Ժաննա Սարգսյանի բոլոր հրապարակումները

Janna Sargsyan new

Հզորանալու խոհեր

Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ դպրոցներում առավելությունը կտրվի գնահատականին, այլ ոչ գիտելիքին։

Քանի դեռ առանձնահատկություններ ունեցող երեխաներին կառանձնացնենք բոլորից ու կմտածենք, որ մենք իրենցից ինչ-որ բանով առավել ենք։

Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ ուսանողները համալսարան կգան` «ինձ մենակ դիպլոմն ա պետք, ուրիշ ոչ մի բան» արտահայտությամբ, ու 4-5 տարի հետո, դիպլոմը ձեռքներին կբողոքեն, որ էս երկրում իրենց համար ոչ մի գործ չկա։ Ու քանի դեռ դիպլոմը, աղջիկների համար ուղղակի օժիտի ոսկե քարտ կլինի։

Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ նույն համալսարանում լավ սովորող ուսանողը միայն վարձի պատճառով  կիսատ կթողնի ուսումը, իրեն կհեռացնեն համալսարանից, իսկ իր տեղում կսովորի մեկը, ով անգամ իր մասնագիտության անունը ճիշտ գրել  չի կարողանա։

Մենք հզոր երկիր չենք դառնա, քանի դեռ ընտրություններին կմասնակցենք` «ա, դե մեկ ա, ում էլ ընտրեմ` նույն բանն ա լինելու» սկզբունքով, իսկ հետո կբողոքի, որ ոչինչ չի փոխվել մեր երկրում, ու կմտածի արտագաղթելու մասին։

Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ կամավորությամբ զբաղվելը հասարակության շրջանում կասոցացվի «ձրի պախատ» լինելու հետ։

Մենք հզոր պետություն չենք դառնա, քանի դեռ խտրականություն կդնենք գյուղացու ու քաղաքացու միջև, ամեն բան կուղղենք քաղաքներին, կհզորացնենք, կզարգացնենք, իսկ շատ մեծ ներուժ ունեցող գյուղերին, ու գյուղում ապրողներին կանտեսենք։

Մենք հզոր պետություն չենք դառնա, քանի դեռ որոշների մոտ հայրենասիրությունը կսկսվի ու կավարտվի ճոխ սեղանի շուրջ հայրենիքի կենացը խմելով։

Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ կխոսենք բնությունը չաղտոտելուց ու միջավայրը մաքուր պահելուց, բայց խնջույքից հետո էդ բնությունը աղտոտված կթողնենք ու կհեռանանք։

Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ չենք աջակցի գիտակներին, արտերկրում մեծ դժվարությամբ կրթություն ստացած ու հայրենիք վերադարձած երիտասարդին, իրեն աշխատելու հնարավորություն չենք տա, կանտեսենք, իսկ նույն այդ երիտասարդին արտերկրում ձեռքից ձեռք կփախցնեն, ու կապահովեն ամենալավ  աշխատանքով։

Ու վերջում. մենք հզոր պետություն կդառնանք այն ժամանակ, երբ փոխվենք, փոխենք մեզ շրջապատող աշխարհը, մարդկանց, կարծիքներն ու մտածելակերպը։

Janna Sargsyan new

Հարսանիք լեռներում

Մի օր կգաս,  շատ անսպասելի կվերցնես ճամպրուկս, հագուստի փոխարեն կտեղավորես մեր երազանքները, կբռնես ձեռքս ու կտանես քեզ հետ։

Կփրկես ինձ քաոսից, շատախոս ու կյանքի դասեր տվող բարեկամներից, ապագաս կառուցել փորձող հարազատներից ու ամեն-ամենքից։

Առանց պլանավորելու ճանապարհ կընկնենք, ու նույն ճանապարհը մեզ  կտանի ամենաբարձր լեռան գագաթը, որտեղ լինելն ինձ համար երազանք է, ու որի մասին դու լավ գիտես։

Երկար թվացող ճանապարհը կանցնենք առանց դժվարության, մանր քարերը կհայտնվեն մեր կոշիկներում, ու նույնքան մանր ցավ կառաջացնեն մեր ոտքերում, բայց լուռ կտանենք ամեն բան, որովհետև միակ նպատակը` իրար ձեռք բռնելն ու երազանքին հասնելն է։

Քիչ-քիչ քայլերը կդադարեն, կհասկանանք, որ երազանքն այլևս իրականություն է, ու մենք կանգնած ենք կողք-կողքի, ու որ այլևս հրաժեշտ չի լինելու, դու գիտես, որ ես ատում եմ հրաժեշտները։

Մեր սիրո ու երազանքի իրականացման խորհրդանիշը կլինի մատանին, չէ, ոսկյա չէ, էն սովորականներից, որ երկուսիս ձեռքերում ավելի վառ փայլ է ստանում, քան ոսկին կփայլեր։

Մենք կամուսնանանք հենց լեռներում, առանց հանդիսավոր արարողության, առանց վկաների, առանց դասական կոստյումի ու սպիտակ հարսի զգեստի։

Դե, բարձրակրունկներին ու  դասական կոշիկներին էլ  կփոխարինի երազանքի ճանապարհ անցած սպորտային կոշիկը. դու գիտես, որ բարձրակրունկները տանել չեմ կարողանում։

Հարսանյաց երկհարկանի հանդիսությունների սրահին կփոխարինի մեր ձեռքերով պատրաստած փայտե փոքրիկ խրճիթը, որ անձրևի ժամանակ միակ թաքստոցն է դառնում։

Հարսանեկան առաջին տանգոյի ժամանակ ես առաստաղից չեմ իջնի, իսկ դու քեզ տանջելով մի քանի շարժում չես սովորի, մենք կպարենք առանց հստակ շարժումների, էն երգի տակ, որը ես շատ եմ սիրում, էն երգի, որն ինձ համար սկսեցիր սիրել ու հիմա հպարտ ես, որ երկուսս էլ նույն ճաշակն ունենք։

Տաք ու բազմապիսի ուտելիքներին կփոխարինի փոքրիկ լճակից մեծ դժվարությամբ բռնած ձուկը, որը քո ձեռքերով ես պատրաստել, ու որի համն անմահական է։

Իսկ հարսանյաց տորթի փոխարեն կհամտեսենք իմ ձեռքով պատրաստած ու պայուսակի մի անկյունում թաքցրած թխվածքաբլիթները։

Մեր կյանքի ամենակարևոր օրը մենք կլինենք ամենաերջանիկը, որովհետև չենք փորձի գոհացնել հյուրերին, ստիպված չենք լինի լսել բազմատեսակ կենացներ ու էն շատախոս բարեկամի կյանքի դասերը։

Մեր հարսանիքը կլինի լեռներում ու հավերժ կմնա մեր հիշողություններում։

janna sargsyan lori

Դիմանկարի փորձ

Իմ գլխում, ինչպես պայուսակումս, անվերջ խառնաշփոթ է։
Առօրյա գործերն ու մտքերը, փոքր դարակում մի կերպ են տեղավորվում, ու պայուսակս դուրս են նետում իրենց շարքերից։
Էն պայուսակը, որում կարմիր շրթներկ կա, ու որը երբեք չեմ օգտագործել։

Հասարակ լինելուս հետ սկսկել եմ համակերպվել, դե հասկացել եմ, որ խանութի ցուցափեղկի գեղեցիկ բարձրակրունկները փոքրամարմին աղջկա համար չեն ստեղծվել, ու դրանց վրա մեկ րոպե կանգնելն ինձ համար տանջանք է, որ գրողի տարած վզնոցն ու մյուս զարդերը, ինձ համար ոչ թե գեղեցկությունը ընդգծելու դետալներ են, այլ ավելորդ իր, որ միշտ դարակիս վերջում են նետվում ու էդպես էլ չօգտագործված մնում։

Որ նույն շպարի միջոցները, երբեմն իրարից չեմ տարբերում, ամեն անգամ շրջապատիս «բա ինչի՞ չես շպարվում, արդեն մեծ ես, պիտի քեզ նայես» արտահայտությունը եթե մի ժամանակ անսովոր էր, հիմա արդեն սովորել եմ, անգամ չեմ էլ պատասխանում, անկեղծ, հոգնել եմ։
Ժամանակի ընթացքում սկսել եմ ինձ սիրել, քիչ-քիչ սկսում եմ հաղթահարել արտաքինիս հետ կապված բարդույթները։

Նկարներս առանց գունային փոփոխությունների ենթարկելու եմ հրապարակում,  գերհոգնած ու կիսափակ աչքերս սկսում են ինձ դուր գալ, ու միայն, նույն կիսափակ աչքերով, ուրիշների աչքերի մեջ նայելը մնում է անլուծելի խնդիր, երևի ժամանակի ընթացքում դա էլ կհաղթահարեմ։

Ես էս տեսակն եմ, ու անկեղծ, դա ինձ դուր է գալիս։
Ես չեմ փոխվել, ու չեմ փոխվելու, հանուն ինչ-որ մեկի, կամ ինչ-որ բանի։

Սիրեք ձեզ էնպիսին, ոնց կաք, թերությունները երբեմն առավելություն դարձրեք, և մի փորձեք նմանվել այլոց, հասարակությանը դուր գալու համար։

Իսկ կարմիր շրթներկը երևի մի օր կօգտագործեմ։

janna sargsyan lori

Բարև, ինձ քո մի մասնիկը չհամարող աշխարհ

Բարև, ինձ քո մի մասնիկը չհամարող աշխարհ։

Իմ ու քո ճամփաները երբեք չեն հատվում, պատճառը, երևի, քեզ հակառակվելն ու տարբեր լինելն է։

Բոլորից տարբերվել ինձ դու ես սովորեցրել։

Դու ինձ մենակ թողեցիր էս ամբոխի մեջ, իսկ որպես նվեր` խիղճ տվեցիր, որ արդար լինեմ, ու քեզ երբեք չդատեմ։

Դու ինձ ոտքեր տվեցիր, որ ամուր կանգնեմ, բայց թևերս փորձեցիր կոտրել, որ էդ ցավից ծնկեմ ու ծնկած ապրեմ, քո ենթական լինեմ, բայց չստացվեց, դրա համար էլ դու ինձ քո մի մասնիկը չհամարեցիր։

Ինձ միտք ու արդարություն տվեցիր, իսկ հետո, քո աշխարհի մարդկանց անարդար դարձրիր ու թողեցիր, որ ես մենակ պայքարեմ ու հանձնվեմ, բայց չհանձնվեցի, դրա համար էլ քո մի մասնիկը չդարձա։

Դու ինձ սիրտ տվեցիր, որ սիրեմ, իսկ հետո, սրտիս համար, քո մեծ աշխարհից, ընտրեցիր մեկին, ով անհասանելի էր, անիրական։ Դու ուզեցիր սիրտս կոտրել, բայց չստացվեց, դրա համար էլ, ես քո մի մասնիկը չդարձա։

Հիմա, ես ու դու հավերժ պայքարի մեջ ենք: Էս պայքարում ես կամ հաղթող եմ, կամ պարտվող։ Եթե անգամ պարտվեմ, հիշիր, որ ինձ մինչև վերջ հանդուրժելու ես, ու համակերպվելու իմ տարբեր լինելու հետ, որովհետև ես երբեք քո մի մասնիկը չեմ լինելու։

janna sargsyan lori

Եթե ընտրության առաջ կանգնեք` հայրենիք կամ սեր, ընտրեք հայրենիքը

Հայրենասիրությունը փոքր աղջկա մտքում, սրտում ու հոգում ծնվեց 12-13 տարեկանում, չէ, ոչ ֆիլմերից էի ոգեշնչվել, ոչ էլ պատմության դասագրքից։

Հայրիկիս ընկերն էր էն մարդը, ում պատերազմում անցկացրած օրերն ու անցած ուղու պատմությունները նստում ու ժամերով լսում էի։

Ամեն պատմության հետ ինչ-որ մի բան էր փոխվում ներսումս, գիտակցումս, աշխարհայացքս, հայրենիքիս հանդեպ սերն էր մեծանում, քիչ-քիչ սկսում էի մտածել մեծանալու ու էդ ուղով գնալու մասին: Չէ, էդ միտքը ամենևին մանկական ցանկություն կամ հետաքրքրասիրություն չէր, այլ հստակ որոշում։

Զինվորական հագուստի հանդեպ առանձնահատուկ սեր ունեի (հիմա ավելի շատ), ու միշտ մտածել եմ, որ էդ հագուստը հենց էնպես ոչ մեկը չի կարող հագնել: Ախր, դա էնքան պարտավորեցնող քայլ է, որ ամենայն պատասխանատվությամբ պիտի մոտենաս։

Դեռահաս աղջկա մտքերը օր օրի սկսում էին ավելի հեռուն տանել, որոշումս քիչ-քիչ նպատակ էր դառնում, ու արդեն 16 տարեկանում, որպես մասնագիտություն հենց էդ ուղղությունն էի պատկերացնում, բայց հասարակությունը, ավանդույթներն ու բարքերը հաղթող դուրս եկան։

Իմ երազանքների ու նպատակների մասին առհասարակ ոչ մեկի հետ չեմ կիսվել, անգամ ծնողներիս, ու էդ դեպքն էլ բացառություն չէր: Գրեթե համոզված էի, որ որոշմանս մասին լսելուց հետո դեմ են լինելու, դե, որովհետև «ծառայությունը աղջկա խելքի բանը չի, աղջիկը պիտի իրան հարմար գործով զբաղվի»։

Անգամ համոզելն ու ամիսներով լաց լինելը էդպես էլ չօգնեցին, որ հասնեմ նպատակիս։

Բոլորն էին դեմ, բոլորը, բացի ինձնից: Ու չնայած դրան, մինչև ավարտական դասարանս, հույսս չէի կտրում, ամեն անգամ փնտրում ու գտնում էի ռազմական ինստիտուտ ընդունվելու հայտը, պահանջվող փաստաթղթերը, հանձնվող քննություններն ու էդպես ինձ հույս էի տալիս, որ մի օր կգա, ու ես էլ էնտեղի սովորողներից մեկը կդառնամ: Էդպես երազելով անցնում էին դպրոցիս վերջին տարվա ամիսները, բայց հույսիս վերջին թելն էլ կտրվեց, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը: Էդ օրերից հետո մեր տանը վերջնական փակվեց իմ ռազմական ուղով գնալու խոսակցությունը, մտքերն ու ամեն-ամեն ինչ։

Երազանքս, տարիների ընթացքում հավաքած զինվորական հագուստի հետ փաթաթեցի ու դրեցի դարակում: Ամեն անգամ դարակս բացելուց էդ անկյունին եմ նայում, մի քիչ վերհիշում, լացում, թեթևանում ու նորից փակում։

Տարիներ հետո, երբ սկսեցի լրագրությամբ զբաղվել, նյութերիս մեծամասնությունը հենց ռազմականում սովորող ու աշխատող աղջիկների մասին գրեցի, հիմա էլ շարունակում եմ իրենց հաջողված պատմությունները տարածել ու հասարակության մի ստվար զանգվածին հասցնել, որ իրենց կարծրացած մտածելակերպը լիքը մարդկանց երազանքներն այլևս չկոտրի։

Ինձ համար հայրենասիրությունը, հայրենիքի հանդեպ սերն ու նվիրավածությունը երբեք պաթոս չի եղել: Հայրենիքը մեր սիրո կարիքն ունի, ու ես իրեն բաժին հասնող սերը անպայման տալու եմ։

Խաղաղության գինը

Բարև, աշխարհի ինչ-որ անկյունում ապրող, պատերազմների մասին միայն ֆիլմերից ու դասագրքերից իմացող ու երբեք այդ վախն ու տագնապը չզգացող անծանոթ։
Քեզ գրում եմ մի երկրից, որը քարտեզի վրա մի փոքր տեղ է զբաղեցնում, մի երկրից, որը առաջինն է մոտեցել խաչին ու իր հավատքով հաղթել տասնամյակներ շարունակ տևող պատերազմին, մի երկրից, որտեղ ապրող մարդկանց առավոտները սկսվում է չընդհատվող աղոթքով ու խաղաղության խնդրանքով։
Երևի ես էլ քեզ նման պատերազմի մասին կլսեի մեծերից կամ կկարդայի դասագրքերում, եթե չլիներ 2016 թվականի ապրիլը, մի քանի օր տևած պատերազմը դաջվեց բոլորիս հիշողություններում:  Էդ չարաբաստիկ օրերը ինձնից շատ բան խլեցին։
Էդ ժամանակ դեռ երեխա էի, դե ավելի ճիշտ, ինձ էդպես էի համարում ու մտածում էի, որ ավարտից հետո հիշողությունիցս կջնջվի ամեն ինչ ու կմոռացվի։ Էս տարիների ընթացքում վերքերը սպիներ դարձան, բայց վերջնական մոռանալ չստացվեց, կամ կստացվեր, եթե այլևս պատերազմ չտեսնեի։
19 օր, արդեն 19-րդ օրն է, ինչ մեզ մոտ նորից պատերազմ է։
Գիտե՞ս, աշխարհում ամենազզվելի բանը պատերազմն է, երբ դու հոգեպես ու ֆիզիկապես կոտրվում ես, երբ քեզանից հեռանում են էն մարդիկ, ում հետ մանկություն ու պատանեկություն ես անցկացրել, ու մի օր անգամ չես պատկերացրել, որ իրենք էլ չեն լինի։
Երբ թշնամու կրակը կիսատ է թողնում բակում անհոգ խաղացող երեխայի կյանքը, երբ 4-5 տարեկան երեխան ոչ թե տիկնիկների, հեռախոսի կամ այլ բաների մասին է երազում, այլ խաղաղության։ Երբ մի փափուշտը որբացնում է նորածին երեխային, ծնկած է թողնում իր մինուճար որդուն կորցրած մորը ու անպատասխան է թողնում սիրած աղջկա նամակները։
Երբ թշնամու կողմից թիրախավորվում է խաղաղ բնակիչը` 13 ամյա երեխան, ով ընդամենը գնում էր գյուղատնտեսական գործեր անելու ու ծնողներին օգնելու, որ իր գյուղն ու պետությունը հզորացներ։
Թիրախավորվում է հաշմանդամ տղամարդը, ով երբեք չմտածեց սահմանամերձ գյուղը լքելու ու ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու մասին։
Իսկ գիտե՞ս, որ աշխարհը լռում է ու չի խոսում էս ամենի մասին, որովհետև մեծ տերությունների ղեկավարներին կուրացրել է նավթի գույնը, իրենց համար մի սահմանում կա` եթե ունես ռեսուրս, գումար, ուրեմն դու միշտ ճիշտ ես։ Դե մենք գումար ու նավթ չունենք, հզոր պետությունների ու ղեկավարների կողմից աջակցություն էլ չունենք, փոխարենը ունենք 18-19 տարեկան հայրենիքի պաշտպաններ, ովքեր սյուն են մեր պետության համար։
Գիտե՞ս, սահմանին կանգնած զինվորի համար մի կտոր հողը շատ թանկ արժի, այնքան թանկ, որ իր կյանքի գնով է վճարում այդ մի կտորը պահելու ու թշնամուն չհանձնելու համար։
Եթե ինձ մինչև պատերազմը հարցնեիր` ովքեր են ձեր թշնամիները, երևի չկարողանայի պատասխանել: Միշտ մտածում էի, որ անկախ ամեն ինչից, մարդիկ չպիտի չարանան իրար հանդեպ, ու եթե սերնդափոխություն լինի, ամեն ինչ կվերջանա, բայց սխալվում էի: Էս պատերազմը հակառակն ապացուցեց։
Էս պատերազմը շատ բան փոխեց իմ կյանքում ու երևի դեռ կփոխի, որովհետև ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի, միայն մի բանում եմ համոզված ու վստահ եմ, որ անկախ ամեն ինչից, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ու հաջորդ նամակս քեզ, արդեն սիրելի դարձած անծանոթ, գրելու եմ հաղթանակած երկրից։
Ու վերջում մի բան եմ ուզում, որ պատերազմի մասին քո գիտելիքները եզրափակվեն միայն դիտածդ ֆիլմերով ու դասագրքերում կարդացածդ նյութերով։

janna sargsyan lori

Մենք՝ գյուղում ապրողներս

Առավոտ՝ ժամը՝ 6:25, եթե մտածում եք՝ անքնությամբ եմ տառապում, սխալվում եք։ Մինչ դուք ձեր զարթուցիչներն եք ջարդում, որպեսզի չզանգի ու մի քիչ շատ քնեք, մենք՝ գյուղում ապրողներս, առանց զարթուցիչի ու անգամ առանց աքլորի կանչի արթնանում ենք (դե, աքլորը մի քիչ ալարկոտ է)։

Արթնանում ենք՝ շատ երազներ կիսատ թողնելով ու էլ երբեք այդ երազներին չվերադառնալով։ Արթնանում ենք ու անցնում մեր առօրյա գործերին։

Եթե դուք բողոքում եք, օրինակ, օֆիսային աշխատանքից, դե, որ առավելագույնը աշխատում եք 10 ժամ, իսկ հանգստյան օրերը միայն շաբաթ և կիրակին է, մեզ` գյուղում ապրողներիս համար աշխատանքը տևում է 12 ժամից ավել՝ առանց շաբաթ-կիրակիների։

Մենք` գյուղում ապրողներս, դեռ փոքր տարիքից արժևորում ենք գումարն ու մեծ դժվարությամբ աշխատում ամեն մի լուման, բայց երբեք չենք կուրանում դրա փայլից ու մարդկանց ցած գլորելով չենք հասնում դրան (բացառություններ լինում են):

Մեզ` գյուղում ապրողներիս համար անընդհատ սրճարաններ այցելելը մի քիչ ճոխություն է, բայց եկեք փաստենք, որ առավոտյան հարևաններով հավաքվելն ու մի բաժակ սուրճ խմելը ամենահաճելիներից է։

Մենք` գյուղում ապրողներս սնունդ պատվիրելու հնարավորություն էլ չունենք, նախընտրում ենք ինքներս պատրաստել, իսկ գումարը պահել նեղ օրվա համար։

Մեր` գյուղում ապրողներիս գրադարանների գրքերն էլ արդեն գիտեն, որ իրենց էջերը թերթվելու են միայն ձմռան ամիսներին, որոշները անգամ չեն էլ հասցնում թերթվել։

Մենք` գյուղում ապրողներս, ամեն օր կռիվ ենք տալիս հողի հետ, հայտնի վեպում ասվում է` «վերևից գլխիդ ինչ էլ որ թափվի, չպիտի բողոքես», բայց ամեն անգամ վերևից կարկուտի մի հատիկը հենց մեր սրտին է դիպչում, հետո անզորությունն ու անկարողությունը կոտրում են մեր թևերը։

Մեզ` գյուղում ապրողներիս համար հնարավորությունների սահմանափակում կա, բայց ամբողջ ընթացքում ես հասկացել եմ ու գիտեմ, որ սահմանափակ հնարավորություններով կարելի է անսահման լավ բաներ անել, որ խնդիրներին կարելի է նայել որպես ռեսուրս։ Դե, իսկ ամենամեծ ձեռքբերումը մարդիկ են, գյուղում ապրող ու արարող մարդիկ։

 

janna sargsyan lori

Հասարակության մի մասը

Դու պիտի ապրես հասարակության կարծիքը հաշվի առնելով։

Դու հասարակության մի մասն ես ու դու ավտոմատ դառնում ես իրենցից մեկը, էս հասարակությունը կխառնվի քո կյանքին, քո անձնականին, քո գործերին, քո կյանքը կդասավորի, դեռ փոքր տարիքից կորոշի, թե դու ով ես դառնալու, ինչ գործով ես զբաղվելու, կքննարկի քո կյանքը ու իր «ստացված» կյանքից քեզ լիքը խորհուրդներ կտա։

Բա ինչի՞ չես ամուսնանում։

Ընկեր չունե՞ս, հավանած տղա չունե՞ս, որ ասում էի՝ էդքան գիրք մի կարդա, լրիվ գիրք կրծող ես դարձել։

Շպարվիր, մազերդ սարքիր, եղունգներդ երկարացրու, շատ նկարվիր, նկարներդ խմբագրիր, տեղադրիր ֆեյսբուքում ու ինստագրամում։

Ընկեր ունե՞ս, ո՞վ ա, ի՞նչ ա աշխատում, համաստեղությամբ ի՞նչ ա, վա՜յ, ձեր նշանները իրար չեն բռնում:

Նշանվեցի՞ր, բա ե՞րբ եք ամուսնանում, նայի՝ շատ չերկարացնես, կսառեք իրար հանդեպ։

Ամուսնացա՞ք, բա ե՞րբ եք երեխա ունենալու, կարո՞ղ ա՝ խնդիրներ ունես։ Ինչքան հնարավոր ա շուտ երեխա ունեցեք, երեխան ավելի շատ կկապի ձեզ։

Առաջնեկին ունե՞ք, մտածեք երկրորդն ունենալու մասին։
Բա ինչի՞ երկրորդը չեք ունենում։ Երեխան պիտի քուր-ախպեր ունենա։

Երկու երեխա ունե՞ս, սոցիալական խնդիրներ ունե՞ս։ Քեզ ո՞վ էր ասում էդքան շատ ունենայիր։

Ընտանեկան խնդիրնե՞ր ունես։ Ոչինչ, կանցնի, չբողոքես, չգոռաս՝ ամոթ ա, ի՞նչ կմտածեն հարևանները։

Չի թողնո՞ւմ աշխատես, ոչինչ, կնոջ գործը ճաշ եփելն ա։

Խփում ա, ոչինչ, հաստատ շատ սիրելուց ա, դիմացիր, կուլ տուր ամեն ինչ, ուշադրության պակասից մի բողոքիր, կարևորը՝ մարտի 8-ին ծաղիկներ նվիրում ա։

Ապրիր կյանքդ կործանելով, ապրիր բոլորի կյանքով, անտեսելով քո ես-ը։

Էսպես լինելու է միշտ, էսպիսի մտածելակերպով դաստիարակվելու են իրենց երեխաները, երեխաների երեխաները։ Դու դո՛ւրս արի էս հասարակությունից, մնա մենակ, բայց դո՛ւրս արի սահմանված կարգից, ապրիր քո կյանքով, սխալվիր, հետո՝ ուղղիր սխալդ, դժվար օրեր ապրիր, բայց մի փորձիր նմանվել նրանց ու մի դարձիր էս հասարակության մի մասը։

 

janna sargsyan lori

Բողոքե՞լ, թե՞ օգտվել ստեղծված իրավիճակից

Մեկ ամսով արտակարգ իրավիճակի երկարեցում։ Ամենուր դժգոգություններ՝ տանը, դրսում և որ ամենակարևորն է, սոցիալական ցանցերում։ Աշխատողները, որ բողոքում էին հանգիստ չունենալուց ու անընդհատ աշխատելուց, հիմա բողոքում են, որ չեն կարողանում աշխատել։ Չաշխատողները, որ նախքան այս, անգամ մի փորձ չէին անում գործ գտնելու, հիմա բողոքում են, որ արտակարգ իրավիճակի պատճառով բոլոր աշխատատեղերը փակվել են, և իրենց ամենամեծ առաքելությունն էլի մնում է պառկելն ու բողոքելը․ «Էս երկիր չի, գործ չկա, փող չկա»։ Երեխաները բողոքում են դպրոց չգնալուց, բայց մեկ ամիս առաջ օրերն էին հաշվում, թե երբ է արձակուրդ լինելու, փոքրիկները բողոքում են բակ դուրս չգալուց ու չխաղալուց, մի խոսքով՝ եթե այս ընթացքում մեկ մարդուց բողոք չլսեք, երևի դա ես կլինեմ։

Իհարկե, ստեղծված իրավիճակն իմ սրտով չէ, բայց ի տարբերություն մնացածի, չեմ բողոքում և դրա մասին ամեն օր ֆեյսբուքում ստատուս չեմ գրում, այլ այս վատ իրավիճակից դրականն եմ վերցնում։ Ինձ ճանաչողները գիտեն, թե ոչ ֆորմալ կրթությունը ինչքան կարևոր է ինձ համար և ինչքան ակտիվ եմ  այդ ոլորտում՝ դասընթացներ, սեմինարներ, դրանց մի մասին միայն չեմ մասնակցում, որովհետև անցկացվում է Երևանում, իսկ գյուղից Երևան հասնելը մի քիչ դժվար է։ Իսկ ի՞նչը կօգներ ինձ բոլոր սեմինարներին, դասընթացներին մասնակցելու, եթե ոչ արտակարգ դրությունը։

Արտակարգ դրությունից ընդամենը օրեր անց առաջին վեբինարը եղավ, որին մեծ սիրով մասնակցեցի, հետո  դա օրինակ եղավ մյուսների համար ու սկսեցին մեկը մյուսի հետևից վեբինարներ կազմակերպել, արդեն մեկ ամսում մի շարք վեբինարների մասնակից եմ եղել, տարբեր թեմաների ու ոլորտների փորձագետների եմ լսել։

Մի քանի օր առաջ հետաքրքիր գրքի սյուժե կարդացի ու փորձեցի օնլայն գտնել, կարդալ։ Չգտա, միայն գրախանութում կար, դե էս օրերին քաղաք գնալն էլ մեծ ճոխություն է։ Երեկ էլ պարզվեց, որ հեղինակի թույլատվությամբ գիրքը օնլայն կլինի և կկարողանանք կարդալ,  պատկերացրեք ոգևորությունս։

Էս օրերին նաև մաֆիա խաղալ սովորեցի՝ էլի օնլայն։

Ասածս ի՞նչ է՝ քիչ բողոքիր, քեզ համար հետաքրքրություն ստեղծիր, ինքնակրթվիր և այս «արձակուրդը» օգտագործիր ի շահ քեզ։

janna sargsyan lori

Կընդունվեմ

Ասում են՝ երազանքները իրականանալու հատկություն ունեն, եթե սպասում ես, հավատում ու նաև ինչ-որ քայլ ես անում դեպի դրա իրականացումը:

