arxiv

Գնդակը, «Կուբոկը» և մեր չհաջողված ֆուտբոլը

Ուռա, վերջապես գնում ենք: Ո՞ւր: Դե իհարկե, տատիկիս տուն: Հիմա կզարմանաք, կմտածեք, թե ինչու եմ այսքան ուրախացել: Ուրախացել եմ, որովհետև մեր շենքը բակ չունի, և մենք օրերով չենք կարողանում խաղալ և միայն տատիկիս բակում ենք ամբողջ օրը խաղում: Խաղում ենք՝ ինչ ուզում ենք, էլ պահմտոցի, էլ բռնոցի, էլ ֆուտբոլ: Մի խոսքով, ամեն ինչ: Վաղ առավոտից անընդհատ շտապեցնում ենք մայրիկին.

-Մամ, լավ էլի, շուտ արա:

-Մամ, մի գործ էլ տուր ես անեմ, շուտ վերջացնենք ու գնանք,- անդադար ասում ենք մեկ ես, մեկ էլ Ռոմանիկը:

Գնացինք: Ահա այնքան սիրելի բակը:

Շատ արագ հավաքվում են ընկերներս, և մենք սկսում ենք ֆուտբոլ խաղալ: Լենան գնդակը փոխանցում է Ռոմանիկին, Ռոմանիկը՝ ինձ: Ես էլ ամբողջ ուժով հարվածում եմ դարպասին: Վայ, այս ի՞նչ եղավ: Գնդակը դարպասի փոխարեն հայտնվում է առանձնատներից մեկի բակում: Այդ դեռ ոչինչ: Հակառակի նման, առանձնատունը շրջապատված է բարձր քարե պարիսպով: Այդ էլ դեռ ոչինչ: Պարզվում է, առանձնատանը մարդ չկա, գնացել են հանգստանալու: Ի՞նչ անել, ինչպես «ազատագրել» մեր գնդակը «գերությունից»: Հերթով բոլորս փորձեցինք մագլցել պարիսպն ի վեր: Ոչինչ չստացվեց: Հուսահատված երեխաները գնացին տուն: Մնացինք ես ու Ռոմանիկը: Ես մի մեծ քար գտա, բարձրացա քարին ու փորձեցի Ռոմանիկին գրկած բարձրացնել պարսպի գլխին: Էլ չեմ մտածում, լավ, ասենք թե մի կերպ բարձրացրի, բա խեղճը հետո ո՞նց պիտի հետ վերադառնա: Ես այսպես տանջվում էի, մեկ էլ լսեցի.

-Վայ, Նարինե, այդ ի՞նչ ես անում:

Մայրիկիս վախեցած ձայնն էր: Քարը շարժվեց ոտքերիս տակ, ես և Ռոմանիկը թրմփացինք գետնին: Դեռ լավ է, որ «թեթև մարմնական վնասվածքներով» պրծանք: Հետո եկավ մի մեծ տղա՝ «Կուբոկ» մականունով, և «ազատագրեց» մեր գնդակը: Ահա այսպես: Բա։