mariam hayrapetyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. ես, ճոճանակն ու փիքսիլեյշնը

Ի՞նչ է կատարվում ճամբարում, հետաքրքրում է ընթերցողին, ես էլ պատասխանեմ, որ շատ բան է կատարվում ճամբարում: Ես կպատմեմ, որ հակառակ դրսի ոչ այնքան տրամադրող եղանակի, մեզ մոտ իհարկե անբացատրելի ջերմ մթնոլորտ է: 

Ազատ ժամ էր, զբաղված էին բակի գունավոր կարուսելները: Հենց այդ կարուսելներից մեկի ու իմ արկածը կպատմեմ ձեզ:

Հեռվից գալիս եմ, Սոֆյան ճոճվում է ճոճանակի  վրա, ես մոտեցա, ասում եմ.

-Սոֆ, ախր, դու շատ գուզես է, որ ես նստիմ էդ ճոճանակի վրա ու խաղամ:

Սոֆյան մի պահ չհասկացավ` ինչ եմ ասում, հետո  մի քիչ չեմուչում արեց, բայց իջավ, որ ես խաղամ:

Նստեցի, ինձ համար ճոճվում էի, պտույտներ էի անում, խաղում էի կրկեսի  աշխատողի պես, մեկ էլ  մի յուրահատուկ պտույտից հետո ծեփվեցի գետնին` դառնալով  ողջ ճամբարի զվարճանքի պատճառ: Վեր կացա բոլորի օգնությամբ, ու պատրաստվեցի փիքսիլեյշնի նկարահանմանը:

Հիմա կասեք` ի՞նչ է փիքսիլեյշնը, չէ՞: Դա անիմացիայի տեսակ է, որտեղ նկարահանումը կատարվում է ոչ թե  վիդեոյի, այլ ֆոտոյի օգնությամբ: Հենց նույն տեսարանի տարբեր փուլերը բազմաթիվ ֆոտոներով  միացվում է իրար: Շատ ժամանակատար, հնարավոր է նաև, ձանձրալի գործընթաց է: Բայց քանի որ ես առաջին անգամն եմ մասնակցում այս նկարահանմանը,  ինձ համար շատ հետաքրքիր, զվարճալի գործընթաց է: Մեր բեմադրող ռեժիսորը Սիսակն է, կամ պարզապես` Սիսոն: Կրեատիվ, համով գաղափարներով մարդ: Ավելի վաղ նրա հետ քննարկեցինք  գաղափարներ, ընտրեցինք ու  նկարահանեցինք: Նկարահանման հրապարակում մեզանից մի քանիսը խաղում էին  ճոճանակներով, մի քանիսը սահարանի մոտ էին խաղում, մի քանիսը ու ես էլ միասին, կշեռքանման  կարուսելի վրա էինք: Ընթացքում մեզ միացան երկու շունիկ, որոնց սկզբում ուրախ էինք, բայց հետո սկսեցին խանգարել մեզ:

Փիքսիլեյշնի մասին էլ չեմ պատմի, որպեսզի պահեմ հետաքրքրությունը և հավեսով դիտենք: Երբ վերջացրեցինք նկարահանումը, ես հիշեցի, որ հոդվածս դեռ չեմ ավարտել, մտա  դահլիճ, ու պատկերը ամբողջովին փոխվեց: Նստած էին մի քանի հոգի կլոր սեղանների մոտ, համակարգիչների դիմաց ու ստեղնաշարն են չխկչխկացնում:

Իրականում իրենք նյութեր են գրում և հավաքում: Ամբողջ դահլիճով այդ թույլ աղմուկն էր լսվում: Ճամբարում չկա մի այնպիսի  թղթակից, որ օրը գոնե մի անգամ այս գործին չլինի: Նկարահանումներ, ֆոտոարշավներ, հարցազրույցներ, իսկ օրվա մյուս մասը գրում ենք այդ ամենի մասին:

Ինձ էլ մինչև օրվա վերջ նույնն էր սպասվում: