղում են: Ասացի՝ աշխատում են գրեթե բոլորը, իսկ չաշխատողների հիմնական մասը Ազգային ժողովի պատգամավորներ են կամ էլ քաղաքագետներ: Մի ամբողջ օր նստում ու խոսում են քաղաքականությունից, խնդիրներ առաջ քաշում, լուծումներ տալիս, ներքին կոնֆլիկտների մեջ ընկնում։ Թվում է, թե ազգային ժողովի շենքը տեղափոխվել է մեր գյուղ: Ի վերջո, խնդիրներին լուծում են տալիս ու մութն ընկնելուն պես գնում իրենց տուն, հաջորդ օրը նոր օրակարգով էլի հավաքվում: Էսպես անցնում են տարվա 7-8 ամիսները, հետո էլի անցնում ենք ձմեռվա հանգստին ու նորից մտածում հաջորդ գարնան մասին: