Դավիթ Ալեքսանյանի բոլոր հրապարակումները

Մակարի ծառը

Ծառ, որը գտնվում է Թրաքամի (թրի պես կտրող քամի) տանող ճանապարհին: Թրաքամին սար է, որտեղ գյուղի ժողովուրդը գարնանը քշում են անասունները այնտեղ պահելու: Սկսեմ պատմությունս:

Երեք գյուղացի անասունը քշում են սարերը: Գյուղից մինչև սարը ոտքով 6 ժամվա ճանապարհ է: Գյուղացիները, անցնելով  ճանապարհի կեսը, նստում են մի մեծ ծառի տակ` հանգստանալու: Նրանցից մեկի անունը Մակար է լինում, էն երկուսի անունները չգիտեմ: Պառկած ժամանակ ընկերներից մեկը հարց է տալիս մյուսներին.

-Տղերք, ի՞նչ կուզեիք ունենալ:

Այդ պահին մյուս ընկերը պատասխանում է.

-Կուզեի ունենալ բնակարան քաղաքում, որ էս անասուններից, էս ամեն ինչից պրծնեմ, իմ հըմար ընդի աշխատեմ, ապրեմ:

Պատասխանը լսելուց հետո Մակարը, որ երկուսից տարիքով մեծ էր, ասում է.

-Ես կուզեի` էս ծառի շվաքով մին նստած ոչխար ունենամ…

Ընկերները հարցնում են.

-Խի, չե՞ս ուզում քաղաք քու հըմար հանգիստ ապրիս:

Մակարը պատասխանում է.

-Չէ, ես քաղաք չեմ գնա, ինձ հըմար իմ հայրենի գեղից ու սարից լավ տեղ չկա:

Այդ ծառի շվաքի շառավիղը կլինի 45 մետր, և գրեթե 200 ոչխար նստած կտեղավորվեր: Այս զրույցից հետո մարդիկ ծառը անվանում են Մակարի ծառ: Եվ մարդիկ ասում են, որ Մակարը հետագայում ունեցել է  այդքան ոչխար:

2016/03/29

Խաչմերուկ

Մեր գյուղի` Բաղանիսի միջով անցնում է երկու ճանապարհ: Երկուսն էլ տանում են Երևանից Թբիլիսի: Ամենազարմանալին այն է, որ այդ ճանապարհները հատվում են մեր գյուղի մեջտեղում, իսկ այդ ճանապարհների հատման տեղը գյուղացիները անվանում են Խաչմերուկ: Հիմա կմտածեք, թե ինչու եմ ճանապարհներից խոսում: Ճանապարհները երբեմն լինում են դժվարանցանելի, հանգիստ, հանդարտ, բայց այս երկուսն ունեն իրենց կառուցողական իմաստը մեզ համար, իսկ որոշ մարդկանց համար այդ ճանապարհները ընդամենը սովորական ճանապարհներ են: Նրանք գալիս անցնում են ու մոռանում այդ ճանապարհների մասին:

Ճանապարհներից մեկն անցնում է գյուղի երկայնքով և գտնվում է հակառակորդի դիրքերից մոտ 150 մետր հեռավորության վրա: Այն գնդակոծվում է թշնամու դիրքից, և այդ պատճառով ութ տարի առաջ կառուցվել է երկրորդը, որն անցնում է  գյուղի հանդիպակած Հարսնաքար լեռան լանջով և գրեթե անտեսանելի է թշնամու դիրքից: Այդ մի ճանապարհը կիսով չափ անցնում է գյուղի միջով:

Մի դեպք պատմեմ: Երեխաներով կանգնած էինք այդ խաչմերուկում, երբ Ռուսաստանից մարդիկ էին անցնում: Նրանք կանգ առան.

-Բարի օր, տղե՛րք:

-Բարի օր,- պատասխանեցինք մենք:

-Ո՞ր ճանապարհով գնանք, որ վտանգավոր չլինի:

Մեր տղաներից մեկը կատակեց.

-Է՜ն ճանապարհը վտանգավոր ա, իսկ է՜ն մինը՝ «ապասնի»:

…Ճանապարհները նման են մեր կյանքին:

Մարտ, 2016 

davit aleqsanyan

Նոր տուն, նոր կյանք

Առավոտյան ժամը 8-ն էր: Շաբաթ օր էր, և մենք դասի չէինք: Պառկած էի մահճակալիս մեջ, մեկ էլ լսվեց մայրիկիս ձայնը.

-Դավ, տեղերիցդ վեր կաց, մեր տուն ենք տեղափոխվում:

-Ո՞նց, մամ, մի քանի օր հետո չէի՞նք գնալու:

-Չէ, պապան զանգեց, ասեց՝ ընկերներիդ հավաքի, որ տան վեշերը տեղափոխենք:

Արագ վեր կացա, հագնվեցի ու սկսեցի զանգել ընկերներիս:

-Ալո, Ամ, բարև, ի՞նչ կա, ի՞նչ բանի ես:

-Տանը պարապ, էլի, դու ասա:

-Ամ, կարա՞ս գաս մեր տուն՝ նոր տուն ենք տեղափոխվում, օգնելու գործ կա:

-Դու ասես՝ ես չգա՞մ: 5 րոպեից էդտեղ եմ:

Եվ այսպես մնացած բոլոր ընկերներիս էլ ասացի:

Սկսեցինք տան իրերը տեղափոխել: Սկզբում տանում էինք այն իրերը, որոնք որ մեզ այդ օրը պետք էին գալու: Մնացած իրերը ժամանակի ընթացքում բերեցինք: Չեք պատկերացնի՝ ինչպիսի զգացողություն ունեցա, երբ արդեն մեր տանն էինք մնում: Ավելի տաք, հարմարավետ, և որ կարևորն է, արդեն մեր տանը:

Տարիներ շարունակ հայրիկիս հետ կառուցում էինք, մեր ձեռքերով, Բաղանիսում: Դեռ անելու բան շատ կա, բայց կամաց-կամաց: Արդեն մենք տուն ունենք:

Սկսում ենք նոր կյանք նոր տանը:

davit aleqsanyan

Առաջին ձյունը

Երեկոյան պապիկիս տանից քայլում էի դեպի մեր տուն։ Մեկ էլ ձյան մի կաթիլ ընկավ քթիս վրա և ջուր դարձավ։ Մի երկու րոպե անց ձյան մանր փաթիլների տեղատարափ սկսվեց։ Հասա տուն։ Մի քիչ մնացի, հետո սկսեցի պատուհանից դուրս նայել։ Մանր փաթիլները դարձան ավելի մեծ: Այդ փոքրիկ հազարավոր փաթիլները, որոնք իրենցից ոչինչ չէին ներկայացնում, առավոտյան ձյան մի հաստ շերտ էին դրել մեր գյուղի վրա։

Ամեն ինչ մի ակնթարթում փոխվեց։ Երեխաները ուրախացած վազվզում են ձյան մեջ և խաղում։ Սակայն այս ամենը երկար չտևեց. արևն իր վառ շողերով ձյան շերտը սկսեց հալեցնել, ու փողոցները կորան ցեխի ու ջրի մեջ։

Ձյունն էլ ունի իր լավ ու վատ կողմերը։

Ծառատունկ սահմանամերձ գոտիներում

Լուսանկարը՝ Դավիթ Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ալեքսանյանի

Աշնանային մառախլապատ օրերից մեկն էր։ Առավոտյան դողալով քայլում եմ դեպի դպրոց։ Չզգացի ոնց, բայց շուտ հասա։ Երկրորդ դասաժամն էր, նստած էինք դասի: Մեկ էլ դպրոցի տնօրենը մտավ դասասենյակ և ասաց, որ այսօր պետք է ծառատունկ անենք։

Այս ծառատունկը կազմակերպել էր Պաշտպանության նախարարությունը բոլոր սահմանամերձ գյուղերում։ Բարդու ծառեր էինք տնկում դպրոցի շուրջը։ Ծառերը տնկում էինք այն հատվածներում, որոնք տեսանելի էին թշնամուն։

Լուսանկարը՝ Դավիթ Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ալեքսանյանի

Դպրոցի շուրջբոլորը տնկեցինք հարյուրից ավելի բարդու ծառեր։

Լուսանկարը՝ Դավիթ Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ալեքսանյանի

Հուսամ մի օր այդ կրակոցները կդադարեն, և ծառերը, որ տնկել ենք, միայն կգեղեցկացնեն և մաքրություն կպարգևեն մեր շրջապատին:

Թբիլիսյան օրագիր. օր 5

IMG_4637-2Այսօր ի՞նչ օր էր։ Այո՜, այսօր փառատոնի փակման արարողությունն էր։ Չգիտեմ՝ ինչպես սկսել, որ լիարժեք պատկերացում կազմեք մեր զգացածի ու տեսածի մասին, ինչ էլ գրեմ, ինչպես էլ պատմեմ, ոգևորությանս աստիճանը պլյուս անսահմանություն է։ IMG_4639-3Լավ, սկսեմ սկզբից։ Արդեն պատմել եմ, որ երեկ երիտասարդական ժյուրիի քննարկումը տեղի ունեցավ, ու ես շատ տխուր էի , անգամ հիասթափված, քանի որ մեր ֆիլմերի անունն անգամ չշոշափվեց։ Ի՞նչ կանեիք, եթե դուք լինեիք իմ փոխարեն։ Ես սկսեցի նվնվալ, անգամ հուզվել էի, իսկ Լիլիթը մխիթարանքի խոսքեր էր ասում, դե, բայց ես հասկանում էի, որ ուղղակի ամոթ կլիներ առանց մրցանակի վերադառնալ։IMG_4680-3 Մի խոսքով, ասենք, հիասթափված եկանք: Լավ, ի՞նչ ասեմ, ո՞նց բացատրեմ մեր դատարկաձեռն վերադառնալը։ Ու նույն մտքերով այսօր ընդհանրապես տրամադրություն չունեի ներկայանալու փառատոնի փակման արարողությանը: Դե, էլ ի՞նչ: Ամոթ էլ էր գնայինք. բոլորը մրցանակներով, մենք՝ առանց մրցանակ։

Բայց դե գնացինք: Դե, հա, մի տեսակ տոնական էր ամեն ինչ, բայց ինձ համար միևնույնն էր, ես պատրաստվում էի անգամ քնել։ Բայց քանի որ պիտի լուսանկարեի, ինձ ստիպեցի մի կերպ նստել։ Սկսվեց մրցանակների հանձման արարողությունը։ Մի քանի խումբ ստացել էր արդեն մրցանակներ, իսկ ես նկարում էի իրենց։ Մեկ էլ թմբուկների էն տանջող ձայնը էլի սկսվեց, ու բարձր լսվեց «Manana Youth Center» ։ Ի՞նչ, ես ճի՞շտ լսեցի։ Ու խառնված վիճակում չհասկացա իրերս որտեղ թողեցի, ոնց դուրս եկա շարքից, մեկ էլ տեսա բեմի վրա եմ, ու ինձ գրկում են, մրցանակ են տալիս…IMG_4767Չեմ հավատում, մի րոպե, հասկանամ՝ ինչ է կատարվում։ Մեզ «Խայաբղետ աշխարհ» ֆիլմի համար շնորհեցին լավագույն երաժշտական ձևավորում մրցանակը։ Յուհո՜ւ… Մենք արեցինք դա, այո՜, մենք ունենք մրցանակ։ Նստեցինք, և ուրախությունից չգիտեի՝ ինչ անել։

IMG_4776Էլի սկսեցի նկարել ու նկարում էի մրցանակ հանձնող խմբին, երբ նորից թմբուկներ, ու էլի մեր անունը։ Այս անգամ մի այլ աստիճանի էր ուրախությունս, շփոթվել էի: Հարցնում եմ՝ Լիլ, ես էլ գա՞մ: Լիլիթի հստակ պատասխանից հետո նոր հասկացա, որ ոչ թե սա իմ երևակայության արդյունքն է, այլ իրոք, մենք երկրորդ անգամ ենք մրցանակ ստանում։ Այս անգամ «Մի սիրո պատմություն» ֆիլմը ճանաչվել էր լավագույն վավերագրական ֆիլմ։ Օ՜, այո մեր ներկայացրած երկու ֆիլմն էլ մրցանակ ունեն, որի մասին անգամ չէի էլ կարող պատկերացնել։ Մասնակիցները գալիս էին, շնորհավորում էին, մենք հուզված էինք, իրոք։ Այդքան երկրներից համարյա հարյուր ֆիլմերի միջից մենք ստանում ենք երկու «լավագույնը» անվանակարգերի մրցանակները… Կարո՞ղ եք պատկերացնել…IMG_4756Փառատոնի փակման արարողությունից հետո երեքով որոշեցինք մեր ձեռքբերումները նշել։ Գնեցինք մեր սիրած քաղցրավենիքները ու բարձրացանք հյուրանոց։ Առաջինը խոսեցինք տիկին Ռուզանի հետ, պատմեցինք, միասին ուրախացանք ու սկսեցինք հպարտանալ մեր կատարած աշխատանքով։ Տիկին Ռուզանն էլ կատակեց ու ասաց, որ մեզ արդեն նոր պահարան է անհրաժեշտ մրցանակների համար։ Մրցանակների պահարանի մեջ այլևս տեղ չկա:

Այս հաղթանակը բոլորինս է,  «Մանանա» կենտրոնի բոլոր աշխատակիցներինը, անդամներինը, կամավորներինը, բարեկամներինն ու աջակիցներինը, բոլոր նրանցը, ովքեր միշտ մեր կողքին են, քաջալերում են, ուրախանում, օգնում, ովքեր ամենահեռավոր գյուղերից գրում են մեզ իրենց առաջին հոդվածները, որոնք դառնում են հետո նաև ֆիլմեր, բոլոր նրանցը, ովքեր իրոք, աշխատում են ավելի ու ավելի լսելի դարձնել մեր ձայնը։

Մենք լավագույն թղթակիցների ցանցն ենք։ Շնորհավորում եմ բոլորիս։ Այսօր հանգիստ սրտով, մրցանակներն ամուր գրկած կվերադառնանք:

Անուշ Հովհաննիսյան 

Դավիթ Ալեքսանյան

Լիլիթ Կարապետյան

Հատուկ 17-ի համար, Թբիլիսիից

«ՄԱՆԱՆԱ» ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ. Մենք էլ ենք միանում թե շնորհավորանքներին, թե շնորհավորանք ստացողներին, և ուզում ենք ավելացնել. «Խայտաբղետ աշխարհ» ֆիլմի սքանչելի երաժշտության համար երախտապարտ ենք մեր նախկին կամավոր Սիմա Քանինգհեմին, ով սիրով հատուկ այս ֆիլմի համար գրեց այս երգը:

Շնորհակալ ենք մեր նախկին սան Անի Աղաբաբյանին՝ հեքիաթային նկարի համար, որի շուրջը հյուսվեց ողջ ֆիլմը, և որն այսօր արդեն «Մանանա» կենտրոնի ջերմ ու խայտաբղետ աշխարհի խորհրդանիշն է:

Թբիլիսյան օրագիր. օր 4

Առավոտյան արթնացա աքաղաղի ձայնից։ Հիմա մտածում եք՝ ի՞նչ աքաղաղ, ի՞նչ բան։ Զարթուցիչիս ձայնն էր, աքաղաղի ձայն էր հանում։ Այստեղ որ ժամին էլ որ քնեմ, պետք է առավոտյան ութն անց կես արթուն լինեմ, որպեսզի նախաճաշեմ։

Հյուրանոցում, քանի որ ճաշարանը փոքր է, որոշակի ժամանակահատված են մեզ տրամադրում, որ նախաճաշենք։

Լավ, խոսեմ չորրորդ օրվա մասին։ Մենք մինչև ժամը երեկոյան վեցը ունեինք ազատ ժամանակ և որոշեցինք գնալ ատրակցիոններ։ Հիանալի եղանակ էր։ Ի դեպ, ասեմ, այգին, որտեղ մենք գնացել էինք, շատ հայեր կային, կասեի՝ մեծամասնությունը հայեր էին։ Նստեցինք մի քանի հետաքրքիր ու մի փոքր էլ վախենալու ատրակցիոններ։ Հիանալի ժամանակ անց կացնելուց հետո գնացինք ճաշելու, որից հետո զբոսնեցինք, և մեզ հատկացրած ազատ ժամանակը սպառվեց։

Կեսօրից հետո դարձյալ փառատոնային միջոցառումներ կային: Իսկ թե ինչ արեցինք այնտեղ, ձեզ կպատմի Անուշը։

Դավիթ Ալեքսանյան 

***

Երեկ տոնական օր էր, նշվում էր Վրաստանի «Պիոներ ֆիլմ» ստուդիայի 60-ամյակը։ Կային շատ հյուրեր, ովքեր պատրաստել էին գեղեցիկ պարային և երաժշտական համարներ։ Ցուցադրվեցին շատ հին պատմութուն ունեցող ֆիլմեր: Ներկա էին նաև հեղինակները, որոնք անձամբ պատմեցին դրանց ստեղծման պատմությունները։

Դե, արդեն ասել ենք, որ ֆիլմերի ցուցադրությունն արդեն ավարտվել էր, և երիտասարդական ժյուրին պետք է որոշում կայացներ։ Քննարկումները անցան շատ բուռն, քանի որ 83 ֆիլմից պետք է ընտրվեր միայն մեկը։ Բոլորն իրենց կարծիքն էին հայտնում, նաև հակադրվում մեկ ուրիշի հետ։ Բայց ի վերջո մենք կարողացանք որոշում կայացնել։ Ժյուրիի անդամ լինելը շատ բարդ գործ է։ Ցավով, պետք է նաև համակերպվես այն որոշման հետ, որը բոլորովին էլ քո որոշումը չէ:

Այնուհետև տոնական ընթրիք, որի ժամանակ այպես ստացվեց այնպես, որ ես նստեցի Ուկրաինայից ժամանած խմբի հետ, որոնց շատ հետաքրքիր էր մեր պատմությունը: Նրանք անընդհատ ասում էին, թե մենք և վրացիները շատ մոտ ենք ապրում, բայց ոչ մի ընդհանուր նմանություն չեն կարողանում գտնել։

Սիրում եմ այն պահը, երբ նրանց հայերեն բառեր եմ սովորեցնում, դե իհարկե, նրանք էլ ինձ իրենց լեզվից են բառեր սովորեցնում։ Իսկ վերջում էլ ի՞նչ տոն՝ առանց պարելու։ Բարձր երաժշտություն, պարեր, լույսեր։

Անուշ Հովհաննիսյան

Թբիլիսյան օրագիր. օր 3

Բարև ձեզ, ես Դաթոն եմ։ Հիմա կասեք՝ ինչ ա ասում էս տղեն։ Բացատրեմ։ Վրացիները Դավիթին դիմում են Դաթո, և
ես բացառություն չեմ։ Երբ ծանոթանում էի փառատոնի կազմակերպիչներից մեկի հետ, ու նա հարցրեց իմ անունը,
երբ ասացի, նա բարձր բացականչեց՝ օ, Դաթո, Դաթո… Սկզբում չէի հասկանում, թե ինչ է խոսում, հետո
բացատրեց ինձ, որ վրացիները Դավիթին այդպես են դիմում։
Իսկ հիմա պատմեմ երրորդ օրվա մասին։ Երրորդ օրը նույնպես ֆիլմերի դիտում ու քննարկում էր։ Բայց այս անգամ
արդեն ուրիշ երկրների ֆիլմեր էինք դիտում: Օրինակ, Ռուսաստանի,  Ուկրաինայի և այլ երկրների։Ասեմ՝ իմանաք. հիմնականում անիմացիոն եվ խաղարկային ֆիլմեր էին, որոնցից մի քանիսի վերջաբանը շատ
տարօրինակ էր։ Այսօրվա ֆիլմերում դոկումենտալ ֆիլմեր քիչ կային։ Հոլանդիան էլ, որը ֆիլմ էր ներկայացրել,
ավելի շատ երկրի պատմական վայրերի մասին ռեպորտաժի էր նմանվում։Ֆիլմերը դիտելուց հետո սկսվում էին քննարկումները։ Ամեն երկրից մի մասնակից մոտենում էր բեմահարթակին եվ
հայտնում իր կարծիքը այն ֆիլմի մասին, որը հավանել էր, որի մեջ իրեն տպավորող ինչ-որ բան էր տեսել։
Քննարկումներից հետո ազատ ժամանակ ունեինք և գնացինք զբոսնելու: Հետո կինոդիտումը նորից շարունակվեց:
Այս մի շաբաթը մեզ համար ասես կինո տոն լինի: Ողջ օրը ֆիլմեր, կինոգործիչների հետ շփումներ, կինոյի մասին
զրույցներ… Երանի թե շատերդ կարողանայիք մասնակցել տարբեր կինոփառատոների, զգալ այդ մթնոլորտը:
Երրորդ օրն էլ այսպես անցավ:

