milena barseghyan

Գնահատելու մասին

Ինձ տուն տանող երթուղայինն ամեն օր «ձևեր է թափում» և գալիս է միայն քառասուն րոպե սպասեցնելուց հետո։ Երբ ես դեռ կանգառում եմ, դասընկերներս այդ ընթացքում հասցնում են գնալ տուն, ճաշել, բողոքել, ալարել։ Բայց ի՞նչ արած, իմն էլ այդ է։

Եթե մոտենում եմ կանգառին և հանկարծ նկատում ինչ-որ հրաշքով երփուղայինն այնտեղ է, խելապատառ վազում եմ նրա մոտ, և հանկարծ այն չի սպասում, վազում եմ նրա հետևից, բայց չի կանգնում․․․

Այդ եղավ երեկ։ Վիրավորված և շնչակտուր կանգնեցի, մտածեցի՝ չունեմ ավելորդ քառասուն րոպե հաջորդին սպասելու համար։ Երևի ինձ սփոփելու համար էր, որ այդ պահին եկավ տատիկիս տուն գնացող երթուղայինը։ Նստեցի ինձնից գոհ, կարծես ի սկզբանե հենց այդ երթուղայինին էի սպասում։ Հասա տատիկենց թաղերը, իջա։

Կանգառից քիչ հեռու, մի կին յասամաններ էր վաճառում։ Տատիկիս ուրախացնելու հիանալի միջոց է անուշահոտ ծաղկեփունջը։ Ժպտալով մոտեցա.

-Բարև Ձեզ, ի՞նչ արժե։

-Փունջը՝ 1000 դրամ։

Սկսեցի մտածել՝ ո՞ր երանգի փունջն եմ ուզում։ Մինչ ես մտորումների մեջ էի, կինը չգիտեմ ինչ ենթադրելով՝ ասաց՝ 600-ով վերցրեք։

Ես այնպես նեղվեցի, այնպե՜ս։ Մի՞թե այդ յասամանների արժեքը կարելի էր շատ համարել, մի՞թե տատիկիս ուրախացնելու միջոցը կարելի էր սակարկել։

Ես չգնեցի յասամանները։