Nane Eghiazaryan

Դարձյալ Ամուլսարի մասին

Հիմա գրեթե բոլորը խոսում են Ամուլսարի մասին, ու եթե դեռ երեկ, հասարակության մեծ մասին նույնիսկ չէր էլ հետաքրքրում այդ հարցը,ապա հիմա դա արդեն մտահոգում է բոլորին:

Այդ հարցը ի սկզբանե հետաքրքրել է ինձ ու իմ համաքաղաքացիներին, քանի որ մենք բնակվում ենք Ջերմուկում, իսկ ինչպես գիտենք, հենց առաջին վտանգը մեր քաղաքին ու մեզ է սպառնում:

Երբ դեռ նոր էին որոշում կայացրել հանքի բացման մասին, կային ակտիվիստներ, որոնք արդյունքի չհասան: Հետո Գնդեվազ գյուղի բնակիչները իրենց կամքով վաճառեցին իրենց հողատարածքները, ու ինչպես իմ ծանոթներն են ասում` Գնդեվազը դարձավ «Լաս Վեգաս» կամ «Լոս Անջելես»: Հողերը վաճառելու ու գյուղը բարենորոգելու ժամանակ ոչ մի գյուղացի ձայն չէր հանում, ոչ ոք չէր գնում ու բողոքում, ոչ ոք այդ ժամանակ «չէր հասկանում», որ հողերը վաճառելով օգնում է հանքի բացման գործընթացին:Կային մարդիկ, ովքեր գիտեին, զգում էին ու արտահայտում էին իրենց մտքերը հանքի մասին իրենց ընկերական շրջապատում: Դե այն ժամանակ հեղափոխությունը դեռ չէր եղել, ու մարդիկ վախեցած էին, կամ էլ մտածում էին ոչինչ չի ստացվի: Իսկ հիմա~… Հիմա ամեն ինչ փոխվել է, հիմա անհնարինը դառնում է հնարավոր, ու հիմա գյուղացիները, ու ոչ միայն գյուղացիները, ոտքի են կանգնել:

Ասում են, որ հանքի աշխատանքների կատարման ընթացքում երեք անգամ վնասվել են խմելու ջրի խողովակները: Լավ, մեկ անգամ, երկու, բայց երե՞ք: Ես անորոշության մեջ եմ, մի՞թե հանքում աշխատողները նույնիսկ երկրորդ անգամ խողովակը վնասելուց հետո չհասկացան, որ այդ հատվածում աշխատանքները վնաս են պատճառում ու ավելորդ ծախսեր առաջացնում կազմակերպության համար: Բնակիչները պատմում են, որ հանքում աշխատող մեքենաները ամբողջովին փոշով ծածկված գալիս են քաղաք, (այս տեղեկությունը միայն բնակիչներն են ասում, իսկ ես անձամբ չեմ նկատել) չնայած նրան, որ հանքում ավտոլվացման տեղ կա: Եթե այդպիսի բան կա, ապա դա իհարկե ճիշտ չէ, բայց արդյո՞ք ճիշտ է, որ այն գյուղացիները, ովքեր ոչ մի անգամ նույնիսկ չեն էլ մտածել հանքի ու գյուղի մասին, հիմա են հիշել ամեն ինչի մասին: Արդյո՞ք ճիշտ է, երբ մարդիկ գալիս և մասնակցում են ցույցերին միայն փիարի համար: Արդյո՞ք ճիշտ է, երբ կառավարությունը`ժողովրդավար վարչապետի գլխավորությամբ, մարդկանց հորդորում է բացել ճանապարհը դեպի հանք, և թույլ տալ հանքը հետազոտել, իսկ մարդիկ նորից իրենցն են շարունակում: Բոլորս էլ մտահոգված ենք մեր ապագայի համար, բայց չէ՞ որ այնպիսի հարցերը, որոնցում ոչ միայն Հայաստանն իր գործոնն ունի, պետք է լուծվեն այլ ճանապարհով:

Շատերը կան, որ հեղափոխության ընթացքում, և նույնիսկ վերջնամասում, այդպես էլ չէին միանում շարժմանը, իսկ հիմա հենց նրանք են առաջինը ոտքի կանգնել: Իսկ դա ինչի՞ց է:

Բոլորը մտածում են միայն հանքը փակելու մասին, սակայն ոչ ոք չի մտածում, որ նաև պետք է վստահի իր ընտրած վարչապետին: Ոչ ոք չի մտածում, որ եթե հանքը փակվի առանց հետազոտություններ կատարելու, կստացվի, որ մեր հանրապետության նոր կառավարությանը չի կարելի վստահել, իսկ այդ դեպքում նաև ներդրումներ չեն լինի: Ինչ-որ բան փոխելուց առաջ, և ընդհանրապես, որևէ քայլ անելուց առաջ պետք է մտածել բոլոր հնարավոր հետևանքների մասին, ինչպես շախմատում, իսկ եթե լավ շախմատ չգիտես, ուրեմն մի փորձիր քո գաղափարը պնդել ուրիշներին, և ասել, որ հետևանքները միայն լավն են լինելու: Եթե չես տեսնում ամբողջական պատկերը, ապա պետք է հնարավորություն տաս նրան, ով դա տեսնում է, և դու ինքդ էլ պետք է սովորես հեռուն տեսնել:

Ես գիտեմ, որ սա գրելուց հետո, որոշ մարդիկ կփորձեն ինձ փնովել, սակայն ես միևնույն է, կգրեմ: Ես դեմ եմ հանքի ցույցերին և վստահում եմ իմ վարչապետին: Ես համոզված եմ, որ չաշխատող հանքում ուսումնասիրությունները իրենց ամբողջական արդյունքը ցույց չեն տա: Պետք է շանս տալ նաև կառավարությանը: