Գյուղի աստեղային շաբաթը

Գյուղից դեպի դուրս գնացող ճանապարհին միշտ խցանում է, ներս են գալիս մեկ-մեկ, մնում՝ հազվադեպ։ Դեպի գյուղ եկող ճանապարհին երբեմն լսվում է հին մեքենայի՝ բերքի ու գյուղական մթերքի ծանրության տակ ճռռացող անիվների խուլ տնքոցը ու ղեկին նստած ծերուկի հառաչանքը։ Ձմռանը ծերուկն ու մեքենան չեն երևում ճանապարհին։ Մեքենան չի դիմանա ձմռան ծանրությանը, ծերուկն էլ։

Գյուղի փողոցները վաղուց մթությունը ցրելու աստիճան լուսավորված չեն. հին լույսերը չեն աշխատում, նորը գնելու համար մարդիկ չկան, պետք էլ չի: Մի քանի տուն է նշմարվում՝ բակի պատին իմիջիայլոց լույսեր գցված. երեխաները մի քիչ կուրախանան, ավելին անելու ժամանակ չկա, հավես չկա, պետք էլ չի:

Գյուղն այնքան փոքր է: Մարդիկ էլ, սերն էլ այնքան են պակասել, որ փողոցով քայլելիս հաջորդ տարվա համար ամեն հանդիպողին կարող ես առանձին բարեմաղթանք ասել հատուկ իր համար, իր կյանքը իմացողի, խնդիրը հասկացողի, երազանքը գուշակողի նման, ամեն մեկին իր փայ երջանկությունը ցանկանալ: Ամեն մեկին առանձին գրկել, ամեն մեկի հետ մի բաժակ խմել ու մի կտոր հաց կիսել, Ռաֆիկ պապին հանդիպելիս ասել՝ մի տարի էլ գլորեցիր, ծերո՛ւկ, ու երբեք նրան նեղացած չտեսնել քո խոսքերից, դրա կարիքը, թերևս, չկա, պետք էլ չի:

Գյուղն այնքան փոքր է, ցուրտ է, որ մարդիկ ուզած-չուզած իրենց ներսի ջերմությունն են դուրս բերում: Առաջվա մարդաշատ փողոցներին փոխարինել են մի քանի տան վառվող վառարանները, մարդաշատ փողոցներում իրար անտարբեր հայացքով նայողները դարձել են հարևանի հետ անընդհատ խոսել ցանկացողներ, ոմանք էլ ուղղակի հարևանի կարիք ունեն, որ զգան՝ մարդիկ ապրում են, ինչ-որ մի տեղ, բացի իրենցից:
Գյուղի Նոր տարվա հեքիաթը ձմեռ պապերն ու նվերները չեն, Նոր տարվա իսկական հրաշքը դեկտեմբերի վերջին գյուղ եկող ճանապարհի խցանումներն են, կյանքում միակ տեղն ու ժամանակը, երբ խցանումը երջանկացնում է. տուն են գալիս։

Տոներն անցան: Գյուղը նորից փոքր է ու մենակ:

Հունվար, 2018