Meline Hayrapetyan

Գույնը կորցրած քաղաքը

Զարթնում է քաղաքը, որը, գուցե, կարգին չէր էլ քնել։ Ես, ոչ երկարատեւ ապրածիս շնորհիվ, մի բան հասկացա. եթե ուզում ես աշխարհի սիրունությունը զգալ, պետք է արթուն լինել էն պահերին, երբ բոլորը վաղուց քնած են։

Հիմա քաղաքն ու աշխարհը զարթնել են ու թմրեցրել իմ խաղաղությունը։

Ես, նորից մոլորակը կեղտոտող էս արթնության կանոնները վզիս փաթաթած, քայլում եմ՝ յոթ միլիարդի չափաբաժնով քնաբեր սարքել չբաշարողի կիսահուսահատ հարմարվողականությամբ։

Քաղաքը, որում ինձ վիճակվեց արթնանալ, ճակատագրի հանելուկ դարձած խաղի պատճառով, ինչ-որ մի թվի հազիվ է դուրս պրծել երախը լայն բացած երկրի շնչելիքից։

Ես քայլում եմ առատաձեռնության, կամ թե չափազանցության հերթափոխի արդյունքում քաղաք կոչված էս տեղով, ու կոկորդս մղկտում է մահվան՝ էստեղից ոչ մի կերպ չմաքրվող հոտից։

Ես քայլում եմ գույն չունեցող կամ վաղուց անգույն դարձած էս քաղաքով ու սարսափում էն մտքից, որ էս քաղաքում ապրողներին էլ ոչնչով չես զարմացնի։ Էս քաղաքի ժողովուրդը իրար վրա դարսված ու իրենց սառնությամբ իրար մի քիչ ջերմացնող անվերջանալի դիակներ տեսնելուց հետո, պիտի որ անզգայացած լինի վաղուց։ Էս քաղաքում ապրելու համար մարդիկ մի անգամ արդեն մեռնելուց պրծել են ու երևի իրենց միջից մեկընդմիշտ հանել իսկականից մեռնելու վախը։

Էս քաղաքում ապրում են միայն ջահելները … 30-ը հաղթահարածների աչքերից չի ջնջվում մահվան բերանից հազիվ դուրս պրծածի տագնապը, որը, երևի, իրենց խանգարում է ապրել։

Էս քաղաքում դժվար է մի տուն գտնել, որի պատերը երբևէ սևացած չեն եղել նկար դարձած մարդկանցով։ Երբ փոքր էի, մեր տանը էդպիսի երեք նկար կար։ Հետո, չգիտեմ իրենք մեզ, թե մենք իրենց լքեցինք։

Հուշերիցս վերակենդանացած պատկերի դառնությունը ստիպում է մտածել, որ, եթե ինչ-որ մեկը որոշի բոլորի տներից հավաքել էդ նկարներն ու շարել իրար կողքի, հավանաբար կխելագարվի՝ կյանքից էդպես էլ բան չհասկացած ու մեռնելու համար ծնված էս բոլոր մարդկանց աչքերի միևնույն արտահայտությունից։ Էդպես նկարվում են միայն էն ժամանակ, երբ հստակ է՝ ինչ որ մի պահից էդ նկարը սևով ժապավենվելու է։

Քայլում եմ արդեն մի քիչ սիրունացած էս քաղաքով ու աչքերիս առջևով անցնում է՝ հիմա արդեն ամուր սարքած էս շենքերի տեղում ինչ-որ մի թվի ապրելու փոշիացած իրավունքը: Մտածում եմ՝ երևի, մեծ ուժ պետք եղած կլինի, ոչինչ հիշեցնող փշրանքներից՝ սառույց դարձած մատներով նոր քաղաք մոգոնելու համար։

Նոր քաղաք, որում ինչ-որ մի թվից հետո շիրմաքարերը, ցավից ցնորվածները, հավերժ որբացածները, անդամալույծներն ու էս ողջ ֆոնին իբրև առողջ մնացածները ապրում են կողք կողքի՝ ներսում կռացած չբարձրաձայնվող վիշտը մեկ-մեկ առանց բառերի իրար հետ փոխանակելով:

Չէ որ Էս քաղաքում ժպիտդ միայն քոնն է, իսկ արցունքներդ բոլորինը։

Հետո քայլում եմ ու մտածում, որ էս քաղաքում մի բան կա միայն, որ բոլորինն է՝ դա եղևնիներով սկսվող ու շիրիմներով ավարտվող գերեզմանոցն է։ Էստեղ չկան ուրիշի մեռելներ։ Էստեղ գալուց բոլորը բոլորի համար լաց են լինում։ Էստեղ բոլորը թաղել են բոլորին։

Ես քայլում եմ ու մտածում, մտածում, հետո հասկանում, որ էս քաղաքում (ինչպես և ողջ աշխարհում) չխելագարվելու համար պետք է քիչ մտածել։ Դադարեցնում եմ քայլերս՝ մի քիչ շունչ առնելու, բայց մտքերս դեռ շարունակում են անկանոն իրենց ընթացքը, որը մի օր ինձ թղթով գիժ է սարքելու

Իսկ դեռեւս առանց թուղթ գժի կիսատ պռատությունն անգամ չի խանգարում, որ մտքումս վերակենդանանան ծնվելու պահից պատմված ու ամեն տարի նույն օրը թարմացվող պատմությունների ճնշումը, ու ես հետ գնամ երեք տասնամյակ։

Ձմեռը 7 օրեկան է։

Կեսօրին մի քիչ է մնացել, ու էս քաղաքում խառնաշփոթ է. բոլորը շտապում են ինչ-որ մի բան էլ հասցնել, մինչև…

Առավոտյան գրականության ուսուցիչ Լուսյա Սահակյանենց ընտանիքում նորից պատերազմ է։ Բոլորի բացակաները մեկ առ մեկ շարող էս խեղճ դասատուի տղան՝ Արեգը, ոչ մի կերպ չի ուզում դպրոց գնալ։ Խեղճ երեխային բաժին է հասել տիեզերքի ամենից ազատազուրկ տիտղոսը . «դասատուի էրեխու խարանը»։

Լուսյան խեղճին մի կերպ քարշ է տալիս դպրոց՝ սրանից 300 տարի առաջ, ամեն օր մի քանի տասնյակ ֆրանսիացու հենց էս կերպ քարշ էին տալիս Գրեւի հրապարակ, որտեղից վերադարձ էդպես էլ չգրանցվեց։

Լուսյան ու Արեգը հասնում են դպրոցի բակ ու տղայի` «Երբ ա էս դպրոցը քանդվելու` պրծնեմ» մարգարեություն դարձած երազանքով մայր ու որդի հրաժեշտ են տալիս իրար՝ մտնելով միևնույն դպրոցի տարբեր դասարաններ։

Քաղաքի ու աշխարհի բոլոր դպրոցները տնքում են՝ աշակերտների հոսքից։ Ամենուր տկտկում է ժամացույցների սլաքները։ Դասատու թե աշակերտ, աչքը ժամացույցից չկտրելով, ընդմիջում են ուզում։

Էդ օրը դասը դադարում է սովորականից 20 րոպե շուտ։ Էդ օրը դասատուի ասած վերջին՝ գուցե կիսատ մնացած նախադասությամբ ավարտվում է ինչ-որ մեկի՝ աշխարհից մի բան սովորելու պատմությունը։

Ցնցվում էր դպրոցն ու քաղաքը՝ 40-ը հատած ջերմությամբ երեխայի նման, որին հանգստացնելը չէր խանգարի, ու եթե պրոֆեսիոնալ մի լուսանկարիչ էդ պահին կորցներ կյանքի համար վախեցողի՝ բոլորիս հատուկ թուլությունն ու անմահացներ պատկերը, երևի, մենք էլ ցնցվեինք՝ 6 տարեկան աշակերտի ու 40 տարվա մանկավարժի՝ իրարից կյանք աղերսող հայացքների դողից։

Գրականության Լուսյա Սահակյանը՝ դպրոցի ամենավախենալու դասատուն, չի կորցնում իրեն՝ ջարդոտված գրատախտակի տակից մի կերպ դուրս սողալով, բացում է երկրորդ հարկի կիսաճաքած պատուհաններն ու բոլոր աշակերտներին իջեցնում ներքև, միաժամանակ չդադարեցնելով Սևակ պարապել. «․․Ձյուն մաղեց մեր բաց գլխին. ․․․Ձյուն մաղեց կրակի պես»…

Նույն պահին կողքի սենյակում անտանելի աղմուկ է՝ գրապահարանի տակ մի երեխա օգնության սպասումով եղունգներով ճանկռում է պատը, որից էն կողմ իր կյանքի հաշվին հերոսանում է մայրը։

Հետո պատը ճանկռողների քանակը մեկով պակասում է։

Կոլեկտիվ թաղման հերթական տեսարանն է՝ էս քաղաքում ինչ-որ թվի դա պարտադրված սովորականության պես սարսափելի մի բան է եղել․․․ Մի կին է՝ չգիտես ցրտից, թե մարմնից դուրս էկած ու արդեն իրենից անջատ ապրող կյանքի անզգայացումից սառած, կանգնել ․․․ Դեմքի վրա անշարժացել են բոլոր ժեստերը՝ եկել է հողին հանձնելու կողքի դասարանի պահարանի բաժին դարձած իր միակ որդուն, որին դիակների առատության ու դագաղների սակավության պատճառով որոշվեց հողին տալ հենց էդ պահարանի մեջ տեղավորած, …կողքին շարված են իր՝ Սևակի դասը էդպես էլ մինչև վերջ սովորել չհասցրած աշակերտները ու նրանց հատուկենտ ողջ մնացած ծնողներից մի քանիսը ․․․

Գնում է ժամանակը․․․ 28 տարի անց Լուսյա Սահակյանը դարձյալ պիտի մտնի վերաշինված ու իր խնդրանքով պահարաններից ազատված նույն դպրոցի, նույն դասարան՝ երդումով. այլևս երբեք ոչ ոքի բացակա չի դնելու, որ էլ ոչ մի երեխա դպրոցի քանդվելու մասին երազանքներ չպահի։

Լուսյան պիտի բացի դասարանի դուռը, որտեղ ինձ սովորեցրին էս քաղաքի քնի ու արթնության իրական սահմանը …

Պիտի մտնի դասարան բոլորիցս իր համար Արեգ սարքելու ու Սևակի դասը գոնե էս անգամ, մինչև վերջ պատմելու համար․․․

Զգում եմ, որ գլուխս հիմա կպայթի երբեք չտեսածս պատկերների ծանրությունից:

․․․Զարթնել է քաղաքը, իսկ ես դեռ քայլում եմ ու մտածում՝ քնե՞լ էր արդյոք նա երբևէ…