Ծաղկաշենի աղոթատեղիները

Լուսանկարը` Աստղիկ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Աստղիկ Հովհաննիսյանի

Մեր գյուղում շատ են աղոթատեղիները։

Հաճախ է լինոււմ, որ ամռանը կարկուտ է տեղում  ու գրեթե միշտ փչացնում է ամբողջ բերքը։ Իսկ մեր գյուղում՝ Ծաղկաշենում, ոչինչ չի լինում։ Այդ ժամանակ մեր գյուղացիները խաչակնքում են դեմքերը և շնորհակալություն հայտնում մեր գյուղի աղոթատեղիներին։ Ընդհանրապես մեր գյուղում սովորույթ է ամեն լավ բան կապել նրանց հետ։

Վերևում նշել եմ, որ մեր գյուղում շատ են աղոթատեղիները՝ տասնյակների է հասնում նրանց թիվը։ Սակայն ամեն մեկն ունի իր տեղն ու զարմանալի պատմությունը։ Տատիկս միշտ պատմում է այդ զարմանալի պատմությունները։ Ոչ բոլորը կհիշեմ, բայց որը հիշեմ, հիմա կներկայացնեմ։

Երբ Վանից Մուշից մարդիկ գաղթել են Հայաստան՝ մեր գյուղ, իրենց հետ բերել են ձեռագիր Նարեկ։ Որոշել են՝ որտեղ, որ կանգ կառնի եզը հանգստանալու, այդտեղ էլ կկառուցեն աղոթատեղին։ Եվ այնպես է ստացվել, որ եզը երկու տեղ է նստել հանգստանալու, ու այժմ այդ տեղերում երկու աղոթատեղիներ են կառուցված։

Սակայն մի անգամ պատահել է, որ Նարեկը գողացել են։ Այն մարդը, ով հանձն էր առել պաշտպանել Նարեկը, երազում տեսնում է գիրքը ինչ-որ ալրամանում։ Նույն երազը տեսնում է նաև նրա հարևանը։ Եվ նրանք միասին փնտրում են գիրքը ու վերադարձնում աղոթատեղի։

Նաև հիշում եմ մեկ այլ պատմություն, երբ մեր գյուղացիներից մեկը երազում տեսնում է քար, որի վրա փորագրված էր խաչ։ Երբ առավոտյան արթնանում է, տեսնում է, որ այդ քարը իրենց տան դիմաց է, և հաջորդ օրը սկսում է շինարարական աշխատանքները։ Մի քանի օր անց արդեն կառուցվել էր աղոթատեղին, որի կենտրոնում  փորագրված խաչն էր։

Լուսանկարը` Աստղիկ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Աստղիկ Հովհաննիսյանի

Մենք նույնպես ունենք աղոթատեղի, որտեղ շատ հաճախ ենք երեխաներով մոմ վառում ու խնդրում Աստծուն, որ վաղը նույնպես միասին լինենք։ Երբ ստանում ենք սրտներիս ուզածը, Աստծուն գոհացնելու համար մաքրում ենք ամբողջ աղոթատեղին փոշուց ու սարդոստայնից։

Ճիշտ է, մեր գյուղում չկա եկեղեցի,  բայց նրա տեղը լրացնում են աղոթատեղիները։