davit aleqsanyan

Աղվերանի մեդիա ճամբար. Դարբին Արտակը

Լուսանկարը՝ Հասմիկ Գալստյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Գալստյանի

Կոտայքի մարզի մի գողտրիկ գյուղում` Արզականում, ապրում էր դարբին Արտակն իր ոչ շատ մեծ ընտանիքի հետ: Դարբին Արտակին մենք հանդիպել էինք նրանց գյուղում ֆոտոարշավի ժամանակ: Մենք ուսումնասիրեցինք նրա դարբնոցը և թույլտվություն խնդրեցինք ֆիլմ նկարելու համար: Ֆիլմի գաղափարը կար, ու մնում էր միայն քննարկել մյուսների հետ: Միաձայն որոշվեց նկարահանել ֆիլմը: Մենք մեր փոքրիկ խմբով ուղևորվեցինք դարբին Արտակենց տուն՝ նկարահանումները սկսելու: Մենք նկարում էինք տարբեր կադրեր, որոնք հետագայում պիտի մեկ ամբողջական ֆիլմի վերածվեին: Հետո սկսեցինք հարցազրույցը, որը վարում էր մեր թղթակիցներից մեկը՝ Կարինեն:

Լուսանկարը՝ Հասմիկ Գալստյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Գալստյանի

Դարբին Արտակն իրենց ընտանիքում հինգերորդ սերնդի դարբինն էր: Մինչև դարբին դառնալը նա աշխատել է Աղվերանի հյուրանոցներից մեկում՝ որպես փոխտնօրեն: 25 տարի աշխատելուց հետո Արտակը որոշում է շարունակել իր պապենական գործն ու հույս ունի, որ բանակում գտնվող իր տղան` Սանասարը, նույնպես կհետևի իրեն: Դարբին Արտակն իր դարբնոցում աշխատում է մետաղներով, փայտով, երբեմն նաև քարով: Դե, բնականաբար, նա գործը միայնակ չի անում և ունի օգնական: Նա նաև պատրաստում է իրեր վաճառքի համար՝ սեղան, աթոռ, դարպասներ և այլն: Արտակը վերջերս սկսել է պատրաստել նախնադարում օգտագործված զենքեր: Նա պատմեց նաև, որ իր պապը Սարդարապատի կռվից հետո մի սուր էր բերել որպես հուշ: Չնայած ֆինանսական դժվարություններին՝ դարբին Արտակն իր աշխատանքից գոհ էր, քանի որ աշխատում էր սիրով ու ոգևորությամբ: Դարբնի պատրաստած յուրաքանչյուր իրի մեջ ապրում է նրա հոգու մի փոքր մասնիկը: