arman arshak-shahbazyan

Դատարկ աթոռները

Դե, արդեն գրեթե բոլորը գիտեն Աբովյանի գիժ քամու մասին, բայց քչերը գիտեն, որ մեր թաղամասում գրեթե ամեն անգամ գերգիժ քամիների ժամանակ հոսանքը կտրում են: Հա, հա, արդեն տեսակների ենք բաժանել քամին՝ հանգիստ քամի, ուժեղ քամի կամ նույն ինքը` «բուլուլիճ», այդպես էր ասում տատս, գիժ քամին և ինչպես նշեցի քիչ առաջ, գերգիժ, որի ընթացքում մեր թաղամասի լույսերն են կտրում:

Հերթական ամառային երեկոն էր ու հերթական քամոտ օրը, սակայն ո՞վ կմտածեր, որ միանգամից կսկսվի գերգիժ քամին, իսկ լույսերն էլ կկտրեն էլի: Ու ինչպես ամեն անգամ, լույս կտրելուն հաջորդեց իմ` «Օ՜ֆ, գոնե վայֆայը լույսով չլիներ» արտահայտությունը: Երևի բոլորն էլ այդպես են անում, երբ լույսերը անջատվում են. քնում են սովորական ժամից չափազանց շուտ, քնում այն հույսով, որ առավոտյան արդեն էլեկտրականություն կլինի, իսկ երբ արթնանում ու տեսնում են չկա, սկսում են հաճախակի ժամացույցին նայել: Եվ այդպես սպասելով դարձավ ժամը 12:00-ը, իսկ ես արդեն 20 ժամ է, ինչ ֆեյսբուք չէի մտել: Հասկացա, որ պետք է մի լուծում գտնել: Միակ լուծումը հետևյալն էր՝ գնալ մորեղբորս տուն, և այդպես էլ արեցի:

Պատկերացրեք` իչքան նամակներ ու ինչքան ծանուցումներ կային, բայց այդ բոլորից առանձնացավ մի նամակ, հետևյալ բովանդակությամբ՝ «Արմ ջան, ուզում եմ երիտասարդական շարժում ստեղծել, բարեգործական գործառույթ իրականացնելու համար, կուզենամ դու լինես այդ խմբում»: Առանց որևէ վայրկյան մտածելու համաձայնեցի, հասկանալով, որ հրաշալի հնարավորություն է ընձեռվում կատարել վաղուց ցանկացած ու պլանավորած շատ ծրագրեր: Երեկոյան արդեն պատրաստ էր խումբը, իսկ շարժման անվանումն էր՝ «Միասնական բռունցք», և ունեինք առաջին ու հստակ առաջադրանքը. ներկայացնել մեկ նախագիծ, որը հնարավոր լինի իրականացնել երիտասարդական շարժման շրջանակներում: Մտածելու կարիք անգամ չկար: Անմիջապես գրեցի երկու նախագիծ՝ բարեգործական կինոդիտում և համագործակցություն դպրոցների հետ` օգնության արկղիկի տեսքով: Ի զարմանս ինձ, բոլորը համաձայնեցին: Անցավ 7 ամիս, սակայն ոչ մի աշխատանք չկար արված: Եվ կրկին ստանում եմ նամակ, որ երիտասարդական շարժման ղեկը ես եմ ստանձնում, բնականաբար պատասխանատվության զգացում կար. 7 ամիս ոչինչ չանելուց հետո ղեկը ստանում եմ ես, ու պետք է առաջին քայլերը անել, իսկ ես մեկ օր անգամ չկորցնելով հավաքում եմ ողջ խմբին, վիրտուալ գրում ու նախագծում ողջ ծրագիրը, կատարում աշխատանքի բաշխում և անցնում գործի: Գիտակցելով, որ դու մի երիտասարդական շարժման ղեկավար ես, որտեղ տարիքով ամենափոքրն ես, մեկ շաբաթ շարունակ ստանալով զանգեր տարբեր կազմակերպություններից տարածքի համար, հասկանում ես, որ լիարժեք քաղաքացի ես:

Եվ արդեն ունեինք հստակ որոշված օր, ժամ, տեղ, ֆիլմ: Մնում էր տարածել հայտարարությունը, ինչպես միշտ, օգնության հասավ ֆեյսբուքը, տարածվեց հայտարարությունը կինոդիտման մասին:

Վերջապես եկավ այդ բաղձալի օրը՝ 2016 թվական մարտի 12, «Միասնական բռունցքը» պատրաստ էր դիտմանը: Ինձ բնորոշ բնավորության համաձայն, 2 ժամ շուտ էի կանչել բոլորին: Այդ օրը մինչ ֆիլմի դիտումը եռուզեռ էր տիրում տուրիզմի հայկական ինստիտուտում: Այո, այո, այնտեղ էր կայանալու մեր բարեգործական կինոդիտումը: Եվ վերջապես եկավ այն ժամը ,որ պետք է գար հանդիսատեսը, սակայն դահլիճում տեղ գտան միայն մեր թիմի անդամները, իսկ հյուրերի համար տեղերը այդպես էլ դատարկ մնացին:
Տխրել էինք, բայց դասեր քաղեցինք. երբեք, ոչ մի դատարկ աթոռ, ոչ մի չստացված նախագիծ չպիտի պատճառ հանդիսանա կանգ առնելու: Քայլիր առաջ, հետ մի նայիր անցյալի դատարկ աթոռներին:

Հ.Գ. Հոդվածս գրում եմ մոմի լույսի տակ: Հա, հա. քիչ առաջ գերգիժ քամի էր…