vahan chobanyan

Գյուղում ուրիշ է

Գյուղում  ուրիշ  է, գյուղի կյանքն ուրիշ է: Գյուղում օրակարգ կա, ոչ մի տեղ չգրված, բայց մարդկանց ուղեղում դաջված օրակարգ կա: Գյուղում օրը շատ շուտ է սկսվում, առանց մեր խելացի գաջեթների, առանց զարթուցիչների, բայց միշտ նույն ժամին, ու ամենակարևորը ճիշտ ժամին:

Գյուղում չես կարող ուշանալ ու երկար քնել, որովհետև կաթի ավտոն (տներից կաթ հավաքող),  լավագույն դեպքում, հաջորդ անգամ իրիկունն է գալու, իսկ մինչև էդ կաթը կթթվի: Գյուղում չես կարող ալարել ու վեր չկենալ անկողնուց, որովհետև հորթին պետք է կերակրել, չկերակրեցիր՝ կնեղանա, չի աճի, իսկ դու պիտի վաճառես նրան, որ քաղաքում  սովորող էրեխուդ վարձը վճարես:

Գյուղում չես կարող հինգ րոպե ավել քնել, որովհետև կատուն կօգտվի առիթից ու հավի ձվերն իրանով կանի. բա շաքարն ինչո՞վ  ես առնելու: Ու էդպես ամեն ինչն իր ժամն ունի. խմոր հունցելը, հարևանի հետ կոֆե խմելը, հավերին «զբոսանքի ուղարկելն» ու անգամ հարևանի կատվին նախատելը: Ամեն ինչ իր ժամն ունի, ու դա գիտեն բոլորը, բայց ոչ մեկը չգիտի, թե ով է սահմանել կամ ինչպես են սահմանվել այդ ժամերը: Եթե հարցնես, թե ինչու հենց այդ ժամին, կարող ես անհարմար դրության մեջ դնել հարցվողին:

Գյուղում աշխատանքն էլ ուրիշ է. առանց գրաֆիկի, երբեք չվերջացող: Գյուղում չես կարող չաշխատել, պարապ մնացիր՝ սոված կմնաս, վաղվան էլ չես կարող թողնել այսօրվա գործը, որովհետև ամեն օրն իր գործն ունի, ու բացի այդ, գյուղում դու ինքնագլուխ չես, դու հարմարվում ես, հարմարվում ես բնությանը, նրա կանոններին, հետևում նրա ազդակներին։

Գյուղում մարդը դեռ չի հասցրել շատ հեռանալ բնությունից, նրանց ներդաշնակությունը դեռ այնքան էլ չի լղոզվել։ Գյուղի ամենաճշգրիտ օդերևութաբանական տվյալները տատիկ-պապիկներն են տալիս` կարդալով բնության ձեռագիրը։ Այնտեղ, լեռան ստորոտին, ծառերի ստվերում, ուր ասֆալտի բույրը մի քանի տասնամյակը մեկ են զգում, էստեղի նման  բողոքում են առատ արևից, նոր ընդունված օրենքներից, առաջվա համը չունեցող սուրճից, խանութներում թանկացումից։ Այնտեղ էլ, խոնավ օդի մեջ, տերյանական սեր են խոստովանում, խոստումներ տալիս, այնտեղ էլ են դավաճանում. դիմացինին ու իրենք իրենց։ Բայց…

Գյուղում ուրիշ է, գյուղի կյանքն ուրիշ է, ուրիշ համ ու հոտ ունի։ Էստեղի ասֆալտի բույրը թույլ չի տալիս զգալ գյուղինը, էստեղի բիստրոների արագ համը թույլ չի տալիս զգալ գյուղինը։ Գյուղում ուրիշ է։