Lusine Karapetyan

Գողացված Ֆեմիդան

Հոգնեցրել էին այդ խանութի փափուկ խաղալիքներն ու անիմաստ շարված գունավոր տետրերը: Բայց սկզբից մի անտարբեր հայացքով շոշափեցի, իսկ հետո մոտեցա ու սկսեցի մանրակրկիտ ուսումնասիրել արձանիկը: Այդ արձանի մետաղե դեմքը ծանոթ էր, չնայած աչքերը փակված էին «մետաղե լաթով»: Մի քանի վայրկյան ևս, և…

- Ֆեմիդա˜ն…,-բարձր ու զարմացած ճչացի ես:

Սկզբից մայրս մոտեցավ, հետո աշխատակիցները:

-Մա՛մ, մա՛մ, նայիր, Ֆեմիդան, արդարության Ֆեմիդան…

-Ի՞նչ Ֆեմիդա, ո՞ր Ֆեմիդան…

Ես մատնացույց արեցի գեղեցիկ արձանը:

- Արդարության, օրինականության Ֆեմիդան:

Մորս վախվորած աչքերը լցվեցին ուրախությամբ, որովհետև ես ուրախացել էի. գտել էի երկու շաբաթ փնտրած Ֆեմիդային:

-Սա Ֆեմիդան չէ, սա կշեռք համաստեղությունն է:

-Ի՞նչ կշեռք, սա Ֆեմիդան է, աստվածուհի է, հասկանո՞ւմ եք…

Ու երկար-բարակ սկսեցի պատմել Ֆեմիդայի մասին: Բայց աշխատակցի անտարբեր հայացքից հասկացա, որ նա արձանի մեջ միայն կշեռքն է նկատել, իսկ Ֆեմիդայի մասին չի հասցրել կարդալ…

-Դե՛, մի երկարացրու, ես սա գնում եմ քեզ համար, ուղղակի նվեր…

-Չէ՛, մամ, ես սա իմ փողերով պետք է գնեմ:

-Դու չես աշխատում, չէ՞:

-Բուֆետի փողերը  չեմ ծախսի, կհավաքեմ:

-Իսկ դպրոցում սոված կմնա՞ս, առողջությանդ հետ խա՞ղ ես անում:

-Առավոտյան կուտեմ, կքայլեմ, առողջ ապրելակերպ, և կխնայեմ նաև տրանսպորտի փողը:

-Իսկ ինչքա՞ն է արձանը:

-2000 դրամ, 10 աշխատանքային օր, 2 շաբաթ, հա մա՛մ, խնդրում եմ, արդարության աստվածուհու արձանը մայրիկիդ փողերով չէ, որ պետք է գնես:

-Լավ, լավ, լավ…

Խանութը դադարեց լսել մեր խոսակցությունը, և շարունակվեց այնտեղ տիրող անառևտուր լռությունը:

«Երկու շաբաթ: 2000 դրամ: Ամեն ինչ ճիշտ է»:

Ուրախ, առողջ, և որ ամենակարևորն է, նպատակասլաց երկու շաբաթ: Ամենադժվարը երկուշաբթին էր. մի քիչ հոգնեցուցիչ, բայց հարմարվեցի 200+200+200…=2000: Այդ երկու շաբաթվա ընթացքում Ֆեմիդան այնքան սիրալիր հայացքներ ստացավ, որ երբևէ չէր ընդունել: Ինչ լավ է, որ նրա աչքերը փակ էին, թե չէ մետաղե արձանը կշիկներ…

…-Բուֆետ կգա՞ս:

-Չէ՛, բուֆետ չէ,- ասացի ես ու կիսաուրախ, կիսահեգնական նայեցի դրամապանակիս 2000 դրամին:

-Գոնե դուրս գանք՝ մաքուր օդ շնչելու:

-Լավ, լավ գնացինք:

Եթե չլսեի ընկերուհուս և դուրս չգնայի  կամ եթե դրամապանակս սեղանին չթողնեի, ապա այդ օրը տուն վերադառնալիս կգնեի Ֆեմիդայի արձանը: Բայց ամեն ինչ այդպես չեղավ, ու դրամապանակս այդ օրը դատարկվեց գողության պատճառով: Չհետաքրքրվեցի, թե ով է վերցրել, չէի ուզում ինչ-որ մեկին մեղադրել գողության մեջ…

Խանութի կողքով անցնելիս Ֆեմիդայի վրա մի արհամարհական հայացք էի ձգում… Ինչ լավ էր, որ աչքերը փակ էին, և ավելի լավ էր, որ աչքերը փակ էին «մետաղե լաթով»:

Մանկական պատկերացումներս կյանքի արդարության մասին բախվեցին անարդար կյանքին… Անարդար կյանք, որտեղ Ֆեմիդան ոչինչ փոխել չի կարող:

Մայիս 16, 2014