Երազել սկսեցի 10-11 տարեկանից։ Տիկնիկներ, խաղալիքներ ու հեռախոս ունենալը չի եղել իմ երազանքը, այլ մեծանալ ու լավ գործ ունենալը։ Երազանքս կոտրվեց 17-18 տարեկանում, երբ հասկացա, լավ գործ ունենալու համար նախ և առաջ ուսում էր հարկավոր, որը ինձ համար անհասանելի էր։ Վերջին տարիներին, երբ դասարանում խոսում ու քննարկում էին` ով ուր է ընդունվելու, ես լռում էի, միայն մտքումս երազելով ու ինձ պատկերացնելով ուսանողական կյանքում, ինչ-որ ոլորտում հաջողությունների հասած, հետո երազանքներիցս կտրվում էի ու էլի հետ գալիս անգույն իրականություն։ Դպրոցս ավարտեցի, ու եթե նախկինում դասարանի մի անկյունը նստել ու երազելու անկյունս էր, ավարտելուց հետո դա էլ վերացավ, ու դրա հետ՝ երազանքներիս մի մասն էլ։ Դպրոցից հետո սկսվեց իսկական անգույն իրականությունը։ Առանց ուսման, առանց աշխատանքի հնարավորության ու առանց երազանքի ապրելը դժվար էր, դժվար էր, երբ արթնանում էի՝ առանց ապագայի մասին մտածելու, արթնանում էի՝ գիտակցելով, որ ժամանակին երազածս լավ գործը էլ երբեք չեմ ունենալու։

Էսպես մտածելով ապրեցի մի տարի։

Երազանքս կիսով չափ վերակենդանացավ 19 տարեկանում, երբ որոշեցի անգույն օրերս իմ ձեռքով ներկել և ինչ-որ հետաքրքրություն մտցնել իմ կյանք։ Սկսեցի ինքնակրթությամբ զբաղվել, հետո մեծ դժվարությամբ առաջին քայլերս արեցի, ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվեցի, դասընթացներին մասնակցություն ունեցա ու սկսվեց ակտիվ գործունեության շրջան։ Կյանքիս էս փուլը տևեց 2 տարի, ակտիվությունս մեծացավ, զբաղվածությունս՝ ևս, էս շրջանում ամեն ինչ այնքան լավ էր, որ բարձրագույն ուսում ստանալու ձգտում էլ չունեի։ Չունեի այնքան ժամանակ, մինչև աշխատանք փնտրելիս չլսեցի էս արտահայտությունը․ «Դու ինչի՞ վրա էս քո հույսը դրել, մեկ ա՝ չես ընդունվելու, դիպլոմ չունես»։ Էս խոսքերից հետո աշխատանքի հարցազրույցներ էլ չեմ անցել ու չեմ էլ փնտրել, այս խոսքերը հիշել եմ ամեն օր, ամեն ժամ ու էլի մի անկյուն գտել լացելու ու մի քիչ թեթևանալու համար։ Այս խոսքերը վերջնականապես կկոտրեին ինձ, եթե չլինեին մարդիկ, ովքեր իմ ուժերին ինձնից ավելի շատ էին հավատում։ Ընդամենը մի քանի օր առաջ ես լսում եմ, որ տարիների երազանքս կիրականանա, հա, խոսքը բարձրագույն կրթություն ունենալու մասին է։ Զգացողություններս աննկարագրելի են՝ հուզմունք, ուրախություն ու ապագայի հանդեպ մեծ ծրագրեր։ Վերջին օրերը փոխել են իմ կյանքը, վերջին օրերի մարդիկ, որոնք օգնեցին ինձ իմ երազանքի իրականացման հարցում, կողքիս են լինելու միշտ, իրենց օգնությամբ ես անում եմ իմ առաջին քայլը, իրենց օգնությամբ ես ունեմ էն հնարավորությունը, որին միշտ սպասել եմ։ Իմ խոստումը պետք է իրականանա, ես դառնալու եմ այն մարդը ու այն մասնագետը, որի անունն իմանալով՝ ամեն անգամ հպարտանալու եք։

Ես իմ երազանքին կհասնեմ 22 տարեկանում, դու կհասնես 30-ում կամ 35-ում, մյուսը՝ միգուցե 50-ում։ Կյանքի դժվարությունները թող երբեք չկոտրեն քեզ ու ամենակարևորը՝ չկոտրեն երազանքներդ։