jemma petrosyan

Գրել, բայց ինչի՞ մասին

Արդեն բավական ժամանակ է, ինչ չեմ կարողանում նյութեր ուղարկել 17․am-ին։ Երբ ամեն անգամ մտածում եմ գրելու մասին, ինչ-որ մի բան խանգարում է։

Ամեն անգամ քնելուց մտածում եմ վաղվա մասին, ու երևի այս օրերի ընթացքում չի եղել մի այնպիսի օր, որ չմտածեմ գրելու մասին։ Հա, ճիշտ է, ես չեմ սիրում գրել, բայց մտածե՞լ։ Ինչպե՞ս կարելի է չսիրել «մտածել» ասվածը։ Հը՞։

Միշտ մտածում եմ, որ երբ առավոտյան արթնանամ՝ մի խորիմաստ ու հավես նյութ կգրեմ։ Չգիտեմ, է՜։ Առավոտ արթնանալուն պես փորձում եմ գրել այն ամենը, ինչ մտածում էի նախորդ գիշեր։ Մտածել ամեն ինչի մասին ու այդ ամենը միացնել իրար։

Երբ դեռ չես հասցրել մի բան գրել, տան մեծերը սկսում են քեզ գործի դնել, այդ ամենից հետո դասեր, իսկ երբ այդ բոլորը վերջացնում ես ու բոլորից թաքուն փորձում ես գրել… Ի՞նչ գրել։ Արդեն բոլոր մտքերը ցրվեցին։ Վերցնել թուղթը և գրիչը: Ես չեմ կարողանում, ու գիտե՞ք ինչու, որովհետև ես չեմ սիրում գրել , չեմ սիրում մտածածս թղթին հանձնել։ Բայց այսօր որոշեցի ինչ մտածում եմ ասել․ ասել այն ամենը, ինչ արդեն ներկայացրեցի: Որտեղի՞ց պետք է սկսել, կամ որտեղ վերջացնել։

Հա, ճիշտ եմ ասում, այս օրերին շատ գաղափարներ եմ ունեցել, բայց երբ թուղթը և գրիչը վերցրել եմ ձեռքս, ամեն ինչ հօդս է ցնդել։ Ախր, ես գիտեի, թե ինչ կարելի էր գրել, բայց մտածում էի, որ բոլորն էլ գրում են, նյութի պակաս չկա 17-ում, կհասցնեմ, հետո տեսնում էի, որ ուրիշներն արդեն այդ մասին գրել են, այդ իսկ պատճառով սպասում էի մեկ այլ թեմայի։

Վերջ, սպասելն ինձ շատ խանգարեց: Այսուհետ չեմ սպասելու, գրելու եմ հաճախ, գրելու եմ առօրյա կյանքի, ինձ հուզող խնդիրների, նորությունների, ինձ շրջապատող մարդկանց մասին։