lilit khlghatyan portret

Գյուղացու հացը իր հողն է

-Հլը, Լիլոյի կոշիկներին նայի…

-Ինչի՞ մամադ բոստան մտնելիս կրո՞ւնկ ա հագնում:

-Չէ, իմ մաման instagram չունի…

Սիրելի ընկեր, սոցիալական որևէ կայքում լինելը դեռ չի նշանակում, որ ես ինձ փորձում եմ ցույց տալ որպես քաղաքացի, կամ ինձ վատ եմ զգում, որ գյուղացի եմ: Քաղաքացին իր տեղը ունի, գյուղացին`իր: Ամեն մեկը անում է իրեն բաժին ընկած գործը: Ոչ մի պահ չի եղել, որ ես ինձ վատ զգամ լիճքեցի (գոլեցի) լինելու համար: Ու ընդհանրապես ինչո՞ւ պետք է վատ զգանք: Ամոթ վատ զգացողին…

Այս տարի, երբ օգնում էի մայրիկիս կարտոֆիլ ցանել, մաշկիս վրա զգացի, թե ինչ ծանր է գյուղացու գործը: Որքան դժվար է հող մշակելը և որքան ջանք ու եռանդ պետք է ներդնել լավ բերք ստանալու համար: Տանջանքը շատ է, բայց ուրիշ ի՞նչ կարող ենք անել: Մի՞թե պետք է թողնենք գյուղը ու հեռանանք, իսկ ո՞ւր մնաց հայի աշխատասիրությունը: Շրջապատիցս բազում անգամ լսել եմ, որ ասում են.

-Ի՞նչ կա էս գյուղի մեջ, բա էս էլ ապրելու տե՞ղ ա…

Չեք ուզում աշխատել, գուցե դրանի՞ց է: Թողնել-հեռանալը հարցի լուծում չի: Իսկ,եթե փորձենք ամեն մեկս մեր ներդրո՞ւմը ունենալ գյուղի զարգացման մեջ: Ես տարվա մեջ շատ քիչ եմ բացակայում գյուղից, բայց ինձ համար իմ հայրենի տնից հեռու անցկացրած ամեն մի ժամ մի հավերժություն է թվում: Ուզում ես՝ հարյուր քաղաք գնա, բայց վերջում տուն մտնելուց հասկանում ես, որ ամենահյուրասեր, գեղեցիկ վայրը հայրենի տունն է:

Սիրելի ընկեր, գյուղատնտեսությամբ զբաղվելու մեջ ոչ մի վատ բան չկա: Պետք չէ վատ զգալ բահ բռնելուց, կամ ծաղրել բահ բռնողին: Միշտ դժգոհելով ոչնչի չենք հասնի: Ես ինձ վատ չեմ զգում բահ բռնելուց, մայրիկիս տանը չլինելու դեպքում գոմ մտնելուց: Չէ որ առաջնահերթ այն, ինչ անելու եմ, կանեմ՝ ծնողիս ուսերի բեռը թեթևացնելու համար:

Ամեն մարդ իր աշխատանքն ունի, ամեն մեկս կարողանում ենք գտնել ապրուստ հայթայթելու միջոց: Աշխատելը ամոթ չէ, կապ չունի, թե ինչ է աշխատանքդ: Թող ամաչի այն մարդը, ով ամեն տեսակի աշխատանք կարող է անել, բայց այսօր փողոցում նստած մուրացկանություն է անում: Ու ինչպե՞ս պիտի իր քրտինքով, ծանր աշխատանքով գումար վաստակած մարդը խղճա ու իր ճաքճքված ձեռքով հանի ու ողորմություն տա նման մարդուն:

Աշխատանք կա: Ծանր է, ճակատի քրտինքով, բայց արդար ու արժանապատիվ: