Narek Soghoyan

Արթնացիր

-Նարեկ, բալես, արթնացիր, դպրոց ես գնում:

Մորս քաղցր ձայնից բացեցի աչքերս, զարմանքով նայեցի նրա հպարտ հայացքին, բայց չհասկացա, թե ինչն էր նրա հպարտության պատճառը: Հետո շտապ վեր կացա անկողնուցս, հագնվեցի, վերցրեցի ծանր ու մեծ պայուսակս ու առաջին անգամ ծնողներիս ուղեկցությամբ գնացի դպրոց: Անչափ լարված էի:

Այդ օրվանից ահա անցել է արդեն տասներկու տարի, ու նոր եմ հասկացել մորս հպարտ հայացքի պատճառը: Հպարտ էր, որովհետև դպրոց էր ճանպարհում իր փոքր երեխային` ինձ:

-Նարեկ, բալես, արթնացիր, դպրոց ես գնում…

Ու նորից անցած տասներկու տարիների յուրաքանչյուր օրվա նման մորս քաղցր ձայնից բացեցի աչքերս ու այս անգամ հպարտ հայացքի մեջ տեսա նաև թախծոտ աչքերը, որոնք ինձ այնքան բան էին ասում:

Այս անգամ էլ լարված էի, որովհետև դպրոցական կյանքիս վերջին օրն էր:

Պայուսակ չվերցրեցի, կամ ավելի ճիշտ, վերցրեցի, բայց այս պայուսակը տեսանելի չէր, սա մի ուրիշ պայուսակ էր, որ կոչվում էր կյանքի փորձ: Ի՞նչ է, մտածում եք տասներկու տարին ի՞նչ է, որ կյանքի փորձ էլ անվանում եմ: Ոչ բարեկամս, սխալվում ես, այդ տասներկու տարին ինձ համար ամեն ինչ էր, ամեն ինչ: Մի՞թե փորձ չէ, երբ սիրում ես կամ սիրվում:

Ասում են, թե այս տարիները իմ կյանքի հեքիաթային տարիներն են եղել, ուրեմն ավարտվեց իմ հեքիաթը ևս… Հեքիաթ որ կոչվում էր դպրոցական կյանք: