Ani avetisyan

Գնում են ու չեն գալիս. 25 տարի անցավ

Ո՞նց է լինում, որ մարդ կորչում է: Գնում է կռիվ ու հետ չի գալիս: Չի զոհվում: Ոչ ոք այդպես էլ չի համարձակվում ասել, թե զոհվել է: Ուղղակի չի գալիս: Գնում է ու չի գալիս: Ո՞նց է լինում, հը՞…

Ո՞նց: Չգիտեմ: Բայց, հա՜, պատահում է:

Պատահեց մի օր: Կռիվ էր: Պատերազմն էր սկսվել: Նույն այն պատերազմը, որ 25 տարի առաջ սկսվեց ու դեռ ավարտվել չի ուզում: Նույն կռիվը, որի մասին ֆիլմեր են նկարում, նկարում են, որ մենք մի քիչ ավելի շատ զգանք պատերազմը, բայց ախր, մեր կողքին կան մարդիկ, ովքեր ապրել են դա ու ապրում են մինչ օրս:

Նույն կռիվն էր, որ եկավ ու տարավ տղերքին: Տարավ ու էլ հետ չբերեց: Բայց ո՞նց: Ասում էին՝ վահանով կամ վահանի վրա: Պատերազմի օրենքներում վահանն առանց տիրոջ տուն չէր գալիս ու ոչ էլ մնում էր դաշտում: Պատերազմի օրենքներում ո՞վ էր, որ ավելացրեց այդ «անհետ կորելը»:

Քսանհինգ տարի առաջ էր: Երևի արևոտ օր էր: Երևի, որովհետև չեմ տեսել: Երևի արևն էլ սովորականից ավել կամ պակաս պայծառ չէր, ու ոչ ոք արևին դեռ արցունքի միջից չէր նայում:

Կռիվ սկսվեց: Տղերքը ջոկատներ էին կազմում, զենք գտնում, զինվում ու զինվորագրվում: Իրարանցում էր, խուճապ, վախ ու աղոթքներին խառնված արցունքներ: Այդ օրերին նույնիսկ օդը չարագույժ էր դարձել: Մարդիկ այդ օդից կռիվ ու վառոդ էին շնչում, բայց վախ չէր, որ արտաշնչում էին, այլ՝ միասնություն: Երևի չէ՝ հաստատ: Հաստատ, որովհետև գիտեմ, ինքս եմ տեսել, թե ոնց մի օրում մի բռունցք ենք դառնում, ինչպես ենք գտնում ինքներս մեզ ու մեր մեջ՝ իսկական հային:

Պատմության գրքերի մեջ միշտ դա չեմ սիրել: Չէ, չնայած գրքերը կապ չունեն: Մեր մեջ էր սխալ միայն վտանգի ժամին մեկ դառնալը, մերն էր սխալը, որ տղերքը գնացին ու չեկան: Դե, եթե այդ օրվա կամ ապրիլի նման միշտ լինեինք, էլ ի՞նչ թշնամի կամ սատանա կարող էր տանել տղերքին: Կգային նրանք, ու մայրերն էլ զուր չէին սպասի: Քսանհինգ տարի մեկին սպասելը հեշտ չի, չէ՜:

…Երբ սկսվեց կռիվը, երևի չկար մի քաղաք, գյուղ, մի թաղ ու փողոց, որտեղից զինվոր դարձած հայրեր, որդիներ ու եղբայրներ չլինեին: Տղերքն այնպես էին ուզում օր առաջ ջարդել, հետ քշել թուրքին, որ նրանց հետ չէր պահում ոչ մի տեսակ աղերս, խնդրանք ու հորդոր: Երևի առաջին անգամ էր, որ հայը դեմ էր գնում մորը, հորն ու ընտանիքին: Մայր է՝ կների: Կսպասի…

