Artyom Avetisyan

Գրիպի հետևանքները

-Էմ, բա իմացա՞ր, աշխարհագրությունից պիտի թեմատիկ գրավոր գրենք:

-Որտեղի՞ց գիտես, ո՞վ ասաց:

-Որ մի քիչ դանդաղ քշես` կասեմ: Էմմա՜, դանդաղ քշի, չեմ ասում` գազ տուր: Այ աղջիկ, «տոռմուզի պեդալը» սեղմի, գազ մի տու, հեսա կգնանք «ավարիա» կտանք:

Ճլը՜փ… Զը՜նգ, զը՜նգ, զը՜նգ, զը՜նգ… Զարթուցիչը զնգաց, ու ինձ քնից հանեց, իսկ իմ աչքերը չէին բացվում՝ ուշ քնելու և ջերմության պատճառով: Ինչպես տեսաք, ես պատմում էի իմ երազը, որտեղ իմ դասարանցի Էմման վարում էր մեքենան և վատ վարելու պատճառով հարվածեց «խեղճ, նիհար, ճլեզ» գրիպին, և գրիպը պայթելով լցվեց իմ ու իր վրա, ու մենք վարակվեցինք, հետո հիվանդացանք…

Ցավոք, իմ երազը իրականություն դարձավ: Առավոտյան, երբ հազիվ կարողացա վեր կենալ մահճակալիցս, լվացվեցի ու արագ ինձ նետեցի մյուս սենյակ, որտեղ գտնվում էր դեղերի տուփը: Ես փորփրում էի տուփը, որպեսզի գտնեի այնպիսի դեղ, որըկկանխեր հազի ու գրիպի ակտիվացումը, սակայն ավա՜ղ: Մայրիկս բռնացրեց ու հարց ու փորձ արեց, բայց ես նրան խաբեցի և ասացի, որ ծամոն ունեմ այնտեղ պահած, և այժմ դա եմ ման գալիս: Մայրիկս քմծիծաղ տվեց, ասաց՝ լավ կտեսնենք, ու գնաց իր գործերին:

Ես այդպես էլ չգտա դեղահաբը ու գնացի դպրոց: Նույն վիճակում էր նաև Էմման ու սկսեց ծիծաղել ինձ վրա: Բայց մեկը լիներ, ինձ վրա ծիծաղեր, որովհետև ես արդեն վերջին ժամերին զառանցում էի:

Դպրոցում բոլորն էլ հիվանդ էին: Մեկը հազում էր, մյուսը` խռխռացնում, երրորդը` փռշտում ու այդպես խանգարում դասը: Հաջորդ օրը, երբ գնացի դպրոց, դասից 30 րոպե ուշացել էի, որովհետև խորն էի քնել ու չէի լսել անգամ զարթուցիչի ձայնը: Ասեմ, որ թերևս ես ոչ մեկին չեմ հանդիպել, ով զարթուցիչի պես կարողանում է իր աշխատանքը ժամանակին և պարտաճանաչ կատարել:

Երբ դասասենյակի դուռը բացեցի, տեսա, որ Էմման չէր եկել, և բոլոր ուսուցիչներին ասում էի. «Նա մեքենան վարում էր 120-ի տակ և երթևեկության գոտուց դուրս գալով հարվածել է գրիպին, վարակվել ու դասի չի եկել»: Այդ օրը ես մինչև 5-րդ ժամը տնքալով և զառանցելով մասնակցեցի դասերին, ու չկարողանալով այլևս ինձ տիրապետել, ես էլ նույնպես գնացի տուն: Ո՛չ մեկի հարցին չէի պատասխանում, ոչինչ չէի ուտում, միայն աչքերս փակում էի ու երազում առողջանալու մասին: Այս ամենը տևեց ընդամենը 2 օր, որից հետո սկսեցի դեղեր ընդունել, թեյ խմել, հաց ուտել և քիչ թե շատ առողջացա:

Բախտս բերեց, որ առջևում շաբաթ ու կիրակի օրերն էին, և իմ տնային արձակուրդները երկարեցին:

Եկավ երկուշաբթի օրը, և շտապեցի դպրոց գնալ և տեղեկանալ բոլորի մասին, մասնավորապես «Հայ ասպետ» թիմի աշակերտների: Նրանք բոլորը հիվանդ էին, և այդ օրն էլ դասերին չէին մասնակցել: Յուրան, որ այդքան առողջ էր թվում, անգամ չէր եկել: Եկել էր միայն պարտաճանաչ Սյուզաննան: Հետո ինքը և ես գնացինք «Հայ ասպետի» կաբինետ, կատակեցինք, նվնվացի, բողոքեցի դեսից դենից: Քանի որ մի քանի օր բացակայել էի, իսկ դասարանցիներս գրավորներ էին այդ ընթացքում գրել, ուսուցիչներից ով ինձ տեսնում էր, գրավոր էր տալիս գրելու: Ես ատամներս իրար սեղմած սպասում էի զանգին:

Հաջորդ օրը եկավ Էմման: Ես նրան պատմեցի, թե իմ արկածների մասին, թե ինչ եմ ասել ուսուցիչներին իր հիվանդության մասին: Ծիծաղեցինք և անցանք դասերին: Այսօր էլ Էմման կգրի իր բաց թողած գրավորները:

Իսկ լավ չէ՞ր լինի` մի շաբաթ արձակուրդ տային, որ համաճարակն ավելի չտարածվեր: