hasmik givargizyan

Հակառակ համոզմունք

Եթե արդեն անցել ես հիմնական դպրոցի նախաքննական ու քննական շրջանը, ուրեմն կարող եմ անկեղծ ցավակցել քեզ: Դու էլ մեկն ես այն հազարներից, ովքեր հիմնական դպրոցի շեմը թողել են հետևում: Ես արդեն 10-րդ դասարան եմ, ու մինչև իմ այս տարվա դասագրքերը ստանալը, մտածում էի, որ դպրոցի ամենադաժան տարիները 8-9 դասարաններն են: Իսկ պարզվեց, որ սխալվում էի հերթական անգամ, ու դրանք ամենաերջանիկ, հետաքրքիր ու հիշվող տարիներն էին:

Նախաքննական շրջան, փորձում ես վերհիշել դպրոցական տարիների ընթացքում սովորած նյութերը ամբողջությամբ: Հետո բարկանում ես ինքդ քեզ վրա, որ ինչ-որ բան չես հիշում, որ մի բառ մոռացել ես կամ շփոթել մեկ ուրիշ բառի հետ: Կարծում եմ, այս բոլորն այնպիսի բաներ են, որ պատահել են բոլորիս հետ: Բայց քննությունը բնականաբար սպասվածից հեշտ է անցնում: Դե վերջ, այս փորձությունն էլ հաղթահարեցինք: Իսկ ի՞նչ է սպասվում առջևում: Անձամբ ես միտք ունեի  փոքր ինչ ծուլանալ, արջի պես քուն մտնել մինչև 11-րդ դասարան, ու հետո էլի եռանդուն սովորել՝ արդեն միասնական քննություններին պատրաստվելով:  Հենց սկզբից ասեմ՝ իմացիր, որ եթե դու 10 տարի սովորել ես առնվազն 9-երով կամ 8-երով, ուրեմն ծուլանալը այդքան երկար ժամանակով հաստատ քեզ համար չէ: Ու  պատճառը ցածր գնահատականներ ստանալու վախը  չէ, չէ, ուղղակի, երբ դաս չես անում, կարծես մի բան պակաս լինի, օրդ կիսատ մնացած, իսկ խիղճդ փշերի վրա լինի: Ծուլանալ չկարողացա, իսկ այ, դասերի ծավալուն և դժվար լինելն իրոք սարսափեցրին ինձ: Ծուլանալու միտքը դեռ գլխիցս չեմ հանել ու  չեմ էլ ուզում ենթարկվել դրան, բայց երբեմն մտածում եմ, որ ծուլանալն ավելի հեշտ կլիներ, քան ֆիզիկայի բանաձևերը անգիր հիշելը: Ուզու՞մ ես բուհ ընդունվել, մոռացիր ծուլություն բառը: Իսկ ես գնամ ու ֆիզիկա սովորեմ, բանաձևերը դեռ անգիր չգիտեմ…