Մեր տղերքն էլ գնացին: Ամեն մեկը մի ընտանիքի հայր էր, որդի, եղբայր: Գնացին, բայց խոստացան, որ կգան:

Նա էլ էր ընտանիքի հայր: Հրաչ էր անունը, երևի իրոք հրե աչեր ուներ: Երևի՝ չեմ տեսել: Նկարում կրակներ չեն լինում, իսկ աչքերում կարող էին լինել: Եթե չլինեին, երևի չգնար ու չթողներ երկու փոքրիկներին, կնոջն ու մորը: Չէ, հաստատ նրա աչքերում կրակ կար, ու նույն կրակից սրտում էլ ուներ: Թե չէ՝ չէր գնա:

Գնաց: Գնաց կռվի առաջին օրերից:

Պատերազմը թատրոն չէր, կռվում կանոններն ու դերերն ուրիշ էին: Թատրոնում դերը շփոթել կարելի էր, կռվում՝ ոչ: Չգիտեմ, երևի նա կռվի դաշտում էլ լավ էր տանում իր դերը, ինչպես տարիներ առաջ բեմում:

Իսկ դա ուղղակի պատերազմ չէր: Պատերազմն էլ խաղ չէր, ու ավարտից հետո ինչքան էլ ուզեինք, ոչինչ նույնը չէր լինելու:

Բայց ավարտվեց կռիվը, գոնե մտածում էինք, թե ավարտվեց: Ետ եկան նրանք, բոլոր նրանք, ովքեր մեր գյուղից էին գնացել: Եկան բոլորը, բացի մեկից: Բացի նրանից, ում տանը երկու զույգ վառվող աչքեր էին սպասում ու երկու սիրտ: Մեկը, որ կյանք էր տվել, իսկ մյուսը՝ կյանք գտել նրանում:

Մենք նեղվում ենք, բողոքում ու գոռում, երբ մեկին քսանհինգ րոպեից ավելի ենք սպասում: Բայց ի՞նչ անի նա, ով արդեն քսանհինգ տարի սպասում է: Ի՞նչ անի, ախր, ինքն իրեն չի ների, եթե մի վայրկյան անգամ դադարի հավատալ: Ի՞նչ անի, երբ բառերն անգամ շուրթերից դուրս գալ չեն ուզում, որ գոնե վիշտը պատմի ու իրեն ամոքող լինի:

Այն ո՞վ էր ասում, թե մարդու վիշտը կիսել է լինում: Չէ, ցավը չի կիսվում, այն փակում, սոսնձում է շուրթերն ու մնում սրտում: Այդ ի՞նչ սիրտ է, որ կարող է քսանհինգ տարի սպասել ու հավատալ: Այդ ի՞նչ սիրտ է, որ քսանհինգ տարի ցավը Աստծուց բացի ուրիշին չի պատմում: Մա՜յր է… Մայր, հասկանո՞ւմ եք:

Քսանհինգ տարի է անցել, իսկ մենք դեռ հայրենասիրություն ենք «կարդում»: Դաս ենք տալիս մեզ ու մյուսներին: Եվ թվում է, թե ճիշտ ենք վարվում:

Քսանհինգ տարի չչորացող վերքի վրա աղ ենք լցնում, մտածելով, թե ամոքում ենք: Ո՞վ էր ասում, թե մարդու վիշտը կիսել է լինում:

Չէ, քսանհինգ տարվա ցավն ամոքել չի լինի: Բայց թեկուզ էլի քսանհինգ տարի անցնի, մեկ է՝ մոր սիրտը թաքուն մի հույս կունենա, որ թեպետ որդին հետ չեկավ, բայց նա կա: Կա, աշխարհի ինչ-որ անկյունում:

Չէ, մենք չենք հասկանա:

Ոչ մի մայր էլ հերոս ու բոլորի սրտերում ապրող որդի չի ուզում: Թող լինի աննշմար, բայց լինի, ֆիզիկապես: Լիներ, երանի՜…