Թբիլիսյան օրագիր. օր 2

Երկրորդ օրը կրկին լիքն էր զգացմունքներով ու կարևոր դեպքերով։ Այսօր ցուցադրվում էին բոլոր մասնակից երկրների ֆիլմերը։ Բացումը հայերինն էր։ Առաջին ֆիլմը կրկին հայկական էր՝ անիմացիա: Հետո մեր կենտրոնի ֆիլմերի ցուցադրության հերթն էր։ Հանդիսատեսն ուշադիր նայում էր: Մեզ շատ հետաքրքրում էր, որ պահին ինչպես կարձագանքեն, արդյո՞ք կհասկանան: Բայց մութ դահլիճում դա նկատելն անհնար է, ուստի երբ հայտարարեցին ընդմիջում, միջանցքում մոտեցանք այլ երկրների ներկայացուցիչներիի՝ իմանալու նրանց կարծիքը, տպավորությունները:Ուկրաինայից Նադեժդա Կուչմանը, ով ներկայացնում էր «Վիսնյանկա» կենտրոնը, հավանել էր «Խայտաբղետ աշխարհը» ֆիլմի գաղափարը, գույները, երաժշտությունը։ Գերմանիայի ներկայացուցիչներից Նատիա Ռոթիի կարծիքով, «Մի սիրո պատմություն» ֆիլմը մարդու իրավունքների շատ նուրբ հարցերից մեկն է բարձրաձայնում։ Մարգարիտա Նագիբինան Յարոսլավից հավանել էր «Խայտաբղետ աշխարհը» ֆիլմը, և նրան շատ էր դուր եկել ֆիլմից անիմացիա անցումը։ Վրաստանից Էթեր Պրչուկիձեն ևս հայտնեց իր կարծիքը, ասելով, որ իրեն նույնպես դուր է եկել «Խայտաբղետ աշխարհը» ֆիլմը, որովհետև այն բարձրացնում է տրամադրությունը, գույները շատ տրամադրող են և հենց ֆիլմը իրենով շատ գրավիչ և ուրախ է։ 

Մեզ համար շատ կարևոր և հուզիչ էր ժյուրիի անդամներից մեկի՝ Գերմանիայից ժամանած Մուրադ Ատշանիի կարծիքը, ով շատ տպավորված էր «Մի սիրո պատմություն» ֆիլմից: Ի դեպ, նա անձամբ մեզ գտավ՝ իր կարծիքը հայտնելու համար, որը ինչ խոսք շատ պարտավորեցնող էր և կարևոր։

Չմոռանամ ասել, որ ինձ ընտրեցին որպես երիտասարդական ժյուրիի անդամ, և ցուցադրվող ֆիլմերից հետո ես պետք է հայտնեի իմ կարծիքը և ընտրեի ամենից շատ դուր եկած ֆիլմը։

Անուշ Հովհաննիսյան 

***

Կինոփառատոնի երկրորդ օրը պետք է դիտեինք ու քննարկեինք տարբեր երկրների ներկայացրած ֆիլմերը։ Առաջին ֆիլմը ներկայացնում էր Երևանից ժամանած մյուս խումբը։ Սակայն այդ ֆիլմը իրենք չէին նկարահանել։ Երկրորդը, արդեն Անուշը գրեց, մեր ֆիլմերը ցուցադրվեցին: Տպավորությունների մասին արդեն Անուշը գրել է, ես կշարունակեմ պատմել ցուցադրության մասին:Մեր ֆիլմերից հետո ցուցադրեցին Գերմանիայի, Դանիայի, Վրաստանի և մի քանի այլ երկրների անիմացիոն և դոկումենտալ ֆիլմեր։ Ֆիլմերը դիտելուց հետո ժյուրիի անդամները առանձնացան քննարկումների համար։

Ֆիլմերը դիտելուց հետո մենք պետք է հանդիպեինք փառատոնի երեխաներից մեկի ընտանիքի հետ և նրանց հետ շրջեինք Թբիլիսիով։ Մեր ուղեկցի անունը նույնպես Դավիթ էր: Դավիթենց ընտանիքի հետ եկել էր նաև մի կին, ով շատ լավ կարողանում էր խոսել հայերեն։ Սկզբում նրանք մեզ փոխանցեցին իրենց պատրաստած նվերները, հետո գնացինք Թբիլիսիում կառուցված ամենամեծ եկեղեցին։ Մտանք, ուսումնասիրեցինք եկեղեցին և դուրս եկանք զբոսնելու եկեղեցու շրջակայքում։ Զբոսանքից հետո միասին գնացինք վրացական ուտելիքներ համտեսելու։

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը` Անուշ Հովհաննիսյանի

Ծանոթացանք վրացական խոհանոցին,ընթրելուց հետո գնացինք Մտատամինդա կոչվող այգի զբոսնելու: Այնտեղից շատ պարզ երևում էր Թբիլիսին իր ողջ հմայքով։ Այս ամենից հետո հոգնած, բայց շատ բարձր տրամադրությամբ վերադարձանք հյուրանոց։

Դավիթ Ալեքսանյան

Թբիլիսյան օրագիր, օր 1

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 1-5-ը Թբիլիսիում անց է կացվում Tbilisi Sunrise մանկապատանեկան միջազգային կինոփառատոնը, որին ներկայացված են նաև «Մանանա» կենտրոնի երեք ֆիլմեր: Մեր պատվիրակությունը՝ Անուշ Հովհաննիսյանը, Դավիթ Ալեքսանյանը և Լիլիթ Կարապետյանը հրավիրված են փառատոնին և պարբերաբար մեզ կհաղորդեն փառատոնային օրագիրը: Եվ այսպես.

Թբիլիսյան հագեցած օրվա մասին խոսելը մի քիչ բարդ է, քանի որ շատ բաներ կան պատմելու ու տեսնելու, բայց սկսեմ։ Ծանոթություններ ՝ ինձ համար ամենահետաքրքիր պահերից մեկը։ Հաճելի է օտարերկրացուն, ով նույնպես քեզ պես է ֆիլմեր է նկարահանում, պատմել հայրենիքից, ներկայացված ֆիլմերից ու մշակույթից։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Առաջին օրը, կարելի է ասել, շատ հագեցած էր եւ մի քիչ բարդ, քանի որ ներկայանում էին բոլոր մասնակից երկրները, ու պետք է ինչ-որ չափով հիշես նրանց մասին, ով գիտի, կարող է հաջորդ օրը նրա հետ անձամբ ծանոթանաս։ Կազմակերպիչները մեզ ուղեկցեցին դեպի Թբիլիսիի Երիտասարդական պալատ: ։ Աստիճանների մոտ մեզ դիմավորեցին Չարլի Չապլինի հանդերձանքով շատ երեխաներ, ի միջի այլոց, շատ գեղեցիկ էր մտածված։ Երբ արդեն բարձրացել էինք, մեզ ասացին, որ այսօր Չարլի Չապլինի արձանի բացման արարողությունն է։ Չապլինյան ոգի ու շունչ կար մի տեսակ։ Բացման արարողությունից հետո մեզ հրավիրեցին դահլիճ, եւ փառատոնը շարունակվեց այնտեղ։ Մի աղջիկ ՝դաշնակահարուհի, նվագեց հետաքրքիր միքս, մասնակից բոլոր երկրներից երգերի հատվածներ։ Շվեդիայի համար հնչեց ABBA հայտնի խմբի երգերից մեկը, Ուկրաինայի համար՝ «Տի ժ մենե պիդմանուլա»-ն, իսկ Հայաստանի պատվին դաշնակահարուհին կատարեց «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգի մեղեդին։ Շատ հետաքրքիր մի բան նույնպես եղավ։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Մեզ ցուցադրեցին մի քանի կարճ ֆիլմեր, իսկ վերջում ցուցադրվեց 35 տարի առաջ նկարահանված մի ֆիլմ։ Ֆիլմում ներկայացված էր մի բազմազավակ ընտանիքի պատմություն: Նրանք ունեին 9 երեխա՝ 8 աղջիկ, իսկ վերջում երկար սպասված 1 տղա։ Ֆիլմի վերջին հատվածը նկարահանել էին արդեն վերջերս, ցուցադրելով նույն ընտանիքը, բայց արդեն ֆիլմի երեխաները մեծացել էին ու իրենց ընտանիքներն էին կազմել։ Իսկ վերջում՝ անակնկա՜լ, նրանք բոլորը դահլիճում էին։ Ընտանիքի միակ տղան փոքր ժամանակ հեծանիվ էր ուզեցել, ու քանի որ նա արդեն բավականին մեծ է, հեծանիվ նվեր ստանալու համար, նրա փոխարեն իր տղան ստացավ այն։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Շատ գեղեցիկ էր նվերի հանձման պահը: Հեծանիվը իջեցրին վերեւից։ Ըհն, արդեն ժամանակն է մեզ՝ մասնակիցներին ներկայացնելու։ Բոլորիս հրավիրեցին բեմ։ Հնչում էր փառատոնի հիմնը, որի ներքո բարձրացվեց փառատոնի դրոշը։ Լույսեր, հրավառություն ՝շատ-շատ գեղեցիկ էր։ Հետո Թբիլիսիի մշակույթի տան երեխաները ազգային պարերն ու երաժշտությունը ներկայացրին, որից հետո կինոսենյակ գնացինք, որտեղ պետք է ներկայացնեինք մեր երկիրն ու կազմակերպությունը, ժյուրիին ու մասնակիցներին։ Քանի որ Հայաստանից մեզ հետ մեկ ուրիշ կազմակերպությունից մարդիկ կան, որոշեցինք, որ նրանք կներկայացնեն երկիրը, իսկ մենք՝ մեր կենտրոնը։ Բացումը արեցինք մենք, մեզ ողջունեցին հայերեն «Բարեւ»-ով, ինչ խոսք՝ շատ հաճելի էր։ Մեր խոսքից հետո ներկայացան եւ մյուս բոլոր երկրների ներկայացուցիչ կազմակերպությունները, պատմեցին, թե ինչով են զբաղվում, ինչ ֆիլմեր կամ անիմացիաներ են նկարում։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Ամեն ինչ արված էր, բոլորս արդեն միմյանց ճանաչում էինք, մնում էր ճաշել ու գնալ քնելու։ Ճաշի սեղանի շուրջ ծանոթացա ուկրաինացիների հետ. պատմում էի մեր ավանդական ուտելիքների, մեր ֆիլմերի ու իմ մասին, նույնն էլ՝ իրենք։ Իսկ հիմա սպասում ենք վաղվան, քանի որ մեր ֆիլմերը պետք է առաջինը ցուցադրվեն, հուսանք ամեն ինչ շատ լավ կանցնի։

Անուշ Հովհաննիսյան

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

***

-Ձեզ Մեյդան իջացնեմ՝ լա՞վ ա,- տաքսու վարորդն էր, ով մեզ հասցրել էր Թիֆլիս։

Տաքսուց իջնելուց հետո սկսեցինք շարժվել դեպի «Բաբիլինա» հյուրանոց, որտեղ պետք է մնանք մոտակա մի շաբաթը։ Մենք մեկ օր շուտ էինք եկել Թբիլիսի, ազատ օր ունեինք, ուստի որոշեցինք մեր ազատ օրը անցկացնել զբոսնելով եւ քաղաքին ծանոթանալով։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Քայլում եմ նեղ փողոցներով, որտեղ հանդիպում եմ հին-հին, բայց նոր լուսամուտներով ու դռներով տների։ Ամեն երեք տունը մեկ հանդիպում են եկեղեցիներ։ Դրանցից որոշները հին են, եւ միայն հեռվից նայելուց կարելի է հասկանալ, որ եկեղեցի է։ Որոշներն էլ նոր են կառուցած, բայց թեև այդքան շատ եկեղեցիներին, կան այնպիսիները, որոնք դեռ կառուցվում են։

Թբիլիսիի փողոցներում, այգիներում եւ պուրակներում հանդիպում են օտարազգի մարդիկ, ովքեր միմյանց հետ խոսում են ինձ համար տարօրինկ հնչող լեզուներով։ Կհանդիպեք նաեւ այնպիսի մարդկանց, ում կողքով անցնելիս, պետք է ձեր հայացքը մի լավ բարձրացնեք, որ գոնե դեմքը տեսնեք։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Մի երկու ժամ զբոսնելուց հետո վերադարձանք հյուրանոց, որտեղ տեսանք մեր հայրենակիցներին, ովքեր նոր էին ժամանել։ Ծանոթացանք, զրուցեցինք, նրանք ներկայացնում էին Ռոլան Բիկովի հիմնադրամը։ Միասին նորից դուրս եկանք զբոսնելու գիշերային Թբիլիսիով։

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Վերադարձանք հոգնած ու մրսած, բայց տպավորություններով լի։ Հա, մեկ էլ մոռացա ասեմ՝ էս Թիֆլիսը շատ ցուրտ է ու քամոտ, ու հեչ կապ չունի, որ արեւոտ է։

Դավիթ Ալեքսանյան