Seroj zinvor

Տարվա վերջին նյութս, բայց առաջին անգամ բանակից

Չգիտեմ` որ նախադասությունից, որ բառից կամ մտքից սկսեմ գրել: Որտեղից գրեմ, որպեսզի լինի կարճ, հակիրճ, հասկանալի, բայց խնդիրն այն է, որ պատմելու շատ բան կա, բայց նաև քիչ ժամանակ:

Ուզում եմ սկսել հենց նրանից, որ առանց ոչ մեկին զգուշացնելու, առանց ցտեսություն ասելու անսպասելիորեն մեկնեցի զինվորական ծառայության: Նախատեսված օրվանից՝ մեկուկես տարի անց, նույն 2019թ. ամռանը՝ հուլիսի 24-ի երեկոյան իմացա, որ պետք է գնամ պարտքս տալու, իսկ գնալուս օրը` հուլիսի 26: Երևի արդեն պարզ է, թե ինչու առանց ոչ մեկին նախազգուշացնելու, որովհետև կար ընդամենը մեկ օր պատրաստվելու համար, իսկ երկրորդ օրը արդեն` բարի ծառայություն: Սա է իմ այն գլխավոր պատճառը, որ մինչև հիմա չես կարդացել իմ նյութերը, տեսել ֆոտոները և վերջ ի վերջո, անպատասխան են մնացել քո նամակները:
Հուլիսի 28, օր, որն արդեն պարզ էր, թե ես որտեղ եմ ընկել և որտեղ եմ անց կացնելու իմ ամբողջ ծառայությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Մարտակերտ, 5-րդ Պաշտպանական շրջան: Առաջին անգամ դարպասներից այն կողմ որ մտա, կարծես գունավոր և մեկ այլ կյանքից տեղափոխվեի մեկ այլ` ուրիշ կյանք, որտեղ գույները երեքն են՝ կանաչ, դարչնագույն և սպիտակ: Հիմա կասեք` դրանք ի՞նչ են, բայց դրանք գույներ են, որոնք ամենուր են` հագուստից սկսած մինչև շինություններ:

Մինչև Զինվորական երդում տալու արարողությունը ծառայությունը նման էր ճամբարի, կամ մեդիա ծրագրի, որտեղ դու անում ես օրվա յոթանասուն տոկոսը շարային պատրաստություն, ճիշտ կանգնել, քայլել, աջ-ձախ դարձ ու թվում է, թե երդման արարողության ժամանակ կգան ընտանիքիդ անդամները, և իրերդ կհավաքես և կգնաս տուն: Բայց դե չէ, այդ ամենից հետո, երբ վերադառնում ես, տեսնում ես, որ չէ, ամեն ինչ լուրջ է, ի՞նչ ճամբար կամ` ի՞նչ մեդիա ծրագիր: Դու արդեն տվել ես հայրենիքդ պաշտպանելու երդում, դու ունես արդեն քեզ կցված զենք և, ինչու չէ, նաև պատիվ` սահման պաշտպանելու: Արդեն սկսում ես խորանալ մարտավարական, մարտավարամասնագիտական առարկաների, մասնագիտական զենքի, ֆիզիկական պատրաստության և ցանկացած դժվարություններ հաղթահարելու ուղղությամբ: Առավոտյան 06:40 մարզանք, առանց վերնաշապիկի, մութ, 3կմ վազք, մարմնամարզություն՝ քամի, հետո արագ անկողինների հարդարում, լվացվել, շարվել դեպի ճաշարան ու հետո` ըստ օրվա կարգացուցակի: Եղել են պահեր, երբ հոգնում էի, երբ ինչու չէ, նաև ասում` ոչ թե հոգնել եմ ֆիզիկապես, այլ հոգեպես այս կրկնվող առօրյայից: Շատ ժամանակ, երբ չուզելով էի վազում առավոտվա մութ ժամին, սկսում էի ինքս ինձ հետ զրուցել: Տրտնջում էի` ինչո՞ւ, սա, ախր, լավ չի է, շատ երկար ա: Գոնե էսօր չվազենք կամ քիչ մարզվենք: Բայց մի օր հասկացա, որ վազելը դարձել է հասարակ մի բան: Ու նաև հասկացա, որ ցանկացած դժվարություն հաղթահարելի է, ու պետք է միայն ժամանակ և հետո, ինչու չէ, նաև սկսում ես լավ զգալ, որ ֆիզիկական տվյալներիդ մեջ առաջընթաց կա: Դե չասեմ նաև այն, որ հենց այդ առավոտյան մարզանքները, տքնաջան պայքարելը և լավ արդյունքին ձգտելն էր, որ քննության ժամանակ հանձնաժողովի կողմից բարձր գնահատվեց, և այդ ժամանակ հասկանում ես, թե ինչու պիտի առավոտյան հաղթեիր ծուլությունդ ու վազեիր:

Բանակը դա մի վայր է, որտեղ դու անցնում ես փուլեր, ու այդ փուլերը քեզ տալիս են այս ամենը՝ պայքարել և նպատակին հասնելու կարողություն: Հասկանում ես, որ «չեմ կարողանում» չկա, այլ կա «չեմ ուզում»: Գնահատում ես քաղաքացիական կյանքը և ինչու չէ, նաև սկսում են հեշտ թվալ մի շարք խնդիրներ, որոնք ժամանակին եղել են իբր թե չլուծվող: Մեկը այն, որ եթե ես ինձ համեմատեմ բանակից առաջ և հետո, ապա եղել է նման մի բան, երբ առավոտ 09:45 մի կերպ արթնացել եմ, որ գնամ դասի, հիմա ես արթնանում եմ 06:20, բայց արդեն արագ ու 45 վայրկյանում հագնվելով: Երբ գնում էի համալսարան ընդամենը մաքուր հագնված, սմարթֆոնի օգնությամբ և իմ դիմաց դրված թղթերի ու մատիտների շնորհիվ գծում էի գծագիր ու գալիս տուն, ասում էի` ի վիճակի չեմ, հոգնած եմ, չեմ կարող դաս անել, իսկ էստեղ այդ վաղ առավոտյան  մարզանքից հետո, արդեն ոչ թե սմարթֆոնով, այլ ամենապարզունակ ֆունկցիաներով հեռախոսով, որով մեկ տառ գրելու համար պետք է կոճակը սեղմես գոնե 3 անգամ, հագնված ոչ թե ժամանակակից, այլ զինվորական հագուստ, ու ոչ թե բոթասներ, այլ մեծ ու ծանր սապոգներ և, ամենակարևորը, ոչ թե նստած աթոռին` կարկինը ձեռքիդ, այլ փորի վրա պառկած հողին, զենքը ձեռքիդ ու սողեսող առաջանում ես դեպի նշված վայրը: Ու այդպես մինչև օրվա ավարտ:

Դե արդեն երևի պատկերացրեցիք, թե ինչպես կշարունակեմ ուսումս բանակից հետո: Այո, միանշանակ առանց ալարելու կամ ասելու, թե հոգնած եմ, չեմ կարող դաս անել: Բանակում ես դառնում տղամարդ, էստեղ ես դու ստեղծում հարց, քո ստեղծած հարցին տալիս քո ստեղծած լուծումը և հետո, եթե դու ամեն ինչ ճիշտ ես արել, ապա դու սկսում ես լավ զգալ, որ արեցիր ճիշտ քայլ: Դու ճիշտ ես ուղղորդվում, իսկ հակառակ դեպքում, դաս քաղում, չկրկնում հաջորդ անգամ և ինչու չէ, նաև բոլորից հեռու դու միայնակ լինելով, ճանաչում ես քեզ, թե ով ես դու բոլորից հեռու, մենակ օտար միջավայրում: Բանակային ծառայողական կյանքը նաև քեզ նախապատրաստում է ինչ որ տեղ քո ապագա կյանքին: Այնպես չէ,  ործառայության ընթացքում սովորածդ պետք է միայն այդ երկու տարվա համար: Այդ երկու տարվա փորձը կարող է նաև պետք գալ այն ժամանակ, երբ  կունենաս ընտանիք ու, հարկ եղած դեպքում, գիշերը չես քնի կամ առավոտյան շատ շուտ կարթնանաս, որպեսզի կարողանաս վաստակել օրվա հացդ և պահես ընտանիքդ: Եթե անկեղծ խոսենք, ես չեմ ուզեցել ծառայել: Ոչ թե այն պատճառով, որ ուղղակի չեմ ուզում կամ վախենում եմ, ինչպես հիմա  ոմանք են մտածում: Ոչ, ես սահմանամերձ գյուղից եմ ու ներկայիս զորամասը, որտեղ ծառայում եմ, դիրքեր չեն երևում, մինչդեռ իմ տան հյուրասենյակից երևում են ադրբեջանական դիրքերը, որտեղից կարող է ամեն պահի կրակ բացվի ու հաճախ էլ բացվում էր:

Հա, կիսատ մնաց, շարունակեմ: Ոչ թե այդ պատճառներով չէի ուզում ծառայել, այլ այն, որ այդ երկու տարվա մեջ կարող էի ուսումս շարունակել, գնալ առաջ մասնագիտական գիտելիքներով և նման մի շարք պլաններ ունեի: Բայց բանակ գալուց հետո ես փոխել եմ կարծիքս: Անգամ փոշմանել եմ, որ չէի ուզում ծառայել: Հիմա վստահ եմ, որ այս հինգ ամիսներն ինձ այնպիսի բաներ են տվել, որոնք շատ կօգնեն ողջ կյանքում: Դժվարությունները հաղթահարելուց հետո է կյանքը դառնում հաճելի ու հեշտ, եթե չանցնես այդ ամենի միջով, անգամ այդ հաճելի և հեշտ կյանքը քեզ համար կարող է թվալ վատը ու ձանձրալի: Բայց կա նաև մի այսպիսի զգացողություն, երբ գալիս է մի պահ, որ ոչ բանակի առօրյան, ոչ անհարմար հանդերձանքը, ոչ մազերիդ բացակայությունը, ոչ էլ մի ուրիշ բան, անսովոր չեն թվում: Բայց այստեղ է, որ քեզ այցելում է կարոտը:  Կարոտ` քո բակում գտնվող ծառի, աղմուկի, քաղաքի քո ամենասիրելի փողոցի և ամենակարևորը, քո հարազատների հանդեպ: Գիտեմ, հիմա անգամ ծիծաղելի է թվում, բայց զորամասի տարածքում խանութում աշխատող կնոջը միշտ նմանեցրել եմ տատիկիս, նայել իրեն, հիշել տատիկիս, անցել, բայց եկել էր նաև մի պահ, որ կարոտը խեղդում էր, և այդ անծանոթ կնոջը, ում չէի ճանաչում, ու ագամ, երբ խոսում էր Ղարաբաղի բարբառով՝ քիչ էր մնում գնայի, իրենից իրեն գրկելու թույլտվություն խնդրեի: Կամ` երբ փոքր երեխա էի տեսնում, ուզում էի ուղղակի հետը խաղալ, իրեն քաղցր նվիրել ու հարազատի հետ շփվելու էներգիան հանես: Անծանոթ մարդկանց սկսում ես նմանեցնել մտերիմներիդ, ու ամեն իրենց տեսնելիս հիշում տվյալ ծանոթիդ, որ թվա, թե տարածքում հարազատ մարդ կա:

Ու այսպես անցկացրեցի ուսումնկան գումարտակի հինգ ամիսները և վերադարձա տուն` տասը օր արձակուրդ: Հիմա արձակուրդիս վերջին օրն է: Մնացած օրերը ինձ համար եղել են շոկային, անսովոր, ու էնպիսի տպավորություն էր անգամ, որ ես իմ ամբողջ կյանքում բանակում եմ եղել, իսկ իմ քաղաքացիական կյանքը ուղղակի պատկերացրել եմ չկա: Արձակուրդիս երրորդ օրը ամեն ինչ ընկավ իր տեղը: Չկար էնպիսի օր, որ մեր տուն հյուրեր չգային: Ինչ խոսք, հաճելի էր: Ուզում էի ժամանակը կանգնեցնել, բայց դե անհնար է, անցնում է ու մի բան էլ երկու անգամ ավելի արագ, քան զորամասում: Բայց ինչքան էլ արագ անցներ, մեկ է, ես որոշել էի, որ պետք է մի օր հատկացնեմ Բաղանիսից Երևան գալուն. այցելել համալսարան, տեսնել քաղաքի ծանոթներիս, քայլել ամենաշատ քայլածս փողոցով, որտեղ հինգ ամիս չէի քայլել, ու նոր խիղճս հանգիստ հետ գնամ զորամաս:

Այսօր իմ վերջին օրն է արձակուրդի: Անգամ օր էլ չկա արդեն, կեսգիշերն անց է, բայց դե չէի կարող չգրել չկիսվել: Շատ եմ սպասել արձակուրդին, որ գամ նյութ գրեմ, հիշեցնեմ, որ անկախ իմ էստեղ չլինելուց, մեկ է, ուշ-ուշ, բայց ես էստեղ եմ:

Չգիտեմ, միգուցե քեզ դուր չեկավ իմ գրելու ոճը, կամ էս նյութս տարբերվեց առաջվա նյութերից, բայց ուղղակի ես որոշել էի գրել: Մի քանի ժամից լույսը կբացվի, ու ես կգնամ: Շատ հնարավոր է անգամ չկարողանամ տեսնել իմ նյութը կայքում տեղադրված, բայց ինձ թեթևացած եմ զգում հիմա, որ գրեցի, կիսվեցի և որոշ չափով պատմեցի: Էլի կան պատմելու բաներ, զվարճալի պահեր, բայց ռազմական գաղտնիք ասածը պահպանելով, ուզում եմ հենց էս նոտայի վրա էլ ձեզ «հաջող անել»:

Ես մի քանի ժամից գնալու եմ: Արդեն ինձ սպասվում է մեկ այլ ծառայություն, որի անունն է մարտական հերթապահություն՝ դիրքեր: Այդ ծառայությունը տարբերվելու է իր բնույթով, լրջությամբ և պատասխանատվությամբ, և ինչու չէ, նաև այդ ամենի հետ միասին հպարտությամբ ես գնում մի զորամաս, որտեղ Քառօրյայի ժամանակ քաջարի մահով են ընկել Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը, Արմենակ Ուրֆանյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և մի շարք առյուծ տղաներ, որոնց սխրանքների շնորհիվ է, որ այսօր մեր դիրքերը անառիկ են:
Չգիտեմ իմ հաջորդ նյութը երբ կգրեմ, մյուս արձակուրդի՞ն, մինչ արձակո՞ւրդ, թե՞ ծառայությունը ավարտելուց հետո, բայց մինչ մյուս նյութ գրելս ու մինչ զորամաս գնալս ուզում եմ ասել, որ երկիրը սահմանից է սկսվում, իսկ սահմանը հենց այդ գոտին է, որտեղ դու պարտքդ ես տալիս և պաշտպանում քեզ, հարազատներիդ, ընկերներիդ, ընկերուհուդ և ի վերջո, հայրենիքդ, որը երկու տարի անց պիտի շենացնես քո ստեղծարար աշխատանքով արդեն:

Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը, մաղթում սահմանին խաղաղություն: Կհանդիպենք դարձյալ այստեղ` նոր նյութով: