aniharutyunyanarm

Գյուղում հենց այնպես ոչինչ չեն սիրում

- Էս ձմեռը չեմ սիրում, էլի, – հայտարարեց Գևորգը, ու օղի թորելու սարքի մոտ հավաքված ընկերները հավասար շարժումով բարձրացրին գլուխները, զարմացած նայեցին մեկ Գևորգին, մեկ իրար։ Գևորգը, որ վերջին 6 տարում միայն ձմռան իշխանությունն էր ընդունում, հիմա հանկարծ հայտարարում է, որ չի սիրում։

Չսպասեց, որ ընկերները հայացքները բառեր դարձնեն ու առանց այդ էլ բոլորի համար հասկանալի հարցը տան՝ քեզ ի՞նչ եղավ, էդ ինչի՞։ Շարունակեց այնպիսի տոնով, որ թվաց՝ քիչ առաջվա հայտարարության հետ ասելիքն ընդհանրապես կապ չունի.

- Երեկ տղես էր զանգել։ Ասեց՝ չեն գալու էս տարի ձմեռը. գործը շատ ա։

Նույն հավասար շարժումով, ամեն ինչ հասկացածի հոգոցով ընկերները շարունակեցին իրենց գործը. մեկը կրակին էր հետևում, մյուսը օղու աստիճանն էր չափում, երրորդն էլ «զակուսկին» էր շարում սեղանին։ Գևորգը շարունակում էր ծխել ու չսիրել ձմեռը։

Առհասարակ գյուղում ոչ ոք հենց այնպես, ուղղակի իր կամքով ինչ-որ եղանակ չի սիրում։ Ամեն ինչ կապված է եղանակի բերած խնդիրների ու չբերած պտուղների հետ։ Մարդիկ հիմնականում սիրում են գարունը, որովհետև այստեղ գարունը միայն գեղեցիկ խոսքերով չէ, որ ասոցացվում է հույսի հետ: Գյուղացիների համար յուրաքանչյուր գարուն այգիների ծաղկման, հողի բերրիության ու ցրտահարված ծառեր չտեսնելու հույս է:

Ամառն ինչպե՞ս սիրես, երբ դաշտում գործ անելիս պատսպարվելու տեղ չկա, մի ծառ է, այն էլ մի քանի րոպեով սուրճ խմելու համար: Ամառն այնքան էլ չեն սիրում, որովհետև գյուղում սկսում են ապրել այլ ժամային գրաֆիկով. արթնանում են լույսը չբացված` մի քիչ հովին դաշտ գնալու, որ հասցնեն մինչև կեսօր գործն առաջ գցել: Կեսօրից հետո անհնար է. փողոցներում մարդ չես գտնի, բոլորը լրացնում են քունն ու սպասում երեկոյան հովին: Ամառը չեն սիրում երկար օրերի համար, որովհետև որքան ուշ է մթնում, այնքան շատ են գործ անում: Բայց ամառը նաև երբեմն սիրում են. տունը տաքացնելու մասին չեն մտածում, կոմունալները շատ չեն, ու տղամարդիկ ամեն օր ստիպված չեն վառարանի մոխիրը թափել:

Աշնանը գործը որքան շատ է լինում, մարդիկ այնքան գոհ են. չէ՞ որ նշանակում է` բերքն առատ է: Պատրաստ են առանց հանգստի հավաքել դաշտերից, պահածոյացնել, առավոտ կանուխ շուկա գնալ` դատարկ մեքենայով վերադառնալու հույսով: Աշունը սիրում են, երբ ամեն ինչ ըստ ցանկության է դասավորվում, ու մարդիկ պատրաստվում են ձմռանը` վաստակած հանգստին: Պատրաստվում ու վառելիք են գնում, խոպանից տղաներին ու թոռներին են սպասում, ու ձմեռը չեն սիրում, եթե նրանք որոշում են չգալ…