Նա գնաց

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Քառօրյա պատերազմից հետո մի դեպք պատմեցին ինձ, որը մինչ այսօր մտքումս է: Ինչպես բոլորի կյանքում, այս աղջկա կյանքում էլ եղան ծանր օրեր, իսկ կորուստն անդառնալի էր: Նա ինձ պատմեց իր հետ կատարվածը, այն, ինչ զգացել էր և այն, ինչ երբեք չէր մոռացվի:

«Ապրիլ, որն այսքան տհաճ երբևէ չէր եղել… Չէ՜, չէ՜ եղել էր։ Ուղիղ մեկ դար ու մեկ տարի առաջ. այսօրվա ցավը բոլորի սրտում էր։ Բոլորը ձեռքերը երկինք պարզած խաղաղություն էին աղերսում, փրկություն, որն այդպես էլ չեղավ։ Ապրիլի երկուսն էր։ Արևը դեռ չէր հասցրել ծագել։ Արթնացա հեռախոսի զանգից։ Նա էր… Քնաթաթախ վերցրի հեռախոսը, դժգոհելով միացրի այն, ու…

-Գնում եմ, պարտավոր եմ գնալ։ Չհարցնես ոչինչ… Ուզում եմ իմանաս, որ միշտ մտքումս ես լինելու։ Ուզում եմ իմանաս, որ հենց քեզ համար եմ գնում, քո խաղաղ օրվա համար…

-Սպասիր, ո՞ւր ես գնում, ի՞նչ է պատահել, ոչինչ չեմ հասկանում։

-Լավ նայիր քեզ։ Միշտ ժպտա… Քեզ շատ եմ սիրում…

Կախեց հեռախոսն ու չքացավ։

Չէ, հիմա ասեք՝ ես ի՞նչ անեմ։

Ուղեղս բթացավ, կորցրեցի խոսելու, լսելու, հասկանալու ունակությունս։ Գլխիս վրա այդ պահին սև ամպեր կուտակվեցին, և ինձ մնաց լոկ սպասել, բայց թե ինչին՝ ես էլ չիմացա…

Պատերազմը նորից գլուխ էր բարձրացրել։ Կայնքից հեռանում էին անմեղ ու բարի երիտասարդներ, որոնք դեռ պիտի ապրեին, պիտի արարեին… Խելագարվելու բան է…

Անցավ երկու օր։ Այդ երկու օրը շատ բան փոխեց իմ կյանքում, դարձա անտարբեր ու սառը։ Չէի ուզում ոչ ոքի տեսնել, ոչինչ լսել։ Միայն դու էիր մտքումս, անընդհատ նայում էի հեռախոսին, սպասում զանգիդ, ուզում էի լսել ձայնդ, որն այնքան կարոտել էի…

Շրջապատի մարդիկ անդադար խոսում էին տղաներից, որոնք վիրավոր էին, և ավելի վատ՝ որոնք այլևս չկային՝ զոհվել էին… Գժվել կարելի էր։ Վախենում էի, սիրտս դադարում էր զարկել, երբ մտածում էի, որ կարող էի տեսնել անունդ այդ շարքերում։ Չէ, այդ հարվածին ես հաստատ չէի դիմանա։ Ու հետո՝ ես լավատես էի, չէ՞ որ դու էիր ինձ այդպիսին դարձրել…

Հույսով ու անսահման կարոտով սպասում էի զանգիդ, բայց միևնույն ժամանակ, վախենում էի՝ եթե չզանգես, եթե քո փոխարեն ուրիշը զանգի… Դժվար էր։

Չորրորդ օրն էր, էլի քեզանից լուր չկար։ Արդեն սկսել էի ատել բոլորին, բոլորը… Հա, արդեն խելագարության էի հասել։ Անգամ քո մասին լավ ու երջանիկ հիշողություններն էին ինձ լքել։ Էլ չգիտեի՝ ինչ եմ անելու… Հինգերորդ օրը ես ինձ գտա ոչնչացած։ Երկու օր սենյակում փակված մնալուց հետո, վերջապես ուժերս հատել էին, և քնել էի սենյակիս մի անկյունում՝ չգիտեմ էլ՝ ինչպես և ինչքան… Ու զանգն էր, որ արթնացրեց ինձ, այն զանգը որին այդքան սպասել էի…

-Բարև, իմ արև։ Կարոտել եմ քեզ։ Ասա, որ լավ ես։ Ասա, որ ժպտում ես ինձ համար։

Երջանկությունից կորցրել էի բառերս, շուրթերս դողում էին…

-Իմ տղա՜, ոնց եմ կարոտել քեզ։ Խոստացիր, որ շուտ ես գալու, խոստացիր, որ ինձ երբեք մենակ չես թողնելու, խոստացիր։ Առանց քեզ գժվել եմ…

-Գալու եմ, խոստանում եմ։ Անպայման հետ եմ գալու։ Գալու եմ, որ միշտ ժպտաս, արևս… Ամեն օր ավելի շատ եմ քեզ սիրում…

Ասաց ու նորից չքացավ։ Բայց այս անգամ ուրիշ էր, այս անգամ ես թևեր առա, չէ որ խոստացավ, որ գալու է. նա միշտ կատարում է իր խոստումները։ Նա հաստատ կգա, վստահ եմ…

Արևը նորից սկսեց շողալ, կյանքի գույները հետ եկան, նորից ուզեցի ապրել, որովհետև կյանքն այնքան հիասքանչ է, երբ դու կաս… Ամբողջ օրս անցավ հեքիաթի պես, կարծես նորից էի ծնվել…

Վաղ առավոտ էր, մռայլ, անձրևոտ մի առավոտ… Զանգում էր հեռախոսը, ու կրկին արթնացա դրա ձայնից… Բացեցի աչքերս, գիտակցության եկա ու մտածեցի. «Նա է… Իմը»:

-Նա էլ չկա։ Ցավոք, նա էլ հերոսացավ,- ասաց այդ ձայնը, ու ես այլևս ոչինչ չլսեցի…

Ականջներս խլացան, ուղեղս մթագնեց, ու էլ ոչինչ չեմ հիշում…

Նա գնաց։ Գնաց, որ ապրեմ իր փոխարեն, իր համար…

Ապրիլի յոթն էր։ Արևը դեռ չէր հասցրել ծագել, և այդ օրվանից արևն էլ երբեք չծագեց ինձ համար»…