hermine zaqaryan

Դարբասից Սիսիան տանող ճանապարհը

Անընդհատ ճանապարհներ, անընդհատ նայում ես նույն սևամոխրագույն հարթ մակերևույթին և միշտ երազում, թե երբ է այն վերջանալու, երբ  վերջապես    չես տեսնելու շարունակությունը:

Ապրելով գյուղում, ամեն օր դասերից հետո գնում եմ Սիսիան. իմ կյանքի ամենամեծ երազանքը` համալսարան ընդունվելը, իրականացնելու համար: Այնտեղ են ապրում մեր տարածաշրջանի լավագույն կրկնուսույցները:

Ուրիշ կերպ չեմ պատկերացնում ինձ. միշտ սոված երրորդ հարկից մինչև առաջին հարկ տևող մեկ րոպեանոց ճանապարհը մեկ վայրկյանում, պայուսակս արագ գցելով ու սեղանի գրքերն էլձեռքիս, կիսահագնված արագ իջնելու տեսարանից բացի:

Իջնում եմ աստիճանները  ու վազելով մտնում  մեքենան, փնտրում իմ պանիր- հացը, և մինչև գյուղից դուրս գալը վերջացնում այն: Ու քառասունհինգ րոպե մեքենայի մեջ նստած, մինչև գյուղից Սիսիան հասնելը, ես չունեմ ոչինչ անելու.  պետք է նայեմ այդ սևամոխրագույն հարթությանը:

Բայց սա միայն սկզբում:

Մենք գնում ենք, գնում ու միշտ մտածում հասնելու մասին: Բայց երբեք չենք հասկանում, որ այդ սևամոխրագույն հարթության շուրջը ավելի հետաքրքիր լիքը բաներ կան; Իմ ճանապարհը անցնում է Դավիթ Բեկի բերդի, Որոտնավանքի, Ուրուտում գտնվող հրաշալի ժայռի, Շամբի լճի ու այնպիսի հետաքրքիր ժայռերի կողքով, որոնց այնքան եմ նայել, որ նրանք դարձել են իմ կատուն, շունը ու այսպիսի լիքը կենդանիներ, որոնց ես նմանեցրել եմ ճանապարհի ժայռերը:

Հիմա ես էլի անցնում եմ այս ճանապարհը, բայց չեմ ուզում, որ այն վերջանա: Ուզում եմ անվերջ նայել իմ ընկերներին, գտնել նոր ընկերներ  և ափսոսում եմ, որ ինձ տասնհինգ տարի էր պետք այս ամենը հասկանալու